Էդմոն Մարուքյան. «Արդար որոշում է կայացվել եւ դա պետք է ողջունել»

18/08/2015

Օրերս Վարչական դատարանը մերժել է Ոստիկանության հայցը ընդդեմ Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, որը բերման էր ենթարկվել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Դատարանի այս որոշումը արտառոց էր, քանի որ նույն օրը բացի Լեւոն Բարսեղյանից, ոստիկանությունը բավականին մեծ թվով ցուցարարների է տարել բաժին եւ վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերը դատարանն ընդունել է: Այս հարցով դատարանը որոշել է մերժել ոստիկանության հայցը: Թե ինչն է այդ արտառոց որոշման պատճառը, արդյո՞ք իշխանությունները որոշել են փոխել գործելաոճը, Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպես մեկնաբանեց. «Պետք է ողջունել, երբ նորմալ արդարադատություն է իրականացվում: Ուրեմն որեւէ իրավական հիմք կամ իրավաչափ նպատակ չի հետապնդել այն գործողությունները, որոնք ուղղված են եղել Լեւոն Բարսեղյանի դեմ: Արդար որոշում է կայացվել եւ դա պետք է ողջունել»: Ըստ Էդմոն Մարուքյանի, լինում են գործեր, որտեղ տեսնում ենք, որ ակնհայտ անարդար դատավճիռ կամ վճիռ է կայացրել դատարանը. «Այդ դեպքերում մենք ասում եւ դատապարտում ենք դա, նաեւ փաստերով ենք ցույց տալիս, որ դատարանը օբյեկտիվ չի եղել: Բայց եթե ունենք լավ օրինակներ, պետք է շատ խոսենք դրա մասին, որ դրանք բազմապատկվեն եւ շատանան: Իսկ թե ինչու է դատարանը որոշել մերժել՝ չեմ կարող ասել»: Մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Վարչական դատարանը պարզապես կանխատեսել է, որ այս գործը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ ՄԻԵԴ-ից արդեն շատ վճիռներ կան ընդդեմ Հայաստանի հանրապետության, դատարանը փորձել է կանխել հերթական հայցը ՄԻԵԴ: Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Հայաստանի դեմ կայացված վճիռներն ամենաշատը չեն Հարավային Կովկասում: Մանավանդ վերջին տարիներին դատավորի փոփոխություն եղավ եւ հայկական գործերը կանգ են առել, ուշացել է քննությունը»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ