«Եղբայր, ինչպե՞ս եղավ, որ երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք»

17/05/2015

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջարկում է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել 17.8 դրամով: Ըստ ՀԷՑ-ի տարածած հայտարարության, ընկերությունը մտադիր է հոսանքի գինը ներկայումս գործող 41,85 դրամից դարձնել 58,93` թանկացնելով 17,8 դրամով: Առաջարկվում է գիշերային սակագինն էլ 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ:

Տնտեսագետ  Զոյա Թադեւոսյանն «Ասպարեզի»  հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը, նշեց, որ եթե դա տեղի ունենա,  ապա մեր տնտեսության վրա էական ազդեցություն կունենա:

-Ընդհանրապես, բոլոր տնտեսական ճգնաժամերի հիմքում էներգառեսուրսների թանկացումն է ընկած:  Եթե դիտարկում եք համաշխարհային տնտեսության տեսանկյունից,  ապա բոլոր ամենամեծ տնտեսական ճգնաժամերը, որոնք ավերիչ ազդեցություն են ունեցել երկրների տնտեսության վրա, կապված են եղել էներգառեսուրսների թանկացման հետ: Իսկ մեկ տնտեսության շրջանակներում եւ այնպիսի փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որը սեփական էներգառեսուրսներ չունի՝ նավթի, գազի առումով, բայց եւ էլեկտրաէներգիայի ատադրության առումով որոշակի արտադրական կարողությունների  տնօրինում է, այս պարագայում, նման թանկացումները ոչ միայն տնտեսապես հիմնավորված չեն, այլեւ էական, կործանիչ ազդեցություն կունենան տնտեսության վրա: Այն, ինչ մենք ունենք, կարելի է համարել շատ նվազ տնտեսական հնարավորություններ Հայաստանի համար, սակայն, այդ շատ նվազն էլ միանգամից կդառնա ոչինչ: Առանց էլեկտրաէներգիայի, հնարավոր չէ որեւէ արտադրություն կազմակերպել,-պարզաբանեց տնտեսագետը:

Զ.Թադեւոսյանի խոսքով, բնակչության լայն խավերի համար էլեկտրաէներգիայի սպառումն ունի առաջին անհրաժեշտության ապրանքի նշանակություն, իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, բնակչության լայն խավերի, առնվազն 40 տոկոսն աղքատ են: Զրուցակցիս պնդմամբ, նրանց համար էլեկտրաէներգիայի սպառումն ունի առաջին անհրաժեշտության նշանակություն, ուստի աղքատության սահմանն ավելի բարձր նշաձողերի կգնա, աղքատությունն ավելի կխորանա: Տնտեսության առումով, ասեմ, որ այն ամբողջովին կկանգնի կոլապսի առջեւ:

Ակնարկին, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար ռուսական կողմն Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ եւ 30 մլն  դոլար դրամաշնորհ, իսկ նախնական գնահատականով՝ ՀԱԷԿ-ի արտադրած 1 կՎտ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 2.5 դրամով, զրուցակիցս նշեց, որ ըստ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը կորուստներով  է պայմանավորված:

«Հիմնականում հսկայական կորուստներ են ունեցել: Ե.Զախարյանն ասել է, որ վերջին երեք տարիներին ՀԷՑ-երն ունեցել են 37.6 մլրդ դրամի կորուստներ: Եթե այդպիսի կորուստներ ունեցել են եւ դրա պատճառը նա համարում է անարդյունավետ շահագործումը, սարքավորումների հին լինելը, մարդկանց աշխատանքի պատասխանատվությունը, նրանց` էլեկտրաէներգիայի գողությունը, ապա ես չեմ հասկանում, եթե իրենք վատ են աշխատում, վատ են կառավարում, դրա մեղավորը բնակչությու՞նն է, լայն մասսանե՞րը, տնտեսվարողնե՞րը: Կառավարեք արդյունավետ, եթե չեք կարողանում արդյունավետ կառավարել, դրա արդյունքում պատժում եք սպառողներին, անարդյունավետ կառավարման արդյունքներն էլ սպառողների՞ց եք կորզելու»:

Ըստ Զ.Թադեւոսյանի, եթե նրանք արդյունավետ կառավարիչներ չեն, ապա կարող են դիմում գրել եւ հեռանալ: Տնտեսագետի խոսքով, բնակչության շրջանում մենք բավական խելացի մասնագետներ ունեք, եւ անհրաժեշտ է  թույլ տալ, որ այդ մասնագետներն աշխատեն, որպեսզի երկիրն արդյունավետ կառավարվի:

-Սա միայն էլեկտրոցանցերի անարդյուանվետ կառավարման հետեւանք չէ: Ամբողջ պետությունն է անարդունավետ կառավարվում: Դա կառավարման մի հսկայական շղթա է, որի մի օղակում, եթե խափանում եղավ, շղթան այլեւս դառնում է անարդյունավետ կառավարելի,-եզրափակեց տիկին Թադեւոսյանը:

Ավելացնեմ, որ ՀՀ ԱԺ անկախ պատգամավորԷդմոն Մարուքյանն անդրադառնալով թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը.« Մենք հանդուրժել ու հանդուրժում ենք, որ մեզ թալանեն ու հետո նվնվում ենք, թե մեզ թալանեցին մեր կողքին ապրող մարդիկ… Քանի դեռ չենք ուզում «վատամարդ» լինել, մեզ թալանելու են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, օրեր առաջ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ առաջարկել էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատի համար 58 դրամ, իսկ գիշերայինը` 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով կամ 38 տոկոսով: Հուսով եմ, չեք մոռացել, որ էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ թանկացավ 2013 թվականին եւ սակագինը 30 դրամից դարձավ 42 դրամ: Մի հետաքրքիր փաստ էլ կա ՀԷՑ-ի մասին, Դուք լսե՞լ եք, որ վնասներով աշխատող ընկերությունը միլիարդավոր դրամների բարեգործություն անի… դա ՀԷՑ-ն է: 2013 թվականին թանկացման շուրջ քննարկումների ժամանակ միակ փաստարկը, որը բերվում էր, թե ինչու պետք է բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը այն էր, որ գիտեք ՀԷՑ-ը շատ վատ է կառավարվել, մեծ պարտքեր է կուտակել, վերցրած վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, մեծ կորուստներ ունի, նախատեսված ներդրումները չեն կատարվել եւ եթե չբարձրանա սակագինը, ապա մենք կվտանգենք մեր էներգետիկ անվտանգությունը եւ հովհարային անջատումներ տեղի կունենան: Մոտավորապես նույն փաստարկներն այսօր են բերում եւ կարճ ասած ասվում է հետեւյալը, որ ՀԷՑ-ը մի խումբ մարդկանց կողմից տարիներով անխնա ու անարգել թալանվել է եւ դրա պատճառով մենք` ՀՀ քաղաքացիներս, այդ տարիներով թալանածը պետք է վճարենք կամ կոպիտ ասած պետք է դնենք տեղը»:

Ըստ Է.Մարուքյանի, հիմա հարց է առաջանում. Դա այն է, որ Հայաստանը փոքր երկիր է բոլորը բոլորին ճանաչում են եւ եթե մի պահ կանգ առնենք ու հայացք նետենք այդ ոլորտում մեծահարուստ դարձած մեր քաղաքացիներին, միանգամից ամեն բան իր տեղը կընկնի եւ կհասկանանք, որ թալանն անդեմ չէ:

-Նա ունի հստակ դեմքեր, պատասխանատուներ, բայց մենք տարիներով այդ մարդկանց ճանաչել ենք, այդ մարդիկ մեր աչքի առաջ մեր հաշվին միլիարդներ են դիզել ու մեկս չենք ասել, եղբա´յր, այս ինչպե՞ս եղավ, որ երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք, ինչն ուղղակի չի համապատասխանում ստացված աշխատավարձերին ու օրինական եկամուտներին: Այսինքն, այդ թալանչիները տարիներով թալանել են, իսկ մենք տարիներով տեղյակ ենք եղել, որ նրանք թալանում են ու որեւէ բան չենք արել, որ դա կանգնեցնենք եւ հանդուրժել ենք այնքան, որ հիմա մենք պետք է վճարենք այդ թալանի համար,-նշել է պատգամավորը:

Վերջում նա հավելում է.«Ի՞նչ անել. շարունակե՞լ հանդուրժել այդ թալանը, որ մեկ տարի անց կրկին բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, թե՞ այդ հանցագործության դեմն առնել, պատասխանատուներին հայտնաբերել եւ քրեական հետապնդման ենթարկել, իսկ գողոնը վերադարձնել պետական բյուջե, այսինքն մեզ`ՀՀ քաղաքացիներիս: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ»:

Անահիտ Սիմոնյան

Աղբյուր՝ asparez.am

Բաժին: featured, Մամուլ