Ռիժկովը Փաշինյանին վիրավորել է ու ասել. «Սա «Մայդան է». ՌԴ եւ ՀՀ պատգամավորների միջեւ թեժ վեճ է եղել

27/04/2018

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել: Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել: Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան»` նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է: «Ի՞նչ գիտես»,- այսպես է արձագանքել ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ բոլորի ներկայությամբ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»: Այս առնչությամբ Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից պարզաբանում խնդրեց: Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում քննարկումից մանրամասներ ասել, սակայն նշեց. «Մենք մեր ասելիքն ասել ենք, եւ դուրս եկել: Քանի որ հանդիպումը Պետդումայի գործընկերների հետ է եղել, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, զրույցը եղել է միգուցե լարված շեշտադրումներով, նպատակահարմար չեմ գտնում քննարկումներից մանրամասներ ասել: Ես եւ պարոն Մելքումյանը ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես ասել եմ՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այն ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, եւ ո՛չ էլ ԵՄ-ի դեմ: Այն ուղղված է երկրում առաջացած արատավոր բարքերի, այս ճահճի, անարդարությունների, կոռուպցիայի դեմ: Եվ ժողովրդի արդարացի իրավունքը պետք է հարգել»: Այլ հարցերի տիկին Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել: Մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ՌԴ պատգամավորների հետ այդ հանդիպման մասին ասաց. «Ռիժկովը վիրավորական արտահայտություններ է արել, իսկ ես կոշտ պատասխանել եմ, ինչ պետք է՝ ասել եմ: Ես վիճել եմ Ռիժկովի հետ: Արտաշես Գեղամյանին նկատողություն արեցի, թե ինչո՞ւ չես արձագանքում: Հետո Բաբուխանյանը սկսեց հետս վիճել: Մի հինգ հոգու հետ վիճել եմ: Ռիժկովին ես եմ ընդհատել, երբ վիրավորում էր, ձայնս բարձրացրել եմ, մեծ վիճաբանություն եղավ: Ընդհատվեց խոսակցությունը: Իրենք մեծ պատվիրակությամբ են եկել՝ հինգը Պետդումայից, հինգը՝ Դաշնային ժողովից: Բոլորն եկել էին ակնարկելու՝ Հայաստանում այսպիսի բաներ չպիտի լինեն: Երբ Ռիժկովն ասաց, թե Փաշինյանի մասին արտահայտած այդ խոսքն իր կարծիքն է, ասացի՝ դա կարծիք չէ, այլ՝ վիրավորանք: Վիճեցինք, պատասխանեցի՝ ինչ պետք էր, ասացի, հետո փափկեցին»: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն ու Հայկ Բաբուխանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Aravot.am

Բաժին: featured, Մամուլ