Հայ Ազգային կոնգրեսի ՍԴ դիմելու մտադրությունը վտանգավոր է. Էդմոն Մարուքյան

24/11/2012

Հայ Ազգային կոնգրես խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու մտադրությունը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վտանգավոր է համարում: «Վտանգ եմ տեսնում այդ ամենի մեջ, որովհետև եթե մենք այսօր խորհրդարանական մեծամասնության արած բոյկոտին ասենք սահմանադրական խախտում է, ապա վաղը նրանք, որպես ընդդիմություն, չեն կարողանա բոյկոտ անել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին խորհրդարանական 3 ընդդիմադիր՝ ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը չկայացավ, քվորում չկար: Գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը: Նիստը չկայացավ Հանրապետական և Օրինաց երկիր խմբակցությունների բոյկոտի պատճառով: Խորհրդարանական ընդդիմությունից ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ արտահերթ նիստը բոյկոտելը սահմանադրական խախտում է և պատրաստվում են այդ մասին դիմում ներկայացնել ՍԴ:

Բոյկոտը, Մարուքյանի խոսքով, քաղաքականության մեջ ընդունված գործընթաց է, ինչին նախորդ գումարման խորհրդարանում բավականին հաճախ դիմում էր ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը և նույն հաջողությամբ, որպես Սահմանադրության խախտում, իշխանությունը կարող էր դիմել ՍԴ: 

«Ինչ է եղել, հիմա էլ խորհրդարանական մեծամասնությունն է դիմում բոյկոտի և դրանով նախադեպ է ստեղծվում», -նկատեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորությամբ դեռ չի հասցրել ուսումնասիրել այդ մասով իրավական դաշտը, բայց այս պահին համոզված է, որ արտահերթ նիստի բոյկոտը Սահմանադրական խախտում չէ: «Ես խորությամբ չեմ ուսումնասիրել, բայց հաստատ ուսումնասիրելու եմ անպայման: Այս պահին իմ ունեցած իրավական գիտելիքները ինձ թույլ են տալիս ասել, որ դա սահմանադրության խախտում չէ», -նկատեց Էդմոն Մարուքյանը:

Աղբյուրը` http://www.panorama.am/

Բաժին: Մամուլ