Ամեն ինչ արվեց, որ Հայաստանը չդառնա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
– Պարոն Մարուքյան, Ձեր կարծիքով` մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության ձևավորման խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ինչո՞ւ ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակն այն մասին, որ Հայաստանն այդ կառույցին պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանների շրջանակում:
– Տպավորությունս շատ բացասական է: Նախ` ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր հրապարակվում այդ նամակը: Եթե նամակն ուղղված է երեք նախագահներին, նրանք ստացել էին, ուրեմն տեղյակ էին բովանդակությանը, բայց ես չհասկացա դրա հրապարակման իմաստը:
– Հավանաբար ցանկանում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՞ն ծանոթացնել նամակի բովանդակության հետ:
– Կարծում եմ, որ ծանոթացրել էին կամ կարող էին ծանոթացնել off record պայմաններում, որովհետև բազմաթիվ հարցեր են քննարկվում նման ռեժիմով:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ նամակը հրապարակավ ընթերցվեց:
– Նախ` ես շատ վատ տպավորություն ստացա այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ պետությունը ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության շահը ստորադասում է ոչ դաշնակից, ոչ ՀԱՊԿ անդամ պետության շահերին: Երկրորդը՝ մյուս նախագահների կողմից, ըստ էության, արձագանքներ, միջամտություն չեղան, որ ըստ էության` մենք այս հարցը չենք քննարկում, և այս հարցն այստեղ գերակա չէ: Եվ իմ տպավորությամբ` այս մարմինը կարող է դառնալ ադրբեջանական շահերը Հայաստանի շահերին գերադասող, եթե չասեմ` սպասարկող մարմին: Եվ եթե համեմատության մեջ դիտարկենք, որևէ պարագայում որևէ դասավորության դեպքում չեմ պատկերացնում, որ եվրոպական որևէ կառույցում նման իրավիճակ առաջանար, եթե, իհարկե, մենք չշեղվեինք եվրոպական ինտեգրացիոն ճանապարհից: Ես հույս ունեմ, որ այս դեպքը և ընդհանրապես այն մթնոլորտը, որ կար այնտեղ, կարող է հիմք հանդիսանալ, որ Հայաստանն ընդհանրապես չինտեգրվի Եվրասիական տնտեսական միությանը՝ միևնույն ժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը:
Այդ համատեքստում ես որևէ կերպ չեմ դիտարկում Ղազախստանի կամ Բելառուսի խնդիրները կամ նրանց հետ ավելի բարձր ռազմավարական և այլ մակարդակներում համագործակցություն ունենալու հարցը: Այստեղ կարևորը Ռուսաստանն է, և մենք պահպանենք Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը: Պարզապես նման պայմաններում, երբ անդամ պետություններից մեկն, ըստ էության, այդ միության մեջ անընդհատ բարձրացնելու է մեզ համար ոչ բարեկամ երկրի շահերի խնդիրը, մենք մեզ այդ միության մեջ չենք տեսնում: Եվ այս քննարկումներն ինձ համար ևս մեկ անգամ վերահաստատեցին այն համոզմունքը, որ Հայաստանի պարագայում եվրոպական ինտեգրացմանն այլընտրանք չկա: Եվ պետք է փորձենք արդեն իսկ բանակցված և պատրաստված վերջնական տարբերակով Ասոցացման համաձայնագիրը հանել դարակից և աշխատել դրա վրա:
– Նախնական զարգացումներն այնպիսին էին, որ Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին պետք է դառնար Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, սակայն Սերժ Սարգսյանն այնտեղ չստորագրեց պայմանագիրը և այն հետաձգվեց մինչև հունիսի 15: Ձեր կարծիքով` ո՞րն է դրա պատճառը:
– Իմ տպավորությամբ` ամեն ինչ արվեց, որ Հայաստանը չդառնա հիմնադիր անդամ, և ըստ էության` մեր անդամակցության հիմնական իմաստը նաև այդքանով կորավ:
– Ո՞վ խոչընդոտեց այդ գործընթացին:
– Չեմ կարող ասել, բայց, բնականաբար, դա եղավ երեք պետությունների համաձայնությամբ: Իմ տպավորությամբ` մեր շտապողականությունը հիմնականում հիմնավորվում էր այն հանգամանքով, որ Հայաստանը փորձում էր դառնալ հիմնադիր անդամ՝ մյուս երեք երկրների հետ հավասարի իրավունքով, ինչը, ինչպես մենք տեսանք, երեկ տեղի չունեցավ ինչ-որ տեխնիկական պատճառներով, որը կարող է 2 շաբաթվա ընթացքում շտկվել և այլն, և այլն: Այսինքն` հիմնադրվեց մի կառույց, որը հետո մեզ հնարավորություն է տալու ասելու` ԱՅՈ կամ Ոչ:
– Այսինքն` նախօրեին Ս. Սարգսյանի չստորագրելու և այն 15 օրով հետաձգելու պատճառն այն էր, որ Հայաստանը չդառնա՞ հիմնադիր անդամ:
– Ես չեմ բացառում, որովհետև այդ երեք երկրները, որքան ես եմ հասկանում, Հայաստանին իրենց հետ հավասար գործընկեր չեն դիտարկում: Եվ դա, կարծում եմ, շատ ցավալի է: Նորից եմ կրկնում, սա ևս մեկ փաստ է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրացմանն այլընտրանք չկա:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի անդամակցությունից հետո Ադրբեջանը Ղազախստանի կամ Բելառուսի միջոցով նորից խանգարի այդ կառույցում մեր երկրի գործունեությանը:
– Տպավորություն կա, որ, այո, ընթացքում էլ անընդհատ կարող են նմանատիպ հարցեր բարձրացվել: Եթե ի սկզբանե, դեռ գործընթացները չսկսված, այդ հարցերը բարձրացվում են, հետագայում էլ կարող են բարձրացվել, և պետք է հաշվի առնել, որ այդ անդամ պետությունները որոշումների կայացման գործընթացներում նաև հնարավորություն կունենան որոշակի որոշումներ կասեցնել, վետո դնել: Պատկերացրեք, որ Ղազախստանն այդ կառույցում անընդհատ կսպասարկի Ադրբեջանի շահերը:
– Իսկ անդամակցելուց հետո նման պարագայում ի՞նչ պետք է անի Հայաստանը:
– Կարծում եմ, որ անդամակցելու պարագայում մենք գոնե պետք է ունենանք մեր պայմանները: Պայմաններ, որոնց պարագայում հայկական շահերը որևէ կերպ չեն ստորադասվելու այլ պետությունների շահերին: Դրանք կարող են լինել, առևտրատնտեսական շահերից սկսած մինչև Լեռնային Ղարաբաղի հարցը և ընդհանուր տարածաշրջանային խնդիրներ:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Տեսանյութեր