Ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է և գործադիրի նիստերը չլուսաբանելը հաստատում է այդ փաստը. Էդմոն Մարուքյան

01/02/2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր վարչապետի կառավարման ժամանակ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու Կառավարության որոշմանը, կարծիք հայտնեց, որ դա հակաժողովրդավարական և ավտորիտար ավանդույթներ սերմանող որոշում է։ «Հիմա դրա շրջանակներում մենք բախվում ենք ամեն օր մի նոր փոփոխության, որը հաստատում է, որ Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է և այդ նիստերը չլուսաբանելը հաստատում է այն փաստը, որ կառավարությունն ապագայում որևէ մեկին հաշվետու չի լինելու ոչ մի պարագայում»,-ասաց նա:

– Պարո՛ն Մարուքյան, Կառավարությունն այսօր ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև նոր վարչապետի կառավարման ժամանակ կառավարության նիստերը դռնփակ անցկացնել: Ինչպե՞ս եք գնահատում նման որոշումները, արդյոք դրանով չե՞ն սահմանափակում կառավարության աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

– Առաջին հերթին այդ որոշումը կառավարությունն ընդունում է ժողովրդավարության դեմ, այսինքն՝ դա ամբողջովին հակաժողովրդավարական է ավտորիտար ավանդույթներ սերմանող որոշում է: Կոռուպցիայի կանխարգելման բոլոր տեսակի մեխանիզմները միտված են թափանցիկության և ուստի՝ որքան կառավարությունը թափանցիկ է աշխատում, այնքան մենք կարող ենք ասել, որ նա հաշվետու է, բայց քանի որ ապագայում ո՛չ Կառավարությունը, և ո՛չ էլ վարչապետը հաշվետու չեն լինելու որևէ մեկին և ոչ մի տեղ, ստացվում է, որ խորհրդարանական երկրի այդ ամբողջ պատմությունը, իբր թե ներկայացրած ռազմավարությունը, ամբողջությամբ սուտ է, դա մեծ խաբեություն է եղել: Հիմա դրա շրջանակներում մենք բախվում ենք ամեն օր մի նոր փոփոխության, որը հաստատում է՝ Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է և այդ նիստերը չլուսաբանելը հաստատում է այն փաստը, որ կառավարությունն ապագայում որևէ մեկին հաշվետու չի լինելու ոչ մի պարագայում, կնկարահանեն իրենք, ինչ-որ մամուլի հաղորդագրություններ կպատրաստեն և կտարածեն ԶԼՄ-ներին, կասեն՝ այս է տեղի ունեցել: Իսկ, թե ինչ են խոսել, ով ում հետ ինչ հարցուպատասխան է ունեցել, լրագրողներդ չպետք է իմանաք:

– Պատճառաբանությամբ, ընդհակառակը՝ լրագրողները դեռ կաշկանդում են, որպեսզի ազատ բանավեճ, ազատ քննարկումներ լինեն հարցերի վերաբերյալ:

– Այդ նույն տրամաբանությամբ կարելի է խորհրդարանի նիստերն էլ փակել, որովհետև որքանով խորհրդարանն է քաղաքական մարմին, այդքան էլ կառավարությունն է քաղաքական մարմին և հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե նախարարներն ինչ հարցերի շուրջ են բանավիճում, և ով ինչ մոտեցում ունի, և թե արդյոք կա՞ բանավեճ ընդհանրապես, որովհետև մենք այդ բանավեճի մասին չենք էլ կարող խոսել, չգիտենք կա, թե ոչ, ինչ մնաց իմանանք անկաշկանդ բանավե՞ճ է, թե՞ ինչ: Մենք գիտենք, որ բանավեճ չկա ընդհանրապես և հիմա փակում են դուռը, որպեսզի բոլոր հարցերը ընդունվեն առանց քննարկման:

– Նախագծի հեղինակները հղում են անում միջազգային փորձին՝ Գերմանիա և այլն և ասում, որ շատ երկրներում դռնփակ է, և մենք բացառություն էինք այդ հարցում:

– Բոլոր օրինակներն այլ երկրներից բերված, որ այս կամ այն երկրում այլ կերպ է, դրանք անընդունելի են, որովհետև Հայաստանը չի կարող այլ երկրների հետ համեմատվել կառավարման մոդելի զարգացումների մեջ: Կարող են լինել երկրներ, որտեղ կառավարությունը փակ է աշխատում, բայց այդ երկրներում նախարարները հասանելի կլինեն և հարցերին կպատասխանեն: Մենք ունենք այլ իրավիճակ, ունենք իրավիճակ, որ կառավարությունը փակ է աշխատում և նաև նախարարները չեն պատասխանելու որևէ հարցի, այսինքն՝ բազմաթիվ նմանատիպ խոչընդոտներ են լինելու ապագայում, որ նախարարները ընդհանրապես փախած ման գան ցանկացած լրագրողից, իսկ որևէ տեղ այդպես չի, կամ եթե հանկարծ գտնեք էլ, մի օրենքի հղում կտան և կասեն, որ իրավունք չունենք հարցազրույց տալու, քանի որ հնարավոր է իմ հարցազույցում արտահայտեմ մտքեր, որոնք կառավարության ընդհանուր քաղաքականությանը կհակասեն և, հետևաբար, որպեսզի ես ինքնս ինձ կարողանամ գրաքննել, ավելի զգույշ լինել, ավելի լավ է ես չխոսեմ: Այլապես համեմատություն բերել Գերմանիայի կամ այլ երկրների հետ՝ անընդունելի է, և ես իմ ՀՀԿ–ական գործընկներին նաև խորհրդարանական, կոչ եմ անում, որ այլ երկրներից օրինակներ չբերեն, նույն Գերմանիայում 10 000 դրամով չեն ձևավորել խորհրդարան, հետո նաև Կառավարություն, որ հետո էլ ասեք՝ փակ է, կամ բաց է:

– Պարո՛ն Մարուքյան, ընդդիմությունը նրա համար է, որ զսպի իշխանության ախորժակը, և երբ թույլ է տրվում ընդդեմ ժողովրդավարության մի նախաձեռնություն, ապա մտածում են հաջորդ սահմանափակման մեխանիզմները, և այսպես շարունակ: Այս համատեքստում ընդդիմությունը, ըստ Ձեզ, անելիք չունի՞ նման մտադրությունները կանխելու հարցում։

– Ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունեք, եթե «Ելք» դաշինքին նկատի ունեք, ապա «Ելքը» ատամներով կառչած է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու իր գործին և մենք մեր դերը կատարում ենք և կկատարենք, այսինքն՝ ամեն ինչ կանենք խորհրդարանում, որպեսզի նախագիծն այդ տեսքով չընդունվի: Բայց դուք գիտեք որ մենք ունենք ընդամենը 9 մանդատ, իսկ ես մեր 9 մանդատից դուրս որևէ մեկի մանդատի վրա հույս չունեմ խորհրդարանում:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ օգտվում են ընդդիմության թույլ կարգավիճակից և անում այն, ինչ ցանկանում են:

– Այստեղ խնդիրն ընդդիմության մեջ չէ, այստեղ խնդիրը խորհրդարանական կառավարման մոդելի մեջ է՝ իբրև թե ստեղծված, որովհետև խորհրդարանական այս մոդելը, որ իրենք են ստեղծել, իրենք ամբողջական սահմանադրական մեխանիզմները չեն իջեցնում ներքև. փոխզսպման և հակակշռման իմաստով եմ ասում, և խորհրդարանը չունի լծակներ զսպելու Կառավարության՝ փակվելու այս անհագուրդ ցանկությանը:

– Արդեն իսկ համեմատություններ կան, որ Հայաստանն իր սահմանադրական փոփոխություններով գնում է Ադրբեջանի ճանապարհով և իր քայլերով երկիրը տանում է դեպի ավտորիտարիզմի, թեև ՀՀԿ-ականներն ամեն առիթով մատնանշում են, թե ժողովրդավար ենք, իսկ մեր հարևանները՝ ոչ։ Համակարծի՞ք եք:

– Ես միջազգային հարթակում ունեմ շատ գործընկերներ, իշխանությունների այս քայլերի արդյունքում մենք Ադրբեջանի հետ հավասարվելու ենք արտասահմանում, և միջազգային այլ հարթակներում և խոսելիս այլևս չենք կարողանալու օրինակ համեմատության մեջ ասել, որ մենք Ադրբեջանից առաջ ենք, սա շատ լուրջ հարված է լինելու: Այսինքն, երբ խոսում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության սահմանափակումների մասին, և ասում ենք՝ դուք ձեր միջի խնդիրները լուծեք, հետո եկեք այստեղ մեզ մեղադրեք և այլն, և այլն, այլևս չենք կարողանալու նման բաներ ասել, որովհետև իրենք կասեն՝ մի հատ ձեզ նայեք, ձեր երկրում ընթացող պրոցեսներին նայեք, հետո Ադրբեջանին մատնացույց արեք: Այսինքն՝ հակաժողովրդավարական ցանկացած փոփոխություն հարված է ՀՀ-ի միջազգային վարկին և ՀՀ-ի վարկանիշին որպես միջազգային կազմակերպություններում խաղացողի, և մենք կորցնում ենք լուրջ դիրքեր, դա հետո են հասկանալու և կարծում եմ՝ շատ ուշ կլինի:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ