Եթե գործող իշխանությունն իր մեջ ուժ չգտնի փոփոխություններ նախաձեռնելու

26/04/2016

Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, Լավրովի այցի վերջին օրը կազմակերպված բողոքի ակցիան առանց միջադեպերի և ոստիկանության կողմից հսկայական թվով քաղաքացիների բերման ենթարկվածների չանցավ։ Հակառուսական տրամադրություններ մեր երկրում իշխանության կողմից սվիններով են ընդունվում։ Ինչո՞ւ։Կարծում եմ՝ հակառուսական տրամադրություններ չկան, այլ կան ճիշտ հարցադրումներ և տեղի ունեցածից շատ ճիշտ հետևություններ, որոնք մեկնաբանվում են իբրև հակառուսական տրամադրություններ։ Իրականում հակառուսական տրամադրությունների մասին դեռ վաղ է խոսել։ Այսինքն՝ կա Հայաստան-Ռուսաստան գործընկերության և ռազմավարական գործընկերության հետ կապված որոշակի հիասթափություն, մտահոգություններ, ինչից բխող հարցադրումներ են եղել։Ինչ վերաբերում է ոստիկանական գործողություններին, ապա պետք է նշել, որ սահմանային այս լարվածության օրերին ընդհանրապես պետք չէր այսքան թվով ուժեր կենտրոնացնել և ցույց տալ մեր բնակչությանը, որ այդքան մարդ կարող է օգտագործվել Հայաստանի ներսում ինչ-որ փոքրաթիվ մարդկանց ցույցի ժամանակ, որովհետև ցույցին չեն մասնակցել 10.000 կամ 20.000 ՀՀ քաղաքացիներ, և այս առումով մարդկային ռեսուրսի անհամաչափ կենտրոնացում է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, բերում է նման իրավիճակների և բռնությունների։ Տեղյակ եմ, որ ծառայողական քննություն է հարուցված՝ կապված օպերատորներին բերման ենթարկելու, տեսախցիկները կոտրելու հետ, և ես պահանջում եմ, որ պատասխանատուներին անպայման պատասխանատվության ենթարկեն և քննության արդյունքներով ձեռք բերված տվյալները նաև դարձնեն հանրության սեփականությունը, թե ով է հրահանգ տվել կոնկրետ մարդկանց բերման ենթարկել, կամ լրատվամիջոցի տեսախցիկը կոտրել։Ավելին, սա ծառայողական քննության շրջանակներում լուծվող հարց չէ, չնայած որ հարուցել են՝ թող շարունակեն, բայց լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը գիտեք, որ քրեորեն հետապնդվող արարք է, և մենք ակնկալում ենք, որ ՀՔԾ-ում պետք է արդեն հարուցված լինի քրեական գործ այս մասով, համապատասխան իրավական գնահատական տրվի և վերջիվերջո պատասխանատվության հարցը լուծվի, որ մենք նմանատիպ դեպքեր չունենանք։ Էլեկտրիկ Երևանի դեպքերից սկսած մինչև օրս սա շարունակվում է։ Եվ քանի որ այն ժամանակ նշված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել տեսախցիկներ կոտրելու և լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու հետ կապված, դրա համար անպատժելիությունը շարունակվելու է, և դրա համար սա լավ առիթ է ոստիկանության համար այդ ծառայողական քննությունն ավարտել և նյութերն ուղակել ՀՔԾ, որ նշված անձանց քրեաիրավական պատասխանատվության հարց լուծվի։Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա պետք է ասեմ, որ այս օրերին համեմատություններ են արվում ՊՆ-ի և ոստիկանության բյուջեի միջև։ Կարծում եմ՝ շատ մեծ գումարներ են ներդրված, որը չի համապատասխանում մատուցված ծառայության որակին, և դրա համար մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք, այսինքն՝ պետք է նայենք տեսնենք այդ գումարները ինչպես են ծախսվում, պետք է կրճատվեն այդ գումարները, ինչին ես կողմնակից եմ, տեղի ունենա ծառայության օպտիմալացում և որակի բարձրացում։ Որովհետև եթե գնանք տեսանկարահանող սարքերի օրինակով, ժամանակին շատ է ասվել՝ տեսանկարահանող սարքերը կտեղադրենք, մարդ-ոստիկան շփումը կնվազեցնենք, որի արդյունքում օպտիմալացում տեղի կունենա, բայց որևէ կերպ չի օպտիմալացվել, օրինակ, ՃՈ-ն։ Այսինքն՝ այդքան տեսախցիկ է տեղադրվել, բայց շրջիկ ոստիկանների, շրջիկ տեսուչների թիվը չի կրճատվել, և այս առումով մենք ունենք խիստ ուռճացված կառույց։Քառօրյա պատերազմից հետո փաստվեց, որ կոռուպցիան մեր երկրում անվտանգության խոչընդոտ է հանդիսանում։ Ի՞նչ կոնկրետ քայլ պետք է անի իշխանությունը, որ հանրությունը տեսնի դեպի իր կողմ շրջված իշխանությանը։Երբ ժամանակին ասում էինք, որ կոռուպցիան ազգային անվտագության խնդիր է, որոշ մարդիկ զարմանում էին և մտածում, որ այդ խնդիրը միայն սահմանին է, բայց կոռուպցիան իրապես ցույց տվեց, որ անարդյունավետ ծախսերը և կոռուպցիոն դրսևորումները, որ մոտավորապես 20 տարի գոյություն ունի Հայաստանում, իր ազդեցությունը ունեցել է ազգային անվտանգության վրա, այսինքն՝ արձանագրել ենք այս փաստը։ Հիմա ի՞նչ պետք է անել. կարծում եմ՝ մեծ  փոփոխությունների պետք է գնալ, որովհետև եթե գործող իշխանությունը իր մեջ ուժ չգտնի այդ փոփոխություններն ինքը նախաձեռնելու և ներսից իրականացնելու, ապա, կարծում եմ, այս եփվող քննարկումները բամբասանքի մակարդակում չեն մնա, այդ փոփոխությունների օրակարգը վերջիվերջո կձևավորի հասարակությունը, և փոփոխությունները կգան կսրբեն-կտանեն բոլորին։ Հետևաբար կարծում եմ, որ իրենք պետք է ներսից սկսեն փոփոխություններ։ Այո, պետք է տասնյակ հրաժարականներ լինեն, պետք է լինեն հստակ ձևակերպված հարցադրումներ, պետք է էթիկայի հանձնաժողովը յուրաքանչյուր պաշտոնատար անձի հայտարարագրի կողքին դնի այդ պաշտոնատար անձի պաշտոնեական կեսագրությունը և հարց տա՝ որտեղից այս միլիոնավոր դոլարները, որտեղից այս հեկտարներով հողերը, որտեղից այս թանկարժեք մեքենաները այս աղքատ երկրում։ Եվ բնականաբար, տարբեր քննությունների արդյունքում այդ պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն և անարդյունավետ ծախսերի, և կոռուպցիայի համար։ Եվ այդ ամենը պետք է հետ վերադարձվի պետբյուջե։ Ես չեմ ասում պետք է դրանով զենք գնել, դա կորոշվի, բայց որ պետք է այդ գումարները վերադարձվեն պետական բյուջե, միանշանակ է:Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդ էր գնացել մենակ՝ առանց պաշտոնյաների ուղեկցության, ինչպես անում էր նախորդ տարիներին։ Հնարավո՞ր է՝ սա  պայմանավորված լինի այն վստահության պակասով, որ գոյություն ունի պաշտոնատար անձանց նկատմամբ։Մենք փորձում ենք ամեն ինչի մեջ ինչ-որ մեսիջ փնտրել, մեզ հույս տալ, որ ինչ-որ բան կփոխվի, բայց այդպես էլ չի փոխվում։ Հետևաբար, ես մտավախություն ունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո այս ամենը կմնա բամբասանքի մակարդակով։ Եվ կրկնում եմ, որ եթե իշխանությունն իր մեջ ուժ չգտավ այդ գործողություններն իրականացնելու, ապա այդ փոփոխությունները կպարտադրի հասարակությունը։ Այլ տարբերակ չկա։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ