Անդրանիկ Նիկողոսյանին մեդալից զրկելու քաղաքական կամք չկա. Էդմոն Մարուքյան
Հայաստանի` Ռուսաստանի կազմ մտնելու անհրաժեշտության մասին հայտարարած Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալից զրկելու քաղաքական կամք չկա ու կա հարցը չսրելու ցանկություն:
Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում` Նիկողոսյանին այդ պատվից զրկելու գրավոր նախաձեռնության կապակցությամբ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանըհայտնել էր, որ որևէ անձի ԱԺ պատվո մեդալից զրկելու իրավական ընթացակարգ Հայաստանում չկա:
«Եթե լիներ նման քաղաքական կամք, ապա անմիջապես կհայտնվեին սահմանադրագետներ և «աժականոնակարգաօրենքագետներ», որոնք կպնդեին, որ Հայաստանում նման իրավական ընթացակարգ կա: Կարծում եմ` այդ պահվածքը պայմանավորված է թեման չսրելու ցանկությամբ, բայց կարծում եմ` միևնույն է` թեման սրվելու է ու շարունակվելու է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Վերջինս գտնում է, որ քանի որ Նիկողոսյանի հայտարարության առիթով Հայաստանում ձևավորվել է հասարակական անհանդուրժողականության, ավելի ճիշտ` պարսավանքի մթնոլորտ և այն մնալու է, քանի դեռ Նիկողոսյանի նկատմամբ համապատասխան պետական բացասական վերաբերմունք չի արձանագրվել:
«Եվ այն պաշտոնյաները, որոնք այս ուղղությամբ քայլ կկատարեն, դրական վերաբերմունքի կարժանան, իսկ որոնք որ ոչ` Նիկողոսյանի հայտարարությունների բեռը ստիպված կլինեն վերցնել իրենց ուսերին»,- ավելացրեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ նա մատնանշել էր Նիկողոսյանին` տրված պատիվներից զրկելու հիմքը, որը, ըստ նրա հայտնի իրավական սկզբունքն է, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով 2002-ին գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն աստիճանազրկվեց գեներալ-լեյտենանտի կոչումից:
Սակայն Արսեն Բաբյանը մեկնաբանել էր, որ այդ նախադեպը դեռ օրենք չէ:
Էդմոն Մանրությանը դեռ պատասխան չի ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ