Էդմոն Մարուքյանն առաջարկում քրեականացնել ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ կոչ անելը
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը:
«Խնդիրն այն է, որ գործող քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում օրինակ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելու համար, այնինչ այդ բնույթի արարքը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ: Մասնավորապես, համաձայն Անկախության հռչակագրի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Նման գործողություններն ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը և ուղղված են հայ ժողովրդի կամքի դեմ, որն արտահայտվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով՝ հռչակելով Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների անփոփոխելիությունը: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն անփոփոխելի և անքննարկելի արժեքներ են: Իմ խորին համոզմամբ՝ նշված հիմնարար սկզբունքների նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքը հատկապես կարևոր է մեզ նման նորանկախ պետության համար՝ հաշվի առնելով մեր պետականաշինության դժվարին ընթացքը:
2014թ. հուլիսին Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում ավելացվեց հոդված, որը պատիժ է նախատեսում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների հրապարակային կոչեր անելու համար: Ընդ որում, նույն արաքի կատարումը զանգվածային լրատվության միջոցների կամ համացանցի օգտագործմամբ հանցակազմը որակյալ դարձնող հատկանիշ է (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 280.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Տվյալ լրացումը բնականաբար պայմանավորված էր Ռուսաստանում նույն ժամանակ տեղի ունեցող քաղաքական գործընթացներով, մինչդեռ համանման կարգավորման անհրաժեշտությունը մեր երկրում վաղուց արդեն հասունացել է: Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից ։ Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու նպատակով։ Իմ գնահատմամբ՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ամբողջովին համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտահայտման ազատության սահմանափակման կանոններին»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր՝ news.am
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ