Էդմոն Մարուքյանը նոր ստեղծվելիք կուսակցության մասին
Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր կուսակցություն եք ուզում հիմնել։ Ո՞րն է նպատակը, արդյոք բավարա՞ր չէին մինչև հիմա գոյություն ունեցող կուսակցությունները։ Ինչո՞վ կառանձնանա այս մեկը։Նոր դեմքերով, նոր մշակույթով, նոր հռետորաբանությամբ, նոր խոսքով, նոր մեթոդներով։ Այն մտադիր ենք իրականացնել այնպիսի մարդկանց միջոցով, որոնք այս արժեքները կիսում են։ Իսկ այդ մարդիկ այսօր իրենց շատ հեռու են պահում մեր քաղաքական դաշտից, այսինքն՝ այդ մարդիկ այսօր կենտրոնացած են բիզնեսում, ակադեմիական միջավայրում և ՀԿ սեկտորում։ Հիմնականում իմ փնտրտուքներն այդ երեք սեկտորներում են։Մինչ հիմա էլ փորձեր արվել են նոր մշակույթ, արևմտյան արժեքներով ուժեր ստեղծել, բայց մենք խնդիր չունե՞նք մեր հասարակության պատրաստվածության հետ, որտեղ մի մեծ հատված ռուսամետ է։Ես որևէ կերպ մարդկանց չեմ բաժանելու ռուսամետների ու արևմտամետների։ Ես` որպես խորը ժողովրդավարական պրոցեսների, մարդու իրավունքների ու ազատությունների կողմնակից, խնդիրներ եմ տեսնում Ռուսաստանում կառավարման համակարգի, մարդու իրավունքների ու ազատությունների հետ կապված, բայց ռուս բարեկամ ժողովրդի հետ կապված որևէ խնդիր չկա, հետևաբար ռուսամետների ու արևմտամետների բաժանումը մեծ հաշվով արհեստական է։ Բաժանումը կարող է լինել հետևյալ կերպ` ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներն ընդունող և այդ արժեքները մերժող ու դրանք կեղծ դավանող քաղաքական ուժեր և մարդիկ:Նոր քաղաքական ուժ ձևավորելու գաղափարը ծնվել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մտադրություն հայտնելուց հետո։ Իսկ մինչ այդ նոր քաղաքական մշակույթի, նոր ընդդիմության անհրաժեշտությունը չկա՞ր։ԵՏՄ-ի պայմանագրի քվեարկությունը լակմուսի թղթի պես բացահայտեց և ակնհայտ դարձրեց Հայաստանի քաղաքական համակարգի սնանկությունը։ Մինչև այդ հանգրվանին հասնելը Հայաստանի քաղաքական համակարգում բոլորն էլ խոսում էին ԵՄ հետ ասոցացման մասին, քանի դեռ չկար ճնշում, չկար վտանգ առաջանալու հնարավորություն։ Բայց երբ դա առաջացավ, ակնհայտ երևաց, որ քաղաքական դաշտի խաղացողների հիմնական մասը, խոսելով եվրոպական ասոցացման մասին, այդ արժեքներին չէին հավատում, որովհետև եթե դու արժեքներին հավատաս ու գաղափարների հետևից գնաս, որևէ բան քեզ հետ չի կարող պահել։ Ստացվեց, որ այդ ժամանակ ձեռնտու էր ԵՄ-ի հետ բանակցել, ստանալ որոշակի աջակցություն այնտեղից, քանի դեռ մեր ռուսական գործընկերները դրան դեմ չէին։ Բայց երբ դրան դեմ եղավ ռուսական կողմը, մեկ օրում բոլոր եվրոպամետներն ու ժողովրդավարության ջատագովները դարձան ԵՏՄ-ամետներ և սկսեցին պնդել, թե երբեք էլ եվրոպամետ հայտարարություններ չեն արել և ժողովրդավարական արժեքների անկման վտանգ չեն տեսնում ԵՏՄ անդամակցության մեջ։ Եթե սա նորմալ էր իշխանության տեսակետից, որտեղ իշխանությունը կարող է իրեն նման բաներ թույլ տալ՝ ելնելով իշխանությունը պահելու պրագմատիկ ցանկությունից, բայց որ նույնն արեցին ոչ իշխանական ուժերը, դա արդեն, ըստ էության, լուրջ զարմանքի ու հիասթափության տեղիք տվեց։ Դա ցույց տվեց, թե ինչպիսին է մեր քաղաքական համակարգը։ Մենք ունենք մի մեծ պրոետմական մի ուժ և այդ ուժին ընդդիմացող մանր-մունր բազմաթիվ պրոռուսական և ԵՏՄ-ական ուժեր։ Այսինքն՝ այդ համատեքստում ակնհայտ դարձավ քաղաքական դաշտի բալանսավորման անհրաժեշտությունը, քանի որ քաղաքական և գաղափարական մրցակցության այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհը նշանակում է եղած բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ, որ զամբյուղը վայր ընկնելիս կոտրվեն բոլորը ձվերը։ Եթե քաղաքական դաշտը լինի բալանսավորված, ով էլ գա իշխանության, պրոռուսական, պրոետմական թե պրոարևմտյան ուժ, նա պետք է այդ բալանսավորումը հաշվի առնելով իր քաղաքականությունը վարի։ Դրանից միայն շահելու է Հայաստանի Հանրապետությունը։Մի կողմից Սերժ Սարգսյանը հավատարմության ելույթներ է ունենում ԵՏՄ-ի շրջանակներում, մյուս կողմից ակտիվ բանակցություններ են վարվում ԵՄ-ի հետ, նաև առևտրի պայմանագիր են կնքում ԱՄՆ-ի հետ։ Այս բոլոր գործընթացներն արդյոք նշանակում են, որ իշխանությունն ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը և փորձում է բալանսավորել իրավիճակը՝ քվեներ ստանալով թե Ռուսաստանից, թե Արևմուտքից։Շատ ճիշտ նշեցիք, որ իշխանությունը փորձում է ԵՏՄ անդամակցությունից հետո վերականգնել նախկին քիչ թե շատ բալանսավորված վիճակը, փորձում է բոլոր կողմերի հետ պահել լավ հարաբերություններ և մինչ ԵՏՄ անդամակցության պահը ԵՄ-ի հետ ունեցած ձեռքբերումները պահպանել, գոնե հետ չգնալ։ Սրա մասին ես բազմիցս ասել եմ, որ գոնե պետք է եղածը պահել, եթե չենք կարողանում զարգացնել, ինչը նախատեսվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելուց հետո։ Այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ ինչքան էլ իշխանությունը փորձի բալանսավորված քաղաքականություն վարել, եթե խորհրդարանում նման քվեարկության ժամանակ 131-ից միայն 7 մարդ է այլ կարծիքի, դա արդեն լուրջ խոչընդոտ է յուրաքանչյուր իշխանության համար, որը փորձում է այդ բալանսավորված քաղաքականությունը վարել։ Այս իրավիճակում հաջողություննեը լինելու են այնքանով, որքանով քո քաղաքական համակարգն է բալանսավորված։ Իսկ այսօր մեր քաղաքական համակարգն ընդհանրապես բալանսավորված չէ։ Նման պայմաններում դու չես կարող Արևմուտքի ու Ռուսաստանի հետ այնպիսի դասավորություն ստանալ, որ ցույց տաս, որ մենք երկրի ներսում ունենք այդ երկու ուղղությունները պաշտպանող քաղաքական ուժեր։ Ավելին՝ ԵՏՄ գործընկերները կարող են ասել, որ երբ ձեր խորհրդարանում վավերացնում էիք ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը, 95 տոկոսով բոլորը կողմ էին, և այս առումով կարիք չկա որևէ կերպ կաշկանդվելու, և դուք էլ կարող եք լինել Բելառուսի պես մի երկիր, քանի որ ժողովրդավարական կամ այդ եվրոպական արժեքները ձեզ մոտ ոչ որևէ քաղաքական ուժ պաշտպանում է, ոչ էլ ձեր քաղաքացիներն են դրա ջատագովները, ոչ էլ դուք ինքներդ։ Կաշկանդվելու կարիք չկա, կարելի է գնալ ասենք ղազախական ճանապարհով, կազմակերպել նախագահական ընտրություններ ու հավաքել 97 տոկոս ձայն։ Կարճ ասած, բալանսավորված քաղաքականություն վարելու փաստարկներ այսօր չեն կարող բերվել, քանի որ ՀՀ քաղաքական համակարգում չկա այդ բալանսը, կա միայն գորշ միատարրություն։Պարոն Մարուքյան, այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը բնորոշում են ստագնացիոն։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչև հաջորդ համապետական ընտրություններ Հայաստանում բեկումնային իրավիճակ լինի՝ հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիան է թանկանում, և հանրությունը կարող է լուրջ ընդվզում ցույց տալ, թե՞ դրա նախադրյալները չկան։ Ձեր կուսակցությունը կպատրաստվի հաջորդ ընտրությունների՞ն, թե քայլեր կարվեն մինչև այդ ընտրությունները։Այն քաղաքական ուժի մասին, որի մասին մենք խոսում ենք, միանշանակ պատրաստվելու է հաջորդ ընտրություններին։ Այսինքն՝մենք ազնիվ ենք լինելու մեր ընտրողների հետ և չենք ասելու բաներ, որոնք այս պահին անհնար է իրականացնել։ Գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք մտնում են քաղաքական պայքարի մեջ, անմիջապես հայտարարում են, որ հիմա իշխանափոխություն են իրականացնելու, անգամ նշում են իշխանափոխության օրն ու ժամը։ Ընդդիմության 25 տարվա տրորված արահետով մենք չենք գնալու, դա անիմաստ, չհաջողված, ձախողումների ճանապարհ է։ Ես չեմ տեսնում, որ հիմա կարող է բեկումնային իրավիճակ ստեղծվել, եթե արտաքին ինչ-որ իրադարձություններ չլինեն։ Կարծում եմ՝ քաղաքական դաշտը կսկսի ակտիվանալ տեղական ընտրություններին ընդառաջ, իսկ դա 2016 թվականին է, և մինչև 2017 թսվականը բավականին վերադասավորումներ կլինեն, որը քաղաքական համակարգը կնախապատրաստի արդեն խորհրդարանական ընտրություններին։ Այս առումով, երբ, բնականաբար, կսկսվի մեր հրապարակային գործունեությունն արդեն թիմային մակարդակում, մենք մեր խոսքը կասենք, մեր ծրագրերը կներկայացնենք, կսկսենք աշխատել այն սեգմենտի հետ, որին ցանկանում ենք ներկայացնել խորհրդարանում։ Մենք ամեն բան անելու ենք, որ փոքր սահմանափակ ռեսուրսներով հասնենք մեծ արդյունքների, և սրանք խոսքեր չեն, մենք դա արդեն մեկ անգամ տեղական մակարդակում իրացրել ենք և հիմա պատրաստվում ենք համապետական մակարդակով գործելուն:Հայաստանում սահմանադրական փոփոխությունները բոլոր դեպքերում լինելո՞ւ են, որքան էլ որոշ ուժեր դեմ արտահայտվեն դրան։Սահմանադրական փոփոխությունների հետ կապված այս պահին չկա որևէ ակտիվություն, չկա այն քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, ինչպես նշվում էր, կամ այլընտրանքային հայեցակարգեր սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Հետևաբար դժվարանում եմ հստակ ասել, թե ի՞նչ կլինի սահմանադրական բարեփոխումների հետ: Մենք այս պահին ունենք ծայրահեղ պասիվացած քաղաքական իրավիճակ, և դա հնարավոր է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավով ակտիվացնել, որից հետո կգան տեղական ընտրությունները, ապա նաև խորհրդարանական ընտրությունները։ Կարծում եմ՝ այդ ընթացքը քաղաքական ուժերը փորձելու են օգտագործել իրենց հետևորդներին ակտիվացնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ եկող ընտրությունները շատ տարբեր են լինելու անցած բոլոր ընտրություններից, նաև նոր տեխնոլոգիաների առումով, որովհետև այլևս հին մեթոդները չեն գործելու։Նկատի ունեք ընտրակաշառքի մեքենան չի գործելո՞ւ։Նաև ընտրակաշառքը, նաև այն հին օգտագործված հռետորաբանությունը, որ անընդհատ կիրառվել է: Դրանք արդեն չգործող մեխանիզմներ են, մարդիկ հոգնել են անընդհատ լսել ժողովրդի արյունը ծծելու, մազութը լափելու, ռեժիմի անհապաղ հեռանալու, «մենք գանք, ամեն ինչ լավ կլինի» հայտարարությունները։ Ես ինքս արդեն զզվում եմ ատելություն քարոզող խոսքից, որն արդեն 25 տարի լսում եմ, և դա բացի հուսալքությունից և հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուց այլ արդյունքների չի հասել: Նման հայհոյախառը ելույթներից բոլորը հոգնել են, և դրանք լուրջ դերակատարում չեն ունենալու։ Նման հայտարարությունները հիմնականում ազդելու են փոքր մարգինալ լյումպենացված զանգվածների վրա։ Նման հռետորաբանությամբ որևէ մեկն այլևս լուրջ հաջողության չի հասնելու։Ձեր կուսակցությունում կլինե՞ն լիդերներ, թե կլինի կոլեգիալ կառավարման սկզբունք։Քանի որ նոր սերնդի մարդկանց կողմից է այս նախաձեռնությունն իրականացվում, հետևաբար հին սերնդի կողմից ձևավորված, մեկ լիդերի դերի վրա կառուցվող մեխանիզմը մեզ մոտ չի գործելու, դա ակնհայտ է։ Լինելու է թիմ, որոնք բոլորն էլ թե լիդերության հատկանիշներով, թե քաղաքական գործչին հարիր խարիզմայով օժտված մարդիկ են լինելու, թիմային աշխատանք, թիմային պատասխանատվություն, որոշումների կայացման թիմային գործընթաց, որն այսօր Հայաստանի քաղաքական համակարգում գոյություն չունի։
Աղբյուր՝ Lragir.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ