Մարուքյա’ն ջան, դու Հայաստանում կազինո գնացած կա՞ս. բանավեճ` ԱԺ-ում

04/06/2014

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննվում էր ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած` «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:   Պատգամավորներն առաջարկում են ավելացնել վարչարարությունը խաղամոլների հանդեպ, որովհետև բազմաթիվ խաղամոլների ընտանիքներ հայտնվել են սոցիալապես ծանր վիճակում, ընտանիքները քայքայվում են:   Նշենք, որ օրենքով մինչև 21 տարեկան անձը չի կարող մտնել խաղատուն և այնտեղ խաղադրույքներ կատարել, հակառակ դեպքում` 200 հազար դրամ տուգանք է վճարում: Պատգամավորներն առաջարկում են խաղատուն մտնելուց առջ ստուգել անձի անձնագիրը և այն լիազորագիրը, որը պետք է տրամադրի ֆինանսների նախարարությունը: Այսինքն` խաղատուն այցելել ցանկացող անձը պետք է ունենա այդ լիազորագիրը:   ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հարց ուղղեց, թե այդ ո՞ր մի խաղամոլն իր հոժար կամքով կգնա ֆինանսների նախարարություն և կվերցնի թույլտվության փաստաթուղթը:   Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ, քանի որ խաղամոլները շատ դեպքերում ալկոհոլի ազդեցության տակ են գնում խաղատուն, շատ հնարավոր է, որ ընտանիքի անդամների ճնշման ներքո նա գնա ֆինանսների նախարարություն և վերցնի այդ փաստաթուղթը: Հնարավոր է, որ իր կամքով էլ վերցնի: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նման փորձ կա ԱՄՆ-ում, Կանադայում:   ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց, որ խաղամոլի հարազատները դիմեն ֆինանսների նախարարություն և վերցնեն այդ թույլտվությունը, ինչին հակադարձեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` նշելով, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է: «Զոքանչն իրավունք չունի խաղամոլ փեսայի իրավունքները սահմանափակել»,- ասաց նա: Քոքոբելյանն առաջարկում էր հստակեցնել օրենսդրական նախաձեռնությունն այնպես, որ կառավարության ներկայացուցիչը չգնա ու մարդկանցից պահանջի ցույց տալ անձնագիրը:   «Մարուքյա’ն ջան, դու կազինո գնացած կա՞ս: Դու հասկանում ե՞ս ինչ է նշանակում` տեսուչը գնա կազինո ու ստուգի փաստաթղթեր: Դա շատ վտանգավոր բան է, թեև օրենսդրական նախաձեռնությունը շատ լավն է»,- ասաց Քոքոբելյանը: 

Աղբյուր` yerkir.am

Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ