Մաքսայինի գործով նոր զարգացումներ են սպասվում
Մեր տեղեկություններով` ուժային կառույցներում նոր զարգացումներ են սպասվում մաքսային ծառայության վերաբերյալ youtube-ում տեղադրված եւ կարճ ժամանակ անց անհետացած տեսա-լսանյութի քննության գործով: Հիշեցնենք, որ այս տեսա-լսանյութը համացանցում էր հայտնվել մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում: Դա բաց նամակ էր, որով «ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ» ներկայացնում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկրետ անուններ, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի անունը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարն է, ինչպես նաեւ ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Բաղդասարյանի՝ Սեդոյի անունը, որն արդեն ազատվել է աշխատանքից: Ըստ անանուն հեղինակների, կոռուպցիոն սխեմաների շնորհիվ յուրաքանչյուր ամիս գրպանվել են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ։ Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է Գլխավոր դատախազին` հետաքրքրվելով հայտնի տեսալսանյութի ճակատագրով: Էդմոն Մարուքյանը մեզ ասաց. «Ես հարցումներ եմ ուղարկել բոլոր մարմիններին և դեռ պատասխան չունեմ, կստանամ` կասեմ»: Ավելի ուշ պատգամավորը մեզ փոխանցեց իր գրությունը, որը դատախազին էր ուղարկել ապրիլի 7-ին: «Հարգելի՛ պարոն Կոստանյան, Ընթացիկ տարվա մարտի 30-ին համացանցում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վերաբերյալ ձայնագրություն , որի հեղինակը բավականին մանրամասն տվյալներ է ներկայացնում Կոմիտեում պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի և այլոց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների՝ հատկապես պետական բյուջե փոխանցման ենթակա գումարները գրպանելու վերաբերյալ: Վստահաբար, ձայնագրության մասին տեղեկացվել եք նաև Դուք: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել նշված ձայնագրությունն ստանալուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Շնորհակալություն համագործակցության համար: Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ»: Դիմեցինք Գլխավոր դատախազություն, որտեղից ասացին, որ Էդմոն Մարուքյանի գրությունը ստացել են: Հանրային կապերի բաժնից նաեւ փոխանցեցին, որ նկատի ունենալով, որ Ազգային անվտանգության ծառայությունում դեռ ամիսներ առաջ հարուցված քրեական գործ կա ՊԵԿ-ում հնարավոր չարաշահումների դեպքով, նշված լսանյութը Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ԱԱԾ` այդ գործի շրջանակներում քննելու նպատակով: Հետաքրքիր է, թե ինչքան է խորանալու այս սխեմաների մեջ ԱԱԾ նորանշանակ պետ Գեւորգի Կուտոյանը, ինչ հրահանգ է իջեցված նրան։ Եւ այս գործընթացները նշանակո՞ւմ են արդյոք, որ «քաղաքական որոշում» է կայացվել հարկերն ու մաքսերն այլեւս չթաքցնելու մասին։ Կամ ավելի ճիշտ՝ որ բոլորը հավասար են օրենքի առաջ, այդ թվում ՀՀ նախագահի թիկնազորի պետը, եղբայրը, ֆինանսների նախարարը, ՊԵԿ նախագահը, վարչապետը եւ մյուսները։ Նյութի աղբյուրը ` hraparak.am