Քաղաքական առաջին հետապնդվողին ես կպաշտպանեմ. Է. Մարուքյանը՝ Ա. Աշոտյանին
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վերահաստատում է այն հայտարարությունը, որ ՀՀԿ մի շարք անդամներ քաղաքական հետապնդումների ենթարկվելու մասին դիմումներ են ներկայացնում: Ավելին, նման մարդկանց թիվը, Աշոտյանի խոսքով, աճում է:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավաստիացնում է՝ քաղաքական հետապնդումներ չկան, բայց նշում, որ եթե իշխանությունները հետապնդում են ՀՀԿ-ականներին, ոտնահարվում են իրենց իրավունքները, ինքն առաջինն է պաշտպանելու նրանց:
«Քաղաքական առաջին հետապնդվողին ես կպաշտպանեմ: Ես չեմ տեսնում որևէ հետապնդում»,- ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ որևէ բան չի խանգարում Արմեն Աշոտյանին հավաքել բավարար թվով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան:
«Նրանք ունեն այդ հնարավորությունը, իսկ մենք չենք ունեցել: Վերջին հաշվով Աշոտյանը կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կառույցներին»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնում Էդմոն Մարուքյանին նման առաջարկների համար:
«Բարձր եմ գնահատում իր մտահոգությունները։ Կարծում եմ՝ իր պարտավորությունն է, այս դեպքում՝ որպես իշխանության մաս, ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգությունները ու դեպքերը», – նշեց Աշոտյանը:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ