Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան
«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը այս շաբաթ քննարկվեց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ: Հիշեցնենք` սա այն օրինագիծն է, որի համաձայն, զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետևանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտասահմանում բուժման կարիք, այդ բուժման ծախսերը, այս օրենքն ընդունելուց հետո, ամբողջությամբ կհոգա պետությունը:
Օրինագծի վերաբերյալ Panorama.am-ի մի քանի հարցերին պատասխանել է օրինագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը.
-Սովորաբար կառավարությունը մերժում է պատգամավորների նախագծերը: Այս դեպքում չմերժեց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպես հեշտ ստացվեց ամեն ինչ: Արդյոք դա պայմանավորվա՞ծ էր նրանով, որ նախագծի համահեղինակներից է նաև Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
-Նախ պետք է ասեմ, որ ոչ մի բան հեշտ չի ստացվում և չի ստացվել երբեք, մինչև կառավարության դրական եզրակացություն ստանալը երկարատև բանակցություններ են վարվել և տարվող աշխատանքի արդյունքում եկել ենք նախագծով նշված ձևակերպմանը: Ավելին, պետք է նշեմ, որ ես բազմաթիվ նախագծեր ունեմ, որոնք կառավարության կողմից ստացել են դրական եզրակացություն և չեն մերժվել: Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծին, ապա Ձեր հարցադրումն առ այն, թե դրական եզրակացություն ստանալը պայմանավորված է անձերի հետ, տեղին չէ քանի, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության մայիսի 21-ի նիստում, որտեղ նախագիծը դեռևս ուներ մեկ հեղինակ, որից հետո իմ գործընկեր Արփինե Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նախագիծը և նա նույնպես կիսելով նախաձեռնության գաղափարը իմ առաջարկով միացել է նախագծին:
-Օրինագծով, պետությունն ամբողջությամբ կհոգա այն զինծառայողների բուժման ծախսերը, որոնք վնասվածք, հիվանդություն կամ խեղում ստացել են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս: Ինչո՞ւ այդպես որոշվեց, ինչո՞ւ այս ցուցակում չեք ընդգրկել նաև այն զինծառայողներին, ովքեր խեղում կամ վնասվածք ստացել են համածառայակցի կամ հրամանատարի վատ վերաբերմունքի հետևանքով:
-Եթե Դուք ծանոթանաք նախագծի նախնական տարբերակին, ապա կտեսնեք, որ մենք ավելի լայն էինք վերցրել թե որ դեպքերի վրա կարող է տարածվել օրենքը, սակայն քննարկումների արդյունքում ինպես արդեն նշեցի եկանք նախագծով նշված ձևակերպմանը: Ավելին, այս պահին մենք չունենք այնպիսի մի դեպք, որով զինծառայողը խեղում կամ վնասվածք ստացած լինի համածառայակցի կամ հրամանատարի վատ վերաբերմունքի հետևանքով և այդ խեղման կամ վնասվածքի բուժումն Հայաստանի բժշկական հաստատություններում անհնար լինի իրականացնել:
-Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ օրինագիծը ընդունվելու դեպքում սկսելու է գործել 2016 թվականից: Ինչ է դա նշանակում, արդյոք այն կտարածվի նաև մինչև 2016 թվականը հիվանդություն, խեղում կամ վնասվածք ստացած զինծառայողների նկատմամբ:
-Ճիշտն ասած չեմ կարող ասել թե ինչու է նման տպավորություն ստեղծվել օրինագծի ուժի մեջ մտնելու հետ կապված, բայց նախագծում հստակ ամրագրված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ թե որ դեպքերի վրա և ինչ կարգով կտարածվի օրենքը դա արդեն կառավարության որոշման կարգավորման առարկա է:
-Ի՞նչ է հաջորդելու այս օրինագծի ընդունմանը` կառավարության որոշումներ լինելո՞ւ են, ի՞նչ հստակեցումներ են անհրաժեշտ:
-Օրինագծի` ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաև ճանապարհածախսի և կեցության գումար հատկացնելու կարգը և պայմանները:
Հարակից հրապարակում`
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը
Աղբյուր` Panorama.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ