Նիկողոսյանի լկտի պահվածքն ուղղված է ոչ թե իմ, այլ նրանց դեմ, ովքեր նրան բարձր պարգևների են արժանացրել. Մարուքյան
«Անդրանիկ Նիկողոսյանի լկտի պահվածքն ուղղված է ոչ թե իմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր նրան նման բարձր պարգևներ են տվել, արժանացրել են այդ պարգևներին: Այդ նրանք պետք է մտածեն, թե ում են պարգև տվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Նիկողոսյանի դիտարկումներին, թե Մարուքյանին ավելի հեշտ կլինի զրկել մանդատից, քան իրեն՝ շնորհված պարգևներից:
Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում Նիկողոսյանի հետ բանավեճի բռնվել, ինքը «այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունի», պարզապես նրան պարգևներ շնորհած անձինք, կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն, այլապես «ամբողջ խարանը մնալու է նրանց վրա»:
«Ինքը նման հոխորտանքներով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հասցեին նման հայտարարություններ անելով շարունակում է իր քարոզարշավը, որ Հայաստանը չպետք է անկախ պետություն լինի, որ Ռուսաստանից մեկը հանգիստ կարող է գալ այստեղ ու որոշել՝ ով է պատգամավոր, ով՝ ոչ, ում մանդատից զրկել, ում՝ հակառակը: Բայց ես չեմ մտնելու այս անլուրջ բանավեճի մեջ»,- հավելեց Մարուքյանը:
Ի դեպ, ԱԺ անկախ պատգամավորը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նիկողոսյանը լկտի լինելուց զատ՝ նաև ստախոս է, քանի որ ինքը ճշտել է, որ Նիկողոսյանն այս պահին պաշտպանության նախարարի կողմից նվիրված անվանական զենք չունի:
Հիշեցնենք. երեկ մենք գրել էինք, որ արձագանքելով Նիկողոսյանի հայտարարություններին՝ պաշտպանության նախարարը հետ է վերցրել նրան նվիրված անվանական զենքը: Սակայն Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել էր, թե նախարարը հետ է վերցրել զենքը:
«Նա ստում է, իմ տեղեկություններով՝ այդ անվանական զենքը նրա ձեռքից վերցված է: Այս պահին նա պաշտպանության նախարարի կողմից նվիրված զենք չունի»,- ասաց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Նիկողոսյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ, և այդ հայտարարության համար ընտրված պահը, Մարուքյանի խոսքով, քայլ է՝ ժամանակ առ ժամանակ փորձարկելու մեր ժողովրդի, հասարակության, իշխանության գիտակցության իմունիտետը:
«Նման հայտարարությունները դրան են ուղղված: Այդ անձնավորությունը՝ գուցե նաև ինչ-որ ուժերի դրդմամբ, հորդորով, փորձում է ստուգել՝ արդյոք Հայաստանի ժողովրդի, իշխանության ինքնիշխանության իմունիտետը բա՞րձր է, թե՞ ոչ: Արդյոք մենք կարողանո՞ւմ ենք մեզ պաշտպանել մեր ինքնիշխանության դեմ իրականացված ոտնձգություններից: Սա է»,- ասաց Մարուքյանը:
Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեռ չի պատասխանել Մարուքյանի գրավոր առաջարկությանը՝ Նիկողոսյանին զրկելու 2013 թվականին նրան շնորհված ԱԺ պատվո մեդալից: Մարուքյանն ասաց, որ ԱԺ նախագահը արձակուրդում է: Արձակուրդից կվերադառնա, ու թերևս կլինի գրավոր պատասխանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ