Իմ հոդվածը ո՛չ պաշտոններ ուզելու մասին է, ո՛չ էլ պատասխանատվություն կիսելու. Էդմոն Մարուքյան

05/04/2018

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնում է «Առավոտ» օրաթերթում տպագրված իր հոդվածի վերաբերյալ տարաբնույթ և հակընդդեմ մեկնաբանություններին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկին, որ եթե քաղաքական պատասխանատվություն են ցանկանում կիսել, կարող են դիմում գրել, մեծամասնությունը կքննարկի:

-Պարո՛ն Մարուքյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան լրագրողի հարցի, որ Դուք իրենցից քաղաքական իրավունքներ ու պաշտոններ եք ուզում, ասել է՝ «եթե իրենք զգան, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել և կիսել, թող գրավոր դիմեն, մենք կքննարկենք»: Դուք պատրա՞ստ եք դիմում գրել:

– Քաղաքականության մեջ գտնվող ցանկացած գրագետ, կիրթ մարդ, որը կարդա հոդվածը, որը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում, չի կարող նման հայտարարություն անել:

Վահրամ Բաղդասարյանն այստեղ 2 տարբերակ ունի՝ կա՛մ նա չի կարդացել ու մեկնաբանում է, ինչը ֆրակցիայի ղեկավարի համար խայտառակություն է, կա՛մ կարդացել է ու որպեսզի չանդրադառնա հոդվածում բարձրացված առանցքային խնդիրներին՝ անում է այն հայտարարությունը, որը կապ չունի հոդվածի հետ: Հոդվածը ո՛չ պաշտոններ ուզելու մասին է, ո՛չ էլ պատասխանատվություն կիսելու: Հոդվածն այն մասին է, որ իշխանությունը…

-Պետք է վերահսկվի…

-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջազգային հանրությանն ու Հայաստանի քաղաքացիներին խոսք է տվել պառլամենտական կառավարման երկիր, և վերջին 1 տարվա ընթացքում խորհրդարանի կողմից ընդունված ամեն օրենքի ժամանակ բացահայտել ենք, որ դա մեծ խաբեություն է: Եվ մենք ասում ենք հետևյալը՝ այս պահին երկրին հասցված վնասը շարունակվում է, և այն տրվելու է նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալով, եթե առաջադրվի որպես վարչապետ: Այդ վնասը կարող է վերահսկելի լինել, եթե երկիրը պառլամենտական համակարգի անցնի: Ինքը խոստացավ պառլամենտական համակարգի կայացում, իսկ դրա համար պետք է անել այն, ինչ գրված է հոդվածում: Սրանք նվազագույն պայմաններն են: Պարոն Բաղդասարյանը կարող էր անդրադառնալ քաղբանտարկյալներին և բռնություններին և ոչ թե փորձեր խեղաթյուրել հոդվածը և ասեր՝ թող գրավոր դիմեն, պաշտոնների համար խոսենք: Իրենցից պաշտոն ուզող չկա. Սահմանադրությունից է բխում, որ բոլոր անկախ մարմինների ղեկավար պաշտոններում և նաև կոլեգիալ կառավարում ունեցող մարմինների անդամները պետք է լինեն անկաշկանդ, անաչառ, անկախ մարդիկ, հասարակության կողմից վստահելի մարդիկ: Խոսքը դրա մասին է, որ «Ելք» դաշինքը՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, և քաղաքացիական հասարակության լայն շերտերն իրենց կողմից ներկայացնեն այդ թեկնածուներին և ունենան ձայն: Եվ ոչ թե ասեն՝ դե գիտե՞ք ինչ կա՝ մենք կորոշենք, թե ով կլինի Սահմանադրական դատարանի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը։

-«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ձեր պահանջներն անտեղի են, քանի որ գործող Սահմանադրությամբ ընդդիմությանը նման քաղաքական իրավունքներ վերապահված չեն: Այսինքն՝ «Ելքը» և նաև ընդդիմությունն այդքան վերահսկողական պաշտոններ չի կարող ունենալ:

-Ես Նաիրա Զոհրաբյանին խորհուրդ կտամ վերընթերցել հոդվածը, եթե ընթերցել է ու չի խորացել, թե ինչ նկատի ունեմ։ Այսինքն՝ խնդիրը կառավարման համակարգի մեջ է, որ ով էլ լինի երկրի վարչապետը, չկարողանա երկրին հասցնել այնքան վնաս, որը հիմա հասցվում է: Այսինքն՝ հակակշիռների, անկախ մարմինների անաչառ և վստահելի գործունեության մասին է խոսքը, ինչի արդյունքում կվերանա երկրի թիվ մեկ խնդիրը՝ և՛ քաղաքական, և՛ ամենացածր, և՛ ամենաբարձր մակարդակի կոռուպցիան: Իմ ներկայացված հոդվածի հիմնաքարը սա է: Ես հարց եմ տալիս՝ եթե չունես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ ինչպե՞ս ես պայքարում: Չունես գործող Ազգային ժողով, որն ունի լծակներ, որն ունի հանձնաժողովներ, որոնք անատամ չեն, ինչպե՞ս ես պառլամենտական երկիր դառնում… հենց դա եմ մանրամասն նկարագրել հոդվածումս: Ի դեպ, պայմանները, որոնք ներկայացված են, նվազագույնն են: Եվ եթե մենք քաղհասարակության ներկայացուցիչների հետ աշխատենք, այդ ցանկը կմեծանար: Եվ այստեղ որևէ քաղաքական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն, եթե, օրինակ, «Ելք» դաշինքը քաղհասարակության սեկտորի հետ համատեղ ինչ-որ պլատֆորմ ստեղծի, ինչ-որ անաչառ իրավապաշտպանի ՍԴ-ում պաշտոն առաջարկի, և քաղաքական համաձայնությամբ այդ մարդն ընտրվի Ազգային ժողովի կողմից, ո՞վ է դրա համար պատասխանատվություն վերցնում: Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը: Իրենք, բնականաբար, խոսակցությունը տանում են այն դաշտ, որի մասին խոսում են: Այսինքն՝ անընդհատ պետք է գլուխները մտցնեն գետինը, ջայլամի պես թաքցնեն, թե ինչ է երկրում տեղի ունենում:

-Հոդվածը չէի՞ք քննարկել «Ելքի» Ձեր գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքական իրավունքներ պահանջելու մասով:

-Սրանք քաղաքական ուժի մոտեցումներն են:

-Քաղաքական ուժ ասելով՝ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությա՞ն մոտեցումներն են։

-Միայն «Լուսավոր Հայաստանինը», բայց այստեղ նաև հղում եմ արել «Ելք» դաշինքի հիմնադիր փաստաթղթերին և հայտարարություններին՝ ԱԺ, ՏՒՄ ընտրություններից հետո, որտեղ կա տրամաբանություն, և դա զարգացրել եմ: Կարող է՝ բարդ քաղաքական լեզվով է գրված, չեմ կարող ասել։ Բայց, ըստ էության, եթե հանգիստ գլխով կարդան, թե ինչի մասին է խոսքը… նաև մի բան էլ ասեմ՝ հոդվածն այսրոպեական չէ: Այն երկարատև օրակարգ է:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ