Էդմոն Մարուքյան. Նազարբաեւի հայտարարությունը ապացույց է՝ եվրոպական ինտեգրացմանը այլընտրանք չկա

30/05/2014

«Ես տպավորություն ստացա, որ Եվրասիական տնտեսական այդ նորաստեղծ միությունը, ըստ էության, ադրբեջանական շահերը սպասարկող կառույցի է վերածվում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 29-ին, Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ բերած պայմանին, հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանը նշեց, որ կարծում է՝ շատերն են նման տպավորություն ստացել, քանի որ բարձրացվել է մի երկրի շահը մյուսից, այն դեպքում, երբ Հայաստանը Ղազախստանի հետ անդամակցում է ՀԱՊԿ-ին. «ԱՊՀ շրջանակներում ավելի սերտ հարաբերություններ եւ փոխգործակցություն կա Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջեւ, եւ այս առումով այդ միությանն անգամ անդամակցության ցանկություն չհայտնած պետության շահերը գերադասել Հայաստանի Հանրապետության շահերից եւ նման հայտարարություններ անել բարձրագույն խորհրդի նիստում, անընդունելի է: Եվ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ կառույցը, ըստ էության, Ադրբեջանի շահերն ավելի շատ է դիտարկում, քան այն պետությունների շահերը, որոնք անդամակցում են կամ պատրաստվում են անդամակցել»: Պարոն Մարուքյանը կարծում է, որ կատարվածը եւս մեկ ապացույց է, որ եվրոպական ինտեգրացմանը այլընտրանք չկա: Նա հույս հայտնեց, որ տեղի ունեցածը եւ Հայաստան փոխանցված տպավորությունները հիմք կհանդիսանան, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիան կասեցվի, հավելելով, որ որեւէ պարագայում չի պատկերացնում Եվրոպական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացի ընթացքում նման խոսակցություն եւ քննարկումներ. «Խնդիրը Ղարաբաղի մեջ չէ, Ղարաբաղը ի սկզբանե այդ հարցի մեջ մտած չի եղել, եւ պարզ է, որ Ղարաբաղը մեզ հետ չենք մտցնելու, բայց այդ հարցն այնտեղ շահարկելը ակնհայտ խոսում է, որ Ադրբեջանի շահն է այստեղ առաջնային դիտարկվել, եւ այս առումով կարծում եմ, որ տեղի ունեցածը եւ այդ տպավորությունները, որոնք փոխանցվել են Հայաստան, հիմք կհանդիսանան, որ կկասեցվի մեր ինտեգրացիան այդ կառույցին, իմ հույսը դա է, որ մենք չանդամակցենք այդ կառույցին»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Աղբյուր՝ Առավոտ

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ