Իշխանությունը ամեն զիջման պատրաստ էր, բացի տարածքային ցուցակները հանելուց. Էդմոն Մարուքյան

17/06/2016

Իշխանությունը ամեն զիջման պատրաստ էր բացի , տարածքային ցուցակները հանելուց, այդպես էլ եղավ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության երեկվա արձանագրած կոնսենսուսին: «Իշխանության ամբողջ հաշվարկը վերարտադրության հետ կապված տարածքային ցուցակներն են: Տեղամասերում խախտում չի լինելու, եւ ընդդիմությունը ի սկզբանե չպետք է կոնկրետանար տեղամասերի վրա: Հիմա որ իշխանությունը գիտի տեղամասերում խախտում չի լինելու, ինչո՞ւ պիտի ընդառաջ չգնար այդ պահանջներին»-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ Էդմոն Մարուքյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելու կողմ էր եւ առաջարկում էր, որ տարածքային ցուցակները հանվեն, սակայն իշխանությունը հինգ պահանջից միայն այս կետը չփոխեց: «Ինչ վերաբերում է ID քարտին, ապա պաշտոնապես առաջին անգամ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկեց ղրղզական փորձի կիրառումը, ինչը քննադատվեց այն նույն ընդդիմության կողմից, որն այսօր կոնսենսուսի է եկել: Դա ղրղզական փորձն է, ինչը ես առաջարկել էի: Ես ողջունում եմ, որ այդ առաջարկները ընդունվել են ու կոնսենսուս է տեղի ունեցել, բայց մենք թիրախավորել ենք տարածքային ցուցակներն ու ասել, որ տեղամասերի հետ կապված որեւէ մտահոգություն չունենք»,-ընդգծեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը թեեւ ողջունում է կոնսենսոսը, բայց լուրջ հաջողություն չի համարում, քանկ որ ի սկզբանե էլ հայտարարում էր, որ ամեն առաջարկ կընդունի իշխանությունը բացի տարածքայկն ցուցակներից:

Նշենք, որ հունիսի 16-ի երեկոյան ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, որոնք Ազգային ժողովում երկու օր մասնակցում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցություններին, ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն։

Նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է մայիսի 25-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի սկզբին:

Ընդդիմության կողմից առաջարկվող հինգ կետերն էին՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները, ընտրական ընտրացուցակներից հանել Հայաստանից բացակայող անձանց անունները, թանաքոտել քվեարկությանը մասնակցող անձանց մատները, ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ եւ ապահովել ուղիղ հեռարձակում, ինչպես նաեւ ամրագրել կետ, որ ԱԺ ընտրությունները պետք է լինեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը:

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ