Ունենք ռեակտիվ պրոցեսներ. անհրաժեշտ է վարել պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն. Մարուքյան

29/08/2019

«Մինչև հեղափոխությունը մենք դիվանագիտական շատ լավ ձեռքբերումներ ունեցանք։ Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ երկիրն է, որ ՆԱՏՕ-ի հետ ունի այդքան խորը համագործակցություն։ Մենք Եվրասիական տնտեսական միության միակ անդամ երկիրն ենք, որ ունենք Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագիր»,-այսօր դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների համաժողովի ժամանակ ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Խոսելով խորհրդանշական դիվանագիտության մասին, Մարուքյանն ասաց, որ ունենք ռեակտիվ պրոցեսներ, սակայն անհրաժեշտ է վարել պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն։

«Մենք ՀԱՊԿ-ի, ԵԽԽՎ-ի , Եվրոնեստի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ֆորմատներում ակտիվ սպասում ենք, որ եթե մեր դեմ նախաձեռնություն լինի լծվենք այդ գործին, դրա դեմ պայքարենք, հերոսաբար մի բան անեք, որ այդ բանաձևը չընդունվի ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի։ Բայց ես կարծում եմ, որ պետք է ներգրավվենք համաեվրասիական, համաեվրոպական, համանատօական բոլոր թեմաների մեջ, և մեր խոսքն ասենք այնտեղ, կապ չունի, որ հարցը կարող է Արցախի կամ Հայաստանի հետ կապված չլինել»,-շեշտեց Մարուքյանն ու ավելացրեց, որ Հայաստանը պետք է իր խոսքն ունենա, երևա, գործընկերներ ձեռք բերի և եթե ինչ-որ մեկը ցանկանա ինչ-որ բանաձև նախաձեռնել, Հայաստանն ոչ թե ծանոթներ փնտրի , այլ արդեն իսկ ընկերներ ունենա։
«Կարծում եմ այսօր կա այդ հնարավորությունը, խորհրդարանի պատգամավորների ունեցած կարողությունները թույլ են տալիս, որ կարողանանք ունենալ պրոակտիվ խորհրդարանական դիվանագիտություն»,-նշեց ԼՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով, արտասահմանում, երբ ասում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, գործընկերները հարցնում են, թե ժողովրդավարական ինչ բարեփոխումներ են իրականացվել։

«Մենք պրոդուկտները պետք է այստեղ գեներացնենք, ստանանք, որպեսզի մեր դեսպանները կարողանան արտերկրում «վաճառել»։ Այս պահին դրա հետ կապված մեծ հաշվով բան չկա, կարող ենք պատմել՝ ինչպես եղավ հեղափոխությունը, բայց դրանից հետո դատական և այլ ռեֆորմներն ինչ եղան՝ ասելիք չկա։ Սա խորհրդարանականներիս տնային աշխատանքն է, որպեսզի մեր դեսպանները այդ ժողովրդավարության տակ կարողանան պատմել, թե ինչ է արվել, արվում»,-ընդգծեց Մարուքյանը։

 

Աղբյուրը՝ pastinfo.am

Բաժին: featured, Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր