«Կարմիր գծերը չեն արդարացրել իրենց Երևանում, չեն արդարացնի նաև աղքատ Վանաձորում». փորձ է արվելու հարցը նորից օրակարգ բերել
Մայիսի 4-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր հարցին, որ Վանաձորում ևս փորձ է արվում ներդնել «կարմիր գծերի» տխրահռչակ պրակտիկան:
«Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի` Տիգրան Մեծի պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշի փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների` Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան: Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իրապես Վանաձորում փորձ է արվելու կարմիր գծեր քաշել և դրանով նույնպես գումարներ հավաքել քաղաքացիներից, ապա ի սկզբանե հայտարարում եմ, որ որպես Վանաձորի բնակիչ և Վանաձորից ընտրված պատգմավոր, դեմ եմ այդ նախաձեռնությանը: Այն չի արդարացրել իրեն Երևանում և միանշանակ չի կարող արդարացնել աղքատ Վանաձորում: Առաջարկում եմ հրաժարվել նշված նախաձեռնությունից` հավելյալ առիթներ չտալով Վանաձորից արտագաղթող բնակչությանը, և կենտրոնանալ քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման վրա»,- գրել էր պատգամավորը:
Վերջինի բարձրացրած խնդիրը ոչ միայն լայն լուսաբանվեց մամուլում, այլև մեծ աղմուկ բարձրացրեց վանաձորցիների շրջանում, ովքեր ևս սոցկայքերի իրենց էջերում կիսվել էին դժգոհություններով:
Օրեր անց` մայիսի 7-ին պարզ դարձավ, որ Վանաձորի ավագանու օրակարգից հանվել է «կարմիր գծերի» հարցը:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Վանաձորի քաղաքապետն ասել է, թե նոյեմբերին հարցը նորից քննարկման է դրվելու. փորձ է արվելու նորից ընդգրկել օրակարգում. «Ես, քաղաքացիները, շահագրգիռ անձինք ամեն ինչ պետք է անենք, որ չընդունվի: Քաղաքի խնդիրները չլուծած` նոր գումարներ գանձելն արդար չէ: Վանաձորն իր դեմքը կորցրել է, մինչդեռ բյուջեի հնարավորությունները թույլ կտային լուծել բազմաթիվ խնդիրներ: Չլուծելով դա` մտածում են բյուջեն լցնելու, ՍՊԸ-ներին հարստացնելու մասին»,- ասաց Է. Մարուքյանը:
Աղբյուր՝ mamul.am
Բաժին: Մամուլ