«Իշխանությունը պետք է պատճառաբանի՝ ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը»․ Էդմոն Մարուքյան

07/02/2019

Politica.am-ը սուպերվարչապետական կառավարման համակարգի վերափոխման, կառավարման համակարգում փոխզսպման ու հակակշռման մեխանիզմների ներդրման անհրաժեշտության, ուժային կառույցներին նախարարության կարգավիճակ տալու հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանի հետ։

–Պարոն Մարուքյան, նախորդ իշխանությունների կողմից ներդրված սուպերվարչապետական կառավարման համակարգը բարեփոխելու խնդիրն արդեն 1 տարի է՝ քաղաքական օրակարգում է։ Դեռ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, այդ թվում նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում էր կրճատել վարչապետին շնորհված սուպեր լիազորությունները։ Այժմ դուք կրկին պահանջում եք սուպերվարչապետական համակարգը վերափոխել՝ ներդնելով վարչապետի իշխանության վերահսկման ու փոխզսպման մեխանիզմներ։ Կխնդրեի նշել, թե ո՞ր լիազորություններ են, որ ներկայիս վարչապետի ինստիտուտը դարձնում են սուպերվարչապետական ու կոնկերտ ինչպիսի՞ փոփոխություններ եք պահանջում կառավարման համակարգում։

Սուպերվարչապետական համակարգը ավտորիտար կառավարման համակարգ է, և ժողովրդավարական իշխանությունները պետք է բացառեն դրա գոյությունը ժողովրդավարական հասարակությունում: Սուպերվարչապետական համակարգը թուլացնելու է մեր պետական կարգը, պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը: Այն պահից, երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ֊ը, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն ենթարկեցվել են մեկ անձի, մեր երկրում եղել են մարդու իրավունքների շարունակական, համակարգային և զանգվածային խախտումներ։ Նաև այդպիսի համակարգային աղճատումն ու այլասերումն է եղել դատական իշխանության կախվածության հիմնական պատճառը գործադիրից՝ հիմք դնելով Հայաստանում ավտորիտար կառավարման վայրի ձևին։ Մենք առաջարկում ենք, որ մինչև այժմ մեկ մարդու որոշումներից կախված ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը և Պետեկամուտների կոմիտեն դառնան նախարարություններ, ներառվեն կառավարության կառուցվածքում և լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո: Նաև գտնում ենք, որ ԱԱԾ֊ն և ՊԵԿ-ը ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնան, այլև ԱԱԾ֊ից և ՊԵԿ-ից պետք է դուրս բերվեն քննչական մարմինները, որպեսզի խուսափենք գերատեսչական շահերի բախումից: Սուպերվարչապետական համակարգն իրական խորհրդարանական կառավարման համակարգով փոխարինելու համար անհրաժեշտ են այս փոփոխությունները, բայց միայն այդքանով անգամ մենք չենք կարող ասել, որ անցնում ենք լիարժեք խորհրդարանական կառավարման։ Ազգային Ժողովի դերի բարձրացումն ուղղակի այլընտրանք չունի, իսկ եթե մենք այդ ճանապարհով չենք գնում, չենք կարող խոսել խորհրդարանական կառավարման համակարգի մասին։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ․ մայիսի 1-ին վարչապետի թեկնածուի կարգավիճակում պնդում էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը միանշանակ պետք է դառնան նախարարություններ։ Սակայն 9 ամիս որպես վարչապետ պաշտոնավարելուց հետո արդեն հակված չէ այդպես մտածելու, այլ նշում է, որ նախարարություն դառնալու դեպքում այդ համակարգերը կկուսակցականացվեն, դրանց ներքին կայունությունը կխախտվի՝ վտանգելով երկրի ազգային անվտանգությունը։ Մի՞գուցե դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ նա տեսել է այնպիսի խնդիրներ, որոնք դուք, մենք, իշխանության ներսում չգտնվելով, չենք կարող տեսնել։ Արդյո՞ք վարչապետի կողմից մատնանշված խնդիրները չեն կարող իրոք խոչընդոտ հանդիսանալ այդ համակարգերի վերափոխման համար։

Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետը և կառավարությունը մտավախություն ունեն, որ այս քայլով նրանք իշխանությունը կիսում են ինչ-որ մեկի հետ կամ կորցնում են ընդհանրապես: Բայց պետք է ասեմ, որ խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում իշխանությունը կորցնել որևէ մարմնի նկատմամբ կամ էլ կիսել խորհրդարանի հետ: Իշխանության յուրաքանչյուր ճյուղ իր առաքելությունն ունի։ Միևնույն է այդ մարմինների կայացրած որոշումների համար պատասխանատու է կառավարության ղեկավարը: Իշխանությունը պետք է ողջամիտ և հիմնավոր պատճառաբանություն ներկայացնի, թե ինչով է պայմանավորված այս դիրքորոշման փոփոխությունը կամ տրված խոստումի դրժումը։ Կա պարզունակ հակափաստարկ, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ֊ն, ՊԵԿ֊ը դառնան նախարարություններ և հաշվետու լինեն ԱԺ-ին, այդ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ վտանգը սպառնում է պաշտպանության նախարարությանը, կրթության և գիտության նախարարությանը և այլն: Իհարկե՝ ո՛չ: Եվ չպետք է մոռանանք նաև, որ այդ կառույցներում ղեկավարները փոփոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ: Այո՛, 2018 թվականի մայիսի 1-ին վարչապետը տվել է այդ խոստումը և այն պետք է կատարել: Եթե չի կատարվում այդ խոստումը, ուրեմն մնացած խոստումների կատարման մասով էլ կարող ենք կասկածներ ունենալ:

-Վարչապետը նաև նշում է, որ այսպես կոչված ուժայիններին նախարարության կարգավիճակ տալը վարչապետի լիազորությունների սահմանափակման էական խնդիր չի լուծի ու որևէ կերպ չի ազդի խորհրդարանին ու հանրությանը հաշվետու լինելու վրա։ Այսինքն ի՞նչ տարբերություն՝ նախարարություն, թե՞ ծառայություն՝ միևնույն է՝ ենթարկվում է վարչապետին։

Գործադիր իշխանության որևէ մարմին չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Ուստի ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի խորհրդարանական վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է անվերապահորեն գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։ Մենք պետք է ունենանք իրավական լծակներ մեր մատնանշած կառույցները խորհրդարանական պատշաճ վերահսկողության տակ պահելու նպատակով։ Մեր առաջարկների ընդունման պարագայում խորհրդարանական վերահսկողությունից դուրս որևէ մարմին չի մնա, իսկ չընդունվելու պարագայում դեկորատիվ, ձևական, ֆասադային փոփոխություններով մեզ ոչ ոք չի կարող համոզել, որ արդեն այս մարմինները պատճաշ վերահսկողության դաշտում են։

-Եվ վերջում, երեկ ներկայացվեց կառավարության ծրագրի նախագիծը, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ համացանցում, անձամբ ձեր ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-խմբակցության վերաբերմունքն ինչպիսի՞ն է առաջարկված ծրագրին։

Կառավարության ծրագիրն Ազգային ժողովը դեռ չի ստացել: Երբ այն ստանանք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները իրենց վերապահված ոլորտների մասով կուսումնասիրեն, կներկայացնեն եզրակացություններ և առաջարկներ, որից հետո նոր խմբակցությունը հանդես կգա ծրագրի մասին իր դիրքորոշմամբ:

Հարցազրույցը՝ Դերենիկ Մալխասյանի

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Աղբյուր՝ Politica.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ