Հաղթելու շանսերը մեծ են. Մարուքյանը Վանաձորի ընտրությունների մասին

09/06/2016

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկու քաղաքներում էլ ընտրություններին մասնակցելու է: Իսկ Վանաձորի իրենց քաղաքապետի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի պատգամավորի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, որը ներկայումս «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարն է: Հիշեցնենք, որ Վանաձորի 2012թ. ընտրությունների դեպքում էլ կարծիք կար, թե Ք. Մարուքյանը կառաջադրվի, սակայն դա տեղի չունեցավ: Այն ժամանակ Ք. Մարուքյանը Է. Մարուքյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր: Այս հարցերի շուրջ էլ զրուցեցինք Է. Մարուքյանի հետ:

Պարոն Մարուքյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ Վանաձորում«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորելու է կամ քաղաքապետիձեր թեկնածուն լինելու է ձեր եղբայրը:

– Մենք հավանական մի քանի տարբերակ ունենք, տարբերակներից մեկն էլ դա է: Նման քննարկում եղել է նաեւ 2012թ.: Այն ժամանակ թիմը նոր էր ձեւավորվում, նոր էին աշխատանքներ տարվում: Եվ առաջին ընտրություններից հետո միանգամից երկրորդ ընտրությունների գնալը նպատակահարմար չհամարեցինք: Քրիստը ընտրական գործընթացների բավական մեծ փորձ ունի, դրա համար թիմային որոշումների տեսանկյունից ավելի շատ հակվածություն կա, որ նա առաջադրվի: Բայց վերջնական որոշումը պետք է լինի կուսակցության խորհրդի կողմից եւ, կարծում եմ, կլինի միասնական որոշում ե՛ւ Գյումրիի, ե՛ւ Վանաձորի համար: Թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում կուսակցությունը պետք է հանդես գա այն թիմով, որով հայտ է ներկայացնում առաջիկա 5 տարիներին այդ քաղաքները կառավարելու համար: Այս նպատակով հիմա թիմի ձեւավորման գործընթաց է գնում, եւ մենք դեռ ժամանակ ունենք հայտարարելու, թե՛ թեկնածուների, այսինքն ցուցակը գլխավորողների, թե՛ այն մարդկանց մասին, ովքեր լինելու են ավագանու մեր թեկնածուները:

Իսկ ե՞րբ եք հրապարակելու այդ անունները:

– Օրենքի համաձայն՝ դեռ շատ ժամանակ կա. ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին, գրանցումը կլինի օգոստոսին, բայց մենք դա մինչեւ օգոստոս կհրապարակենք:

Կարծում եք, 2012թ. ԱԺ ընտրություններում ձեր ունեցածհաջողությունը ձեր եղբայրը կկրկնի՞:

– Եթե դիտարկենք վարկանիշով կամ վերջին 4 տարիներին կատարված աշխատանքով, կարծում եմ, հնարավորությունները շատ մեծ են: Կարծում եմ, Վանաձորում հաղթելու մեր շանսերը մեծ են, հաստատ մեր կուսակցությունը 2-րդ տեղի համար չի պայքարի:

– 2012թ. ձեր ընտրվելու դեպքում կարծիք կար, որ ձեր մրցակիցՎիկտոր Դալլաքյանը պարտվեց, քանի որ այս անգամ նա հանդես եկավոչ թե որպես ընդդիմադիր, այլ ՀՀԿ թեկնածու: Այս անգամ նման խոցելիմրցակից չունեք: Չե՞ք կարծում, որ այս անգամ ձեր նորաստեղծկուսակցության հնարավորությունները կարող են փոքր լինել:

– Կարծում եմ՝ ոչ, քանի որ մարդիկ ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի միջեւ, եւ Վանաձորում այսօր գոյություն ունեցող վատ իրավիճակը ՀՀԿ-ի 17 տարվա կառավարման արդյունք է: Վանաձորցիները միանշանակ ՀՀԿ-ին եւս 5 տարի նման կառավարման հնարավորություն չեն տա: Հատկապես որ այս անգամ քաղաքապետի ընտրությունները անձնավորված չեն լինելու, եւ անձնավորման փորձերը ձախողվելու են: ՀՀԿ-ն կարող է փորձել ապաքաղաքականացնել ընտրությունները, բայց այստեղ առաջանում է 17 տարվա քաղաքական պատասխանատվության հարցը: Իսկ Վանաձորի տեսքից կամ քաղաքում հարցումների դեպքում կարելի է հասկանալ, թե այնտեղ ինչ վիճակ է:  Ճանապարհները, բազմաբնակարան շենքերի տանիքները խայտառակ վիճակում են, համատիրությունները չեն աշխատում: Խնդիրները բազմաթիվ են: ՀՀԿ-ի 17 տարվա կառավարման արդյունքում քաղաքն ավերակների է վերածվել:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Վանաձորի եւ Գյումրիի քաղաքապետիընտրակարգի փոփոխությանը: Չէ՞ որ այս դեպքում նույնպեսքաղաքապետը ընտրվելու է ոչ թե ուղղակի ժողովրդի կողմից, այլանուղղակի՝ ժողովրդի կողմից ընտրված ավագանու միջոցով:

– Դուք գիտեք, որ ես դեմ եմ քվեարկել Ընտրական օրենսգրքին: Իսկ այդ դեպքում, կարծում եմ, եթե նման ընտրակարգ է ներդրվում, ապա դա պետք է արվեր ողջ հանրապետությունում եւ համայնքների խոշորացման արդյունքում: Մյուս կողմից այդ նոր ընտրակարգը ներդրվել է այդ քաղաքներում պարտությունից խուսափելու համար: ՀՀԿ-ն հույս ունի, որ ներսում կարող է արբանյակ կուսակցություններով համախմբվել եւ նորից ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրել: Բայց դա չի նշանակում, որ այդ փոփոխությունն իրենց հնարավորություն է տալու տեղական մակարդակում ՀՀԿ-ի կառավարումը վերարտադրել: Վանաձորն ու Գյումրին բավական խիստ ցույց են տվել իրենց դիրքորոշումը գործող կառավարման քաղաքական համակարգին: Հետեւաբար եկող ընտրությունները դրա շարունակությունն են լինելու եւ հաստատելու են այն, ինչ մենք գիտենք:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրություններն այնպիսի արդյունքունենան, որ ՀՀԿի կամ այլ կուսակցությունների հետ ավագանուկոալիցիա կազմեք:

– ՀՀԿ-ի հետ ինչպե՞ս կարող ենք կոալիցիա կազմել, բայց եթե 3-4 ընդդիմադիր ուժ այնքան ձայն ստանան, որ որեւէ ուժ չունենա 50+1, դա հնարավոր կլինի: Հիմա էլ կոնսոլիդացիայի կոչեր են արվում, բայց մենք ասում ենք, որ այդ հարցը կարող ենք քննարկել ընտրություններից հետո:

Իսկ մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿն իր արբանյակկուսակցությունների հետ միասին ընտրությունների արդյունքումկոալիցիա կազմի ու նորից իր թեկնածուին քաղաքապետ դարձնի:

– Դրա համար էլ մենք պետք է 50+1 տոկոսը հավաքենք, որ նրանք այդ հնարավորությունից զրկվեն: Բայց եթե դա չի ստացվում, ապա նրանք դա անելու հնարավորություն կունենան: Բայց թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում մեր քաղաքացիները իրազեկվածության բարձր մակարդակ ունեն եւ հասկանում են, որ ձայները պետք չէ փոշիացնել, պետք է ուղղել այնտեղ, որտեղ հաղթելու շանսերն ավելի մեծ են: Հիշեք, թե նախագահական ընտրություններում ձայներն ինչու կենտրոնացան Րաֆֆի Հովհաննիսյանի վրա:

Արմինե Ավետյան

Աղբյուր՝ armtimes.com

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ