«Մենք ծանոթ չենք, և մեր ճանապարհները ոչ մի անգամ չեն խաչվել, չունեն հատման կետ»

23/11/2012

«Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթը 3-4 տարի առաջ մոտ 900 երևանցիների շրջանում հարցում էր արել, համաձայն որի` ամենաշատախոս պատգամավորը համարվել էր «Ժառանգության» Ստեփան Սաֆարյանը, ամենամռայլը` դաշնակցական Հրայր Կարապետյանը, ամենակենսուրախը` ՕԵԿ-ի Հովհաննես Մարգարյանը։ ԲՀԿ-ական Ռոստոմ Գասպարյանը ճանաչվել էր ամենաանճաշակ հագնվող պատգամավորը, իսկ ամենաճաշակովը` Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ)։
Վերջերս նման մի հարցում ինքս նախաձեռնեցի` նպատակ ունենալով պարզելու, թե ԱԺ-ի նորեկներից ո՞վ է ամենաակտիվը։ Պատահականության սկզբունքով հավաքելով հեռախոսահամարներ, 300-ից ավելի բաժանորդների 60 %-ը նշեց լոռեցի ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ անունը, որը բոլորին անսպասելի, թիվ 30 ընտրատարածքում մեծամասնականով հաղթեց անկախ Հայաստանի օրենսդրական դաշտում յուրօրինակ ռեկորդ սահմանած Վիկտոր Դալլաքյանին։
Տասնյոթ տարվա պառլամենտական «ստաժ» ունեցող Վ. Դալլաքյանը, այնուամենայնիվ, վերադարձավ հարազատ օջախ։ Վերադարձավ նոր և ավելի խոսուն կարգավիճակով` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի իրավունքով, միաժամանակ` որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն ԱԺ-ում։
Ինչպես անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի, այնպես էլ Վիկտոր Դալլաքյանի հայտնվելը հայոց պառլամենտում, անակնկալ էր։ Անհավատալի է և այն, որ այս երկու լոռեցիներն իրար չեն ճանաչել, քարոզարշավին դեմ առ դեմ չեն հանդիպել և միմյանց «բոստանը» քար չեն նետել։ Հիմա Երևանում են։ Ապրում են տարբեր թաղամասերում, ԱԺ-ում` համաձայն սահմանված կարգի, զբաղեցնում են հանդիպակաց «բևեռներ» ու… ի ցավ սրտի, դեռ չեն հասցրել ծանոթանալ։ Նրանց շփման գործակիցն այսօրվա դրությամբ դարձյալ զրո է։ Հուսանք, որ փոքր փակագիծը բարեկամի իրավունքով բացելուց հետո «սառուցյալ օվկիանոսը» մի քիչ կտաքանա։ Իսկ հիմա անցնենք մեր զրույցին։

-Որպես անկախ պատգամավոր, ինչպե՞ս է իրեն զգում պարոն Մարուքյանը նոր միջավայրում, որտեղ կան 129 «կախվածներ»։
-Շատ նորմալ։
-Նորմալ` բարոյահոգեբանակա՞ն, թե՞ ֆինանսական առումով։
-Բոլոր առումներով։
-Չդիտարկե՞նք առանձին-առանձին։
-Ինձ համար ակնհայտ էր, որ, որպես փաստաբան, մասնավորից տեղափոխվելով ժողովրդին ծառայելու պետական սեկտոր, լինելու են տարատեսակ զոհաբերություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Ձեր ակնարկած ֆինանսներին։ ԱԺ-ում ես քիչ եմ վարձատրվում։ Բայց, ինչ արած, ունենք այն, ինչ ունենք։
-Այդ թվում և` ընտրողներին հանդիպելու նպատակով ամսական տրվող 15 հազար դրամը։
-Դա տրվում է որպես ներկայացուցչական ծախս, որպեսզի կարողանանք մեր լիազորություններն օգտագործել։ Այդ գումարով ձեռք ենք բերում նաև թուղթ ու գրիչ, գրենական պիտույքներ։
-Բարոյահոգեբանականին չանդրադարձաք։
-Անդրադարձա մի բառով` նորմալ։
-Հիշում եմ 5-րդ գումարման առաջին նիստը, Ձեր խրոխտ, հպարտ, հաղթածի կեցվածքը։
-Ոչինչ չի փոխվել, հիմա էլ այդպիսին եմ, որովհետև ինձ այստեղ ոչ մի բան չի կաշկանդում։ Աշխատելու եմ իմ տված խոստումները կյանքի կոչել։ Գիտեմ, նոր դաշտ է, որ դեռ չեմ հասցրել ամբողջովին ուսումնասիրել, բայց վստահ եմ` կխորանամ հարցերի մեջ, և ժամանակը ցույց կտա իմ կարողությունների հանրագումարը։
-Ոչ պակաս հպարտությամբ, «բարձունքից» ԱԺ-ի աշխատանքներին է հետևում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը։ Նրա կեցվածք-պահվածքը կաշկանդվածություն չի՞ առաջացնում։
-Ոչ, իսկ ինչո՞ւ պետք է ազդեցություն գործի։ Նա իր գործն է կատարում, ես` իմ։ Նրա անցած ճանապարհը և կուտակած փորձը շատ լավ համընկել են նախագահի ներկայացուցչի դերին։ Ես նույնիսկ մտածում էի, որ նա խորհրդարան կգա համամասնական ցուցակով։ Մենք դրա օրինակներն ունենք։ ՀՀԿ-ական պատգամավորներ կան, որ ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարելու արդունքում մեկը հաղթել է, մյուսը` պարտվել, բայց այսօր երկուսն էլ պառլամենտական են, ինչը ես նորմալ եմ համարում։ Ինչ վերաբերում է երկու վանաձորցիներիս, ասեմ, ըստ էության, մենք մինչև հիմա իրար ծանոթ չենք, և մեր ճանապարհները ոչ մի անգամ չեն խաչվել, չունեն հատման կետ։ Եթե հատվեն էլ, էլի խնդիր չեմ տեսնում։
-Ինչպե՞ս, Դուք միմյանց չե՞ք շնորհավորել։
-Ոչ։ Ես նրանից շնորհավորանքի բառ լսած չեմ։
-Հասկանալի է։ Այնուամենայնիվ, կա մի մեծ հարցական, որ կուզեի ինքներդ մեկնաբանեք։ Խորհրդարանական նախորդ ընտրություններին հանրապետության նախագահը հայտարարեց, որ պաշտպանում է Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը, բայց հաղթեց Վիկտոր Դալլաքյանը։ Այս անգամ Սերժ Սարգսյանն իր հովանու տակ առավ Դալլաքյանին ու հանկարծ… հաղթում է անհայտ, անկուսակցական փաստաբանը։
-Պաշտոնը ոչ մեկի համար ցմահ չէ, և դա պարտավոր ենք բոլորս գիտակցել։ Կարող է գալ մի պահ, որ, անկախ քեզ պաշտպանողների աջակցությունից, ժողովուրդը չընտրի քեզ, եթե, իհարկե, ընտրական համակարգը ճիշտ է աշխատում։ Իմ պարագայում դա գործեց, պլյուս այն, որ թիվ 30 ընտրատարածքն ունի մի շարք յուրահատկություններ։ Կան բաներ, որ ընտրազանգվածը չի ներում։ Հիմա ի՞նչ անենք, որ Դալլաքյանին չեն ընտրել։ Հաջորդ անգամ կարող են և ինձ ձայն չտալ, եթե…
-Եթե Դալլաքյանի գերադրական նախաձեռնությունները բաժանենք նրա խորհրդարանական «ստաժի» վրա, տարեկան ստացվում է 5 նախաձեռնություն։ Հաղթողի կեցվածքը միշտ ձիգ պահելու համար Ձեր մտքով չի՞ անցնում գերազանցել նշածս ցուցանիշը։
-Չեմ պատրաստվում վերլուծելու կամ գնահատականներ տալու նրա կատարած աշխատանքներին, բայց, անշուշտ, պիտի հաշվի առնել ժամանակահատվածը։ 90-ականներին մեր պետությունը նոր էր ձևավորվում, և բազմաթիվ ոլորտներ կային, որ պետք է կարգավորվեին օրենքով։ Հիմա այդ դաշտը խտացված է օրենքներով, կան մեխանիզմներ, գործիքներ և այլն։ Այսինքն, շատ տեղերում այլևս նոր «հեծանիվ» հորինելու անհրաժեշտություն չկա, բացի ընթացքային լրացումներից, «կոսմետիկ» բարեփոխումներից։ Այդուհանդերձ, պատրաստվում եմ հանդես գալու բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով։
-Մի գաղտնիք բացեմ։ Երբ Դուք ելույթ եք ունենում, ամենատարբեր հարցերի շուրջ հարցապնդումներ անում և ցուցաբերում հետևողականություն, Ձեր գործընկերներն ասում են` Վիկտորը խոսեց։
-Նման բան չեմ լսել և չէի ուզենա, որ նման համեմատություն կատարվեր։ Ես իմ ուրույն հետագիծն ունեմ, իմ ընտրած ճանապարհը, և ճիշտ չեմ համարում որևէ մեկի հետ նույնացնելը։ Ես Էդմոն Մարուքյանն եմ և ոչ մեկին նմանվելու խնդիր ընդհանրապես չունեմ։
-Անկախ պատգամավորի աչքերով. Դուք ինչպե՞ս եք գնահատում ներկապնակով հարուստ ԱԺ-ի առօրյան։
-Այնպես չէ, որ լինելով փաստաբան, ես նախորդ տարիներին խորհրդարանական աշխատանքներին անտեղյակ եմ կամ չեմ հետևել։ Համեմատության արդյունքում նկատելի է, որ ունենք քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց նպաստն են բերում ԱԺ-ի աշխատանքներում։ Խայտաբղետ ԱԺ-ն հիմա ավելի ակտիվ է, և բազմակարծության համար պարարտ հող է ստեղծվում։ Քննարկումները, երկխոսություններն ու բախումները, կարծում եմ, տանելու են արդյունավետության։
-Արդյունավետությա՞ն։ Ո՞վ կթողնի։ Ընդդիմությունը գործնականում հարց լուծող չէ, որքան էլ ցանկություն ունենա։ Քաղաքական մեծամասնությունը ցանկացած հարց, անկախ ընդդիմության ըմբոստությունից, բոյկոտից, հեշտությամբ անցկացնում է։ ՈՒնենք, չէ՞, օրինակներ։
-Հա, ճիշտ եք ասում։ Կոալիցիան կարող է ինչ-որ բան անցկացնել կամ արգելափակել, բայց ընդդիմության և այլընտրանքային ԲՀԿ-ի դերակատարությունը չպետք է անտեսել։ Հնարավոր է, չէ՞, որ 67 ձայնով անցած օրինագիծը հետ գա` փոփոխության կամ մշակման ենթարկվի, խմբագրական աշխատանքներ սկսվեն։ Եթե պառլամենտական փոքրամասնության դիտարկումները հիմա չեն ընդունվում, դա դեռ չի նշանակում, որ վաղը նույնն է կրկնվելու։
-Խորհրդարանական բազմազանության մեջ քաղաքական ո՞ր ուժն է Ձեզ համար ավելի առողջ, ընդունելի։ Հայացքների և գաղափարախոսության առումով ո՞ր կուսակցության հետ կնախընտրեք արդյունավետ երկխոսություն ունենալ։
-Առանձնացնելու խնդիր չեմ տեսնում, որովհետև հոգեհարազատությունը հենց բազմազանության մեջ է։ Եթե ես տեսնեի, որ ԱԺ-ում չկա հայացքների, տեսակետների հակադրություն, բախում, շատ լուրջ հիասթափություն կունենայի։
-Իսկ Դուք չե՞ք նկատել կամ հիասթափության պահեր չե՞ք ապրել, որ խորհրդարանական ուժերն արմատական խնդիրները թողած, ավելի շատ բանավիճում են ցուցադրաբար, զուտ բանավիճելու համար, այն էլ` քաղաքական նկատառումներից ելնելով։
-Դա էլ կարող է լինել, չեմ բացառում, մրցավազք է, ժողովրդի աչքին մտահոգվածի, սատարողի կերպարով երևալու մշտական հարց կա։ Բայց եթե նկատել եք, այդպիսի դեպքերում ես հանդես եմ գալիս դիտորդի դերում։
-Չէի ասի, լավ էլ խառնվում եք, և երբեմն առանց հաշվի առնելու հետևանքները կամ Ձեր անվան շուրջ հյուսվող կարծիքները, լոռեցու պարզ միամտությամբ ասում եք այն, ինչ մտածում եք։
-Ես ինձ կեղծել չեմ կարող։
Զրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Աղբյուրը` http://www.irates.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ