Էդմոն Մարուքյանն ընդդիմադիր գործիչներին առաջարկում է գնալ Վրաստան

27/10/2012

Ըստ Աժ պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանի` վրացական ընդդիմության հաջողության գաղտնիքը հասկանալու համար հայկական ընդդիմադիր ուժերը, հավանաբար, պետք է մեկնեն Վրաստան և ուսումնասիրեն նրանց փորձը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա նշեց, թե որոնք են, ըստ իրեն, այն գործոնները, որոնք նպաստեցին, որպեսզի Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ տանի խորհրադարանական ընտրություններում:

«Վրաստանում տարբեր գործոններ կային, որ մեր իրավիճակում չկային, դա է նախ, և երկրրոդը` նաև Վրաստանի ընդդիմության կազմակերպված լինելը, որը անհամեմատելի է մեր ընդդիմության հետ: Մեր ընդդիմությունը կազմակերպվելու փոխարեն ժամանակ առ ժամանակ պառակտվում է, թե ինչն է մեզ պակասում` չգիտեմ, միգուցե ընդդիմադիր գործիչները գնան Վրաստան և ուսումնասիրեն Վրաստանի փորձը»,-նշեց նա:

Հարցին` պառակտվել ասելով նկատի ունեք «Ազատ դեմոկրատների՞ն», Մարուքյանը պատասխանեց.

«Այո, ինչու ոչ: Ըստ էության, ես չեմ կարծում, որ դա քաղաքական դաշտի կայացմանը նպաստող գործոն է: Ցանկացած կուսակցության, ցանկացած խմբակցության, դաշինքի պառկտում վատ ազդեցություն է ունենում քաղաքական դաշտի վրա` անկախ նրանից դա ընդդիմադիր դաշտո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ իշխանական»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի միջև պայմանավորվածությունը Մարուքյանն ասաց, որ չի կարող ասել` եղե՞լ է, թե՞ ոչ: Նա գտնում է, որ պայմանավորվածությունները պետք է լինեն գրավոր, որպեսզի հասարակությունն էլ իմանա դրանց մասին:

Հարցին, ինչպե՞ս է վերաբերվում պատգամավորը այն հանգամանքին, որ Հովհաննսիյանի փոխարեն մանդատ ստացավ նույն կուսակցության անդամ Թևան Պողոսյանը, որին կարող էր և ժողովուրդը չընտրել, նա նշեց, որ դրա մասին պետք է մտածեն «Ժառանգությանը» ձայն տվողները: Ըստ նրա` առհասարակ համամասնական ընտրակարգը դեռ կայացած չէ, և ինքը դեմ է դրան:

«Ես համամասնական ընտրակարգի հետ կապված շատ լուրջ վերապահումներ ունեմ, երբ որ մարդիկ ընտրում են, ասենք, x մարդուն` համամասնական ցուցակին ձայն տալով, հետո y-ը դառնում է պատգամավոր»,-նկատեց նա:

Նա հայտնեց նաև, որ առաջիկա քառօրյայում, երբ Ազգային ժողովում քվեարկության է դրվելու ընդդիմության կողմից ներկայացված բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ինքը դեմ է քվեարկելու:

«Հիմա Ազգային ժողով է գալիս ընդդիմության կողմից ներկայացվող բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որին ես դեմ եմ քվեարկելու հենց վերոնշյալ հիմնավորումներով: Այսինքն` որ համամասնական համակարգը դեռ այնքան կայացած չէ, որ մենք դրան անցնենք: Մի ուրիշ բան ասեմ, որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, ես իմ ընտրողներին ճանաչում եմ, համամասնական ընտրակարգով ընտրվածները իրենց ընտրողներին ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ»,-հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:

Աղբյուրը` http://www.galatv.am/...

Բաժին: Մամուլ