Կրիպտոարժույթի մայներներն ահազանգում են մոնոպոլացման վտանգի մասին․ Մարուքյանը նախաձեռնությամբ է հանդես եկել

07/02/2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Պատգամավորը հեղինակել է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Կրիպտոարժույթը բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ է, իսկ կրիպտոարժույթի մայնինգը գործողություն է, որի արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքը ստուգվում և գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ։ Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նման նախագծի ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է հրաժարվել «ավելորդ բյուրոկրատիայից» և մայնինգի համար լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել, ինչպես նաև մինչ 2023 թվականը մայնինգի գործունեությունը չհարկել։ Նախագծի մասին «Հետքը» զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ:

Պարոն Մարուքյան, ինչու՞ որոշեցիք նման օրենսդրական նախաձեռնություն հեղինակել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում շատ են անձինք, որոնք թվային տեխնոլոգիաների բնագավառում են աշխատում, այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, և այդ պահանջարկը ծնվել է։ Կային խոսակցություններ, ըստ որոնց` այս ոլորտը Հայաստանում պետք է մոնոպոլիզացվի և առանձին մարդկանց հնարավորություն տրվի սրանով զբաղվելու, ինչի հետևանքով մյուսների համար անբարենպաստ պայմաններ կստեղծվեն։ Այսինքն, եթե մի մասի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում, մյուսներն, ովքեր այդ դաշտում չեն, անբարենպաստ պայմաններում են հայտնվում։

Ուսումնասիրեցինք Բելառուսի, Էստոնիայի, Գերմանիայի, Իսրայելի, Միացյալ Նահանգների փորձը և եկանք այն եզրահանգման, որ պետք է ոլորտն ազատականացնել: Մեր տարածաշրջանի օրինակով կարող եմ ասել. օրինակ` Բելառուսում ազատականացրել են դաշտը, և մենք էլ որոշեցինք մի նախագիծ ներկայացնել, որով մինչ 2023 թվականը ոլորտի գործունեությունը կազատականացնենք։ Մենք ասում ենք` սա նոր զարգացող ոլորտ է, թողնենք թող զարգանա, ցուցանիշներ գրանցի, ապագայում կքննարկենք` ինչպես հարկել։ Սա կլինի լավ ուղերձ ներդրողների համար։ Հակառակ պարագայում, եթե գնանք սահմանափակող ճանապարհով, ինձ հետ հանդիպումներ ունեցած մայներներն ասում են, որ մայնինգի ֆերմաները կտեղափոխեն Վրաստան։ Այս հնարավորությունը խիստ ռեալ է, կարծում եմ՝ իրավունք չունենք այն չօգտագործելու։

Կա՞ ինչ-որ ուսումնասիրություն՝ ոլորտում քանի՞ գործունեություն ծավալող կա: Ասացիք, որ նախագծի գաղափարը ծնվել է նրանց հետ հանդիպումների ընթացքում։

Այո, զբաղվողները շատ են, և եթե ազատ թողնենք, ոլորտը գնալով կզարգանա։ Քանի որ ոլորտը կարգավորված չէ, չեմ կարող թվեր ասել, բայց մենք օրենքով նախատեսում ենք, որ մայնինգի վերաբերյալ հաշվառում իրականացվի։ Ասում ենք, որ Հայաստանում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, և զբաղվելու համար որևէ լիզենցիա անհրաժեշտ չէ: Ուղղակի առաջարկում ենք, որ նրանք հաշվառվեն՝ որպես դրանով զբաղվող մարդիկ։

Պարոն Մարուքյան, եթե կրիպտոարժույթի մայնինգով զբաղվող բավականին թվով մարդ կա, ո՞րն է նախագծի տրամաբանությունը, ինչո՞ւ պետք է օրենքով կարգավորվի, և հետագայում էլ հարկվեն, եթե հիմա կարող են առանց հարկման գործունեություն ծավալել։

Եթե չլինի այս օրենսդրական նախաձեռնությունը, կլինի մեկ այլ նախաձեռնություն, մայներները հիմա մտավախություն ունեն, որ այս դաշտն ուզում են մոնոպոլացնել, այսինքն` նախ հարկել, ապա առանձնացնել որոշ թվով մայներների, ֆերմաներ ստեղծել և վերջիններիս համար առանձին պայմաններ ստեղծել, ինչը նշանակում է, որ մյուսներն, ովքեր այդ դաշտում չեն, ավելի անբարենպաստ պայմաններում կլինեն։ Հետևաբար, այս նախագիծն ուղղված է այսօրվա եղածը պաշտպանելուն, եթե մենք չարձագանքենք, կլինի այլ նախաձեռնություն: Ի դեպ, չեմ բացառում, որ այն, այնուամենայնիվ, լինի, որը կտանի դաշտի սահմանափակմանը։

Մայներների վստահեցմամբ` այս պահին դաշտը մոնոպոլացված չէ, և իրենք գործում են այնպես, ինչպես ցանկանո՞ւմ են։

Այո, իրենք ազատ գործում են այնպես, ինչպես ցանկանում են, և ես էլ հիմա առաջարկում եմ, որ շարունակեն գործել այնպես, ինչպես ուզում են։ Այս նախաձեռնությամբ պաշտպանում եմ իրենց, որ այլ նախաձեռնություն առաջ չքաշվի։

Ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսվում, որպեսզի արդյունավետ գործի՝ մայներների համար հարկային բեռի ավելացում չլինի, տնտեսությունն էլ իր հերթին ներդրումներ ունենա։

Այս պահին հարկման մասին խոսք չկա, պետք է թողնել դաշտը զարգանա, նոր այդ մասին խոսել։ Հինգ տարուց հետո, երբ կունենանք հստակ ցուցանիշներ, թե մայնինգով զբաղվողների թիվն ինչքան է, ինչ ընկերություններ են, կարելի է հստակեցնել` որքան գումար է գանձվել, սակայն նոր զարգացող ոլորտն ի սկզբանե պետք չէ հարկել։

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

hetq.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ