Կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցի մասին

05/02/2019

Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։
Կարծում եմ, որ տեղի է ունեցել կառավարության կազմավորման կարգի, այն է ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում։ Այդ հոդվածով սահմանվում է կառավարության կազմավորման հստակ կարգ, համաձայն որի՝ իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։ Բնականաբար այստեղ խոսքը գնում է գործող Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով սահմանված կարգով բոլոր նախարարությունների, այն է կառավարության անդամների պաշտոնում նշանակվող թեկնածուների ներկայացման մասին։
ՀՀ վարչապետը չի ներկայացրել բոլոր նախարարների թեկնածուներին, իսկ ՀՀ նախագահը նշանակել է միայն նրանց ում ներկայացրել է Վարչապետը։
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) պաշտպանության նախարարությունը,
12) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
13) սփյուռքի նախարարությունը,
14) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
15) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
17) ֆինանսների նախարարությունը:
Մինչդեռ ՀՀ Վարչապետը ներկայացրել է 2 փոխվարչապետի և 12 նախարարի թեկնածություն։ Այսինքն՝ չի ներկայացվել հինգ նախարարի թեկնածություն, որով թողել է գործող նախարարություններ առանց նախարարների։ Սակայն այդ նախարարությունները և նախարարի պաշտոնները սահմանված են վերոնշյալ օրենքով, որը գործող օրենք է և չկա այլ օրենք, որն այլ բան կսահմաներ։ Այս պահին չկա Կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ նույնիսկ որևէ օրենսդրական փոփոխության նախաձեռնություն։
Կարելի է միայն ենթադրել, որ ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել նրա իրավական հարցերով խորհրդականները, որի պատճառով նա առաջնորդվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, որը սահմանում է այն երաշխիքը, որ պետք է ապահովեր կառավարության բնականոն գործունեությունը։
Համաձայն վերոնշյալ հոդվածի մեջբերված դրույթի՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է Կառավարության անդամների առնվազն 2/3-ը: Այս դրույթը լրիվ այլ հարաբերություն է կարգավորում, որևէ կապ չունի Կառավարության կազմը ՀՀ Նախագահին ներկայացնելու սահմանադրական պարտավորության հետ։ Այն բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ ՀՀ նախագահը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուների վիճարկման հարցով։ Իսկ Սահմանադրական դատարանը թեկնածուներից առնվազն 2/3-ի հարցով խնդիր չի տեսել։ Իսկ մյուս թեկնածուներին անհամատեղելի է համարել այդ պաշտոններում, կամ նրանց թեկնածությունը դեռևս քննարկուման փուլում են։
Այս դրույթը բացառապես երաշխիք սահմանող դրույթ է, որի իմաստը սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար կառավարության բնականոն գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե ՀՀ վարչապետին հինգօրյա ժամկետում կառավարության կազմից ավելի պակաս նախարարների թեկնածուներ ներկայացնելու իրավունք տրամադրելը։
Հիմնվելով վերոգրյալի վրա՝ պետք է փաստել, որ ՀՀ վարչապետը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ իր վրա դրված ուղղակի պարտավորությունը, որի պատճառով խախտվել է ՀՀ սահմանադրության 150-րդ հոդվածի պահանջը։
Վարչապետին հորդորում եմ նախ ազատվել այն խորհրդականներից, որ նման կերպ են մեկնաբանել խնդրի լուծումը։ Ինչպես նաև անհապաղ Ազգային ժողովին ներկայացնել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծ, որը կներկայացնի նոր կառավարության կառուցվածքը, օդում չի թողնի նախարարություններ առանց նախարարների և իր կառուցվածքում կընդգրկի ԱԱԾ֊ն, ոստիկանությունը և ՊԵԿ-ը։

Բաժին: featured