Մարդիկ պատրաստ չեն որևէ փոխզիջման գնալ։ Ջերմուկում մեր հանդիպումները դա են ցույց տալիս

28/08/2019

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք կա լրացուցիչ ՇՄԱԳ անելու անհրաժեշտություն։ Ընդհանրապես հանքի շահագործման և չշահագործման դեպքում ի՞նչ վտանգներ կան։

Առաջինը մենք ենք հայտարարել, որ կասկածելի ձևով ընտրված «Էլարդ» կազմակերպության կասկածելի փորձաքննության եզրակացությամբ հնարավոր չէ մարդկանց բան համոզել և բացել Ամուլսարի հանքը։ Այդ եզրակացությունն արժանահավատ չէ, և այդ անարժանահավատ փաստարկները բերվում էին իբր դրական աուրա ստեղծելու համար։ Կարծում եմ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, որովհետև երկար ժամանակ է անցել, և եթե մենք չենք ընդունում նախորդ իշխանության կողմից կատարվածը, վաղուց պետք է նոր ՇՄԱԳ արվեր՝ առանց անիմաստ 400 հազար դոլար տալու։

Ինչ վերաբերում է նրան, թե Ամուլսարի չշահագործման դեպքում ինչ վտանգներ կան, ապա գիտենք, որ վտանգը Հայաստանի ներդրումային հեղինակության հարցն է և միջազգային արբիտրաժում գործը քննվելը։ Պետք է հասկանալ՝ ի վերջո, նրանք իրավունք ունե՞ն դիմել արբիտրաժ, թե ոչ, և ինչ շանսեր կան։ Միջազգային ներդրումային մեր վարկը, հեղինակությունը կարելի է պաշտպանել՝ փաստարկելով, որ Հայաստանում հեղափոխություն է եղել, և այն փոփոխությունները, որոնք արվում են, դրա շրջանակներում է, որ տնտեսության մեջ այդպիսի խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ նախկինում տրված թույլտվություններ կարող են լինել, նախկինում տված մոնոպոլիաներ կարող են լինել։

Մյուս ֆունդամենտալ բանն այն է, որ պետք է հասկանալ վնասների հարցը։ Քանի որ վնասների հետ կապված արդեն բազմաթիվ գիտնականների կարծիքներ ենք լսել, ակնհայտ է, որ անսահման մեծ ազդեցություն է ունենալու տարածքի Ջերմուկի, Վայոց Ձորի և ամբողջ հանրապետության բնական պայմանների վրա։ Դա լուրջ խնդիր է, և մարդիկ պատրաստ չեն որևէ փոխզիջման գնալ։ Ջերմուկում մեր հանդիպումները դա են ցույց տալիս։

Որքանո՞վ եք տրամաբանական համարում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարցը հանձնարարել Շրջակա միջավայրի նախարարությանը, երբ նույն նախարարությունն է Ամուլսարի շահագործման թույլտվություն տվել։

Այո, այստեղ խնդիր կա, թե ինչպես է նույն նախարարությունը նոր ՇՄԱԳ անելու, բայց կարծում եմ, որ իշխանությունը կարող է նաև լուրջ փորձագետներ ներգրավել նոր ՇՄԱԳ-ի իրականացման գործում և անել անաչառ ՇՄԱԳ։ Ինչ վերաբերում է նրան, որ նույն նախարարն է աշխատում, ապա եթե պարզվի, որ նոր ՇՄԱԳ-ով այլ բան է տրվում, կարծում եմ՝ նախարարը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։

Հանքի շահագործման դեպքում կլինի իշխանության վարկանիշի անկո՞ւմ։

Ես սոցիոլոգ չեմ, չեմ կարող ասել և չէի ցանկանա ընդհանրապես վարկանիշների դաշտ մտնել։ Որովհետև պետական կառավարման գործում եթե կառավարիչն ամեն անգամ վազի վարկանիշի հետևից, ուղղակի չի կարող երկիրը ղեկավարել։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ վարկանիշի հարցն արդիական է, 4.5 տարի դեռևս կա մինչև հաջորդ ընտրություններ։

Աղբյուրը՝ Lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ