Էդմոն Մարուքյան. Ասադի ռեժիմի տապալումը Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների վերջն է լինելու

30/05/2014

«Վերջին մեկ տարում տեղի են ունեցել խիստ կարեւոր իրադարձություններ, որոնք դարակազմիկ նշանակություն ունեն»,- այսօր՝ մայիսի 30-ին, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Խորհրդաժողովի խորագիրն էր «Սիրիա. Ահաբեկչություն, հայություն, ընտրություն», որին մասնակցում էին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Հնչակյան կուսակցության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը եւ այլք: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ Սիրիայում տեղի ունեցող պատերազմը քաղաքացիական պատերազմ անվանելը սխալ է եւ բնորոշ չէ պատերազմի էությանը, քանի որ Սիրիայում ընթանում է պատերազմ, որի մի կողմն է սիրիական իշխանությունը, իսկ մյուս կողմից խառնված են մեծ պետություններն եւ այլ ուժեր. «Մեկ տարի առաջ դեռ ընթանում էր բազմաբեւեռ աշխարհի ձեւավորում, որն այսօր վերջացել է եւ թերեւս Սիրիայում ընթացող պատերազմը, բոլոր փորձագետների, վկաների վկայությամբ, ընդամենը 10-15 տոկոսն են կազմում այդ պատերազմում հակառակ կողմից Սիրիայի քաղաքացիները, ընդունել է բազմաբեւեռ բնույթ: Դա առաջին բազմաբեւեռ պատերազմն է, որն ընթանում է մեր օրերում»: Պարոն Հարությունյանը համարում է, որ Հայաստանը եւս մասնակից է այդ պատերազմին, քանի որ Սիրիայում է մնացել Մերձավոր Արեւելքում ամենակայացած հայկական համայնքներից մեկը եւ դա կարեւոր է այն պատճառով, որ այդ համայնքները հանդիսանում են արեւմտյան քաղաքակրթական մշակույթի կրողները. «Մեր դիտարկումներով՝ հենց հայության այն հատվածն է, որ լավ առումով, սպասարկում, սնում է մեր արեւմտյան գրեթե բոլոր համայնքները: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես այդ համայնքը հասավ ծայրահեղ վատ վիճակի, դա Քեսաբն է, եւ ընդհանրապես այն, ինչ որ կատարվում է Սիրիայում, այն, ինչ որ կատարվում է արաբական աշխարհում, Արաբական գարնան աշխարհում, դա տիպիկ ցեղասպանություն է, որը կատարվում է այլոց ձեռքերով»: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը Լաթաքիա մեկնած պատգամավորական խմբի անդամ էր, իր խոսքում նշեց, թե դեռ իրենց այցելության ընթացքում, մարդիկ հույս ունեին, որ երեք-չորս օրից վերադառնալու են Քեսաբ, սակայն մինչեւ այժմ մարտերը շարունակվում են եւ վերադառնալու համար դեռեւս պայմաններ չկան. «Որեւէ երաշխիք չկա, որ եթե ազատագրվի Քեսաբը, եւ հայերը հետ վերադառնան, նույն բանը չի կարող կրկնվել, որովհետեւ Թուրքիայի սահմանում է գտնվում, իսկ Թուրքիան նույն Թուրքիան է, ըստ երեւույթին, այս առումով ոչինչ չի փոխվում, այսինքն՝ այդ վտանգները դեռ կան»: Պարոն Մարուքյանը նշեց, որ իրենց պատգամավորական խմբի եւ Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հասկանալի դարձավ, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումը, դա քրիստոնյա փոքրամասնությունների վերջն է լինելու Սիրիայում, որովհետեւ որեւէ տարբերակ չկա, որ նրանք կշարունակեն այնտեղ բնակվել: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Աղբյուր՝ Առավոտ

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)