«Տեղեկատվությունը կա, կարիքի գնահատումն արված է, մնում է շատ արագ աշխատել». Էդմոն Մարուքյանը Սիրիա այցելության արդյունքների մասին

03/04/2014

Հարցազրույց Աժ պատգամավոր, Քեսաբի հարցով Սիրիա մեկնած պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի հետ

– Պարոն Մարուքյան, Քեսաբի դեպքերից հետո մասնավոր նախաձեռնությամբ մի խումբ պատգամավորներով մեկնեցիք Սիրիա` տեղում ծանոթանալու հարյուրավոր հայ ընտանիքների խնդիրներին, որոնք տարհանվել էին իրենց բնակավայրերից: Ձեզ այնտեղ սպասո՞ւմ էին, և ի՞նչ ազդեցություն ունեցավ այն:
– Ճիշտն ասած` չէին սպասում, լուրջ անակնկալի եկան մարդիկ, որովհետև նախ չունենք ավանդույթ, որ նման իրավիճակներում այդպիսի արագ արձագանք լինի, միշտ աշխատում ենք ձեռնպահ մնալ, բացի այդ, Սիրիան ռեալ պատերազմական գոտի է, որտեղ չի գործում օդանավակայան, չկան տարրական անվտանգության պայմաններ և այլն: Շատ զգացված էին, շատ էմոցիոնալ ընդունեցին և ասում էին, որ զգում են` պետություն ունեն իրենց թիկունքին: Իսկ այսօր Սիրիայում շատ փոքրամասնություններ կան, որոնք տուժում են, սակայն բոլորը չէ, որ իրենց սատար կանգնող պետություն ունեն: Այս առումով շատ եմ կարևորում մեր պետության դերը` ցույց տալու աշխարհասփյուռ հայությանը, որ պետություն ունեն:

– Եթե չլիներ ձեր նախաձեռնությունը, համարժեք քայլ պետության կողմից կարվե՞ր, և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում պետական համապատասխան մարմինների աշխատանքն այս հարցում: Հիշենք, որ երբ հարցն Ազգային ժողովում բարձրացվեց և հնչեց առաջարկ գործողությունների պլան մշակելու վերաբերյալ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ավելորդ է նման բաներ անել, Հայաստանն իրավունք չունի միջամտելու այլ երկրների խնդիրներին:

– Մենք խոսել ենք այդ հարցով պարոն Աբրահամյանի հետ, նա հարցն այլ կերպ էր ընկալել, այդ պատճառով էր նման բան ասել, սակայն, հանդիպման ժամանակ այդ ամենը պարզաբանվեց: Ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանը, ապա միանշանակ է, որ եթե դա էլ չլիներ, ինչ-որ բան արվելու էր: Մեր նախաձեռնությունը դարձավ սկիզբը, որին հետևեցին հետագա քայլերը: Մենք մինչ գնալը հայտարարություն արեցինք, դրանից հետո հանրապետության նախագահը հանդես եկավ հայտարարությամբ Հաագայում, ինչը, ի դեպ, սիրիահայերին շատ էր ոգևորել, և գործողությունները սկսվեցին շատ արագ` մեկը մյուսին հաջորդելով: Միգուցե այցը մասնավոր առումով շատ ավելի արդյունավետ էր, որովհետև, եթե ընկնեինք պաշտոնական ընթացակարգային պրոցեսների մեջ, կարող էր մեկ շաբաթ ձգվել, իսկ մարդիկ կարող էին ցրվել, սիրիական իշխանություններն այդքան հստակ չհայտարարեցին, որ պատրաստ են ինչ-որ բան անել:

– Որո՞նք էին քեսաբահայության բարձրացրած հիմնական խնդիրներն ու խնդրանքը մեր պետությանը:

– Քեսաբահայերը հավատում են, որ հետ են վերադառնալու իրենց բնակավայր, սակայն գիտեն նաև, որ իրենց տները կիսավեր ու թալանված են լինելու: Խնդրում էին, որ աջակցենք իրենց վերադառնալուց հետո վերականգնել իրենց տնտեսությունները: Այս պահին եղած աջակցության մասով ներկայացնում էին առօրյա կարիքները հոգալու խնդիրը: Պատկերացրեք` մարդիկ բնակվում են եկեղեցու, վարժարանների տարածքում, քնում են գետնին և այլն:

.Ձեր այցելությունից հետո հավաքված տեղեկատվության հիման վրա ի՞նչ հստակ գործողություններ են իրականացվել և ի՞նչ արդյունք կա:

-Մենք մեր փաստահավաք այցի արդյունքները փոխանցել ենք բոլոր պետական մարմիններին: Երեկ, օրինակ, սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված միջգերատեսչական նիստ, որին մասնակցում էինք նաև մենք, քննարկվում էր, թե ինչ պետք է արվի: Շատ կարևոր է, որ պետական մեխանիզմը միացել է: Տեղեկատվությունը կա, կարիքի գնահատումն արված է, մնում է շատ արագ աշխատել, գումարներ հավաքել, մտածել դրանք տեղ հասցնելու մասին:

-Սիրիայի նախագահի և մի շարք պաշտոնյաների հետ ձեր պատգամավորական խմբի հանդիպումը շահարկվեց, նաև մեղադրանքներ հնչեցին ձեր հասցեին: Դուք ինքներդ այդ հանդիպումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Մեզ տեղեկացրին, որ նման հանդիպումների հրավերներ կան Սիրիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի և երկրի կրոնի հարցերով նախարարի հետ, և մենք մտածեցինք, որ այդ հրավերները մերժելը չի բխում ո՛չ մեր պետության, ո՛չ մեր ազգային շահերից: Այն, որ սիրիական բանակն է մեր 670 հայ ընտանիքներին հանել այնտեղից, և որևէ մեկը չի զոհվել, չի կարելի չգնահատել: Բոլոր հանդիպումների ընթացքում մեր կողմից բարձրացվել են սիրիահայության, մասնավորապես` Քեսաբի ազատագրման հետ կապված խնդիրները և հնարավորությունները, այլ հարցեր չեն քննարկվել:

– Եթե Թուրքիան նախատեսեր, որ նման աղմուկ կբարձրանա Քեսաբի դեպքերի շուրջ, կգնա՞ր նման քայլի, թե՞ , այնուամենայնիվ, սա հաշվարկված քայլ չէր:

– Կարծում եմ` չէին հաշվարկել, որ այսքան աղմուկ կբարձրանա, որովհետև Սիրիայում արդեն բազմաթիվ քրիստոնյա գյուղեր են դատարկվել, և նման աղմուկ չի եղել: Հնչում է մեղադրանք, թե ինչու Հալեպի դեպքերի ժամանակ նման արձագանք չեղավ մեր կողմից: Նախ` Հալեպի դեպքերի ժամանակ կար մի մոտեցում, որ դա Սիրիայի ներքին գործն է, քաղաքացիական պատերազմ էր, որտեղ բոլորն էին տուժում, բացի այդ, այսպես ակնհայտ չէր Թուրքիայի դերը: Քեսաբի դեպքում լրիվ բացահայտվեց Թուրքիայի ակտիվ մասնակցությունը, և այդ դեպքերը ողջ հայությանը հիշեցրին ցեղասպանությունը: Բնական է, որ մենք սիրիահայության խնդիրը չենք տարանջատում, Քեսաբը միացավ ողջ սիրիահայության փրկության քարոզարշավին, ինչպես և ընդհանրապես այնտեղ տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների խնդրին`ուղղված կրոնական փոքրամասնությունների դեմ:

– Թուրքիան այսօր քեսաբահայերին հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնում, ինչի՞ մասին է դա վկայում:

– Դա թուրքական դիվանագիտության սովորական դրսևորում է, կարող են լինել նման հայտարարություններ, հիմա էլ սկսել են արդարանալ, քարոզարշավ մեկնարկել, որ իրենք «բարի են», զինյալներն են հայտարարում, որ իրենք ոչինչ չունեն հայերի դեմ: Ոչինչ չունե՞ք, դե դուրս եկեք էդ մարդկանց տներից:

– Մենք ականատես ենք լինում մի կողմից թուրքական, մյուս կողմից ռուսական քարոզչամեքենաների խիստ ծայրահեղ դրսևորումներին: Ի՞նչ պետք է անի հայկական կողմը տեղեկատվական դաշտը վերահսկելու առումով:

– Մենք պետք է չտրվենք որևէ կողմի շահարկմանը, պետք է շարունակենք «Save Kessab» քարոզարշավը` օբյեկտիվ տեղեկատվությամբ առ այն, որ հայկական մի ողջ տարածք հայաթափվել է, և Թուրքիան ունի իր ակտիվ մասնակցությունը:

– Իսկ «Save Kessab» նախաձեռնությունն ի՞նչ արդյունք է տալիս, ի՞նչ արձագանքներ կան:

– Կարծում եմ` շատ լուրջ արդյունքներ կան: Այդ քարոզարշավի արդյունքում է, որ բազմաթիվ երկրների պետական այրեր դատապարտել են այս դեպքերը, բացի այդ, բազմաթիվ մարդիկ միացան այս նախաձեռնությանը, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, մեր հայրենակիցներ, որոնք կոտրում են այն տեղեկատվական շրջափակումը, որ այսօր կա աշխարհում, այն կարծրատիպը, որ Սիրիայում ընդդիմությունն ու իշխանությունը պատերազմում են, բայց դա խաղաղ բնակչության դեմ ուղղված չէ, ընդդիմությունը պայքարում է Ասադի ռեժիմի դեմ երկրում ժողովրդավարություն և ազատություն հաստատելու համար:

– Սփյուռքի տարբեր հատվածներում այսօր բողոքի ցույցեր են ընթանում, հայտարարություններ են հնչում: Կարելի՞ է արձանագրել, որ աշխարհասփյուռ հայությունն այսօր Քեսաբի հարցում համախմբված է և ունի մեկ ընդհանուր դիրքորոշում:

– Կարծում եմ` այո: Կա մոտեցում, որ սիրիական հարցում պետք է որոշակի զսպվածություն դրսևորել, այսինքն` չաջակցել որևէ կողմի, ինչի հետ ես ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց մյուս կողմից ակնհայտ երևաց, որ հայությունը միասնական է այս հարցում, և մենք չենք զլանում պաշտպանել մեր հայրենակիցների շահերը:

– Կռվախնձոր հանդիսացող Քեսաբն ի վերջո ի՞նչ ճակատագրի կարժանանա, քեսաբահայությունը հնարավորություն կունենա՞ երրորդ անգամ վերագտնելու իր բնօրրանը:

– Սիրիական լուծումներն արդեն սիրիական ժողովրդի ձեռքում չեն, դա գլոբալ աշխարհաքաղաքական հարց է, և դժվարանում եմ ասել` ինչ հանգուցալուծում կլինի: Համենայն դեպս, եթե Ասադի ռեժիմը տապալվի, համոզված եմ, որ քրիստոնյաներն այլևս այնտեղ չեն մնա, որովհետև շատ ծայրահեղական է այսպես կոչված ընդդիմությունը: Մտավախությունները շատ են: Բայց մեր հույսն այն է, ինչը նաև այնտեղ ենք ասել, որ սիրիական ժողովուրդը երկխոսության միջոցով լեզու գտնի, խաղաղություն հաստատի էդ հողի վրա և շարունակի ապրել, որովհետև վերջին 40 տարիների ընթացքում եղել է մի բանաձև, որի արդյունքում բոլոր փոքրամասնությունները կարողացել են խաղաղ ապրել միասին և զարգացնել իրենց պետությունը:

Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Աղբյուր՝ Ankakh.com

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)