ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՄԱՏԸ ԿՏՐԵԼՈՒ ՓԱՍՏԸ

26/10/2012

«Մատը կտրելը ծայրահեղ միջոց է բողոքի, որը ես չեմ խրախուսի»,- անդրադառնալով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքին` Իրավաբան.net-ին հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` դեպքը պետք է ուսումնասիրվի թե’ Մարդու իրավունքների պաշտպանի, թե’ իրավապահների կողմից:
«Պետք է հասկանալ, թե ինչն է դրդել մարդուն այդպիսի քայլի գնալ, և մեղավորները պետք է պատժվեն: Եթե կան», – ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորն իրավապաշտպան իր նախկին գործունեւությունից հիշում է, որ գերծանրաբեռնվածություն միշտ եղել է քրեակատարողական հիմնարկներում, ինչը, միանշանակ, ծանր պայմանների է բերում:
«Եթե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը վատ է աշխատում, դա չի կարող լավ բանի տանել: Օրինակ` մարդը գիտի, որ ինքը պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն պետք է ունենա, հասնում է այդ ժամկետին, և հանձնաժողովը մերժում է` առանց մեկնաբանելու, թե` ինչու: Այս առումով մենք լուրջ բարեփոխումների խնդիր ունենք: Մյուս խնդիրը` դատարանների կողմից չափից շատ կալանքների կիրառումն է` որպես խափանման միջոց: Լուրջ խնդիր է, որ այլընտրանքային պատժամիջոցները չեն կիրառում», -քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակի մասին հայտնեց պատգամավորը:
Նրա փոխանցմամբ` բուժծառայության վատ որակից դատապարտյալները միշտ էլ բողոքել են, աշխատողներն էլ` ցածր աշխատավարձից: Խնդիրը բազմաշերտ է, լուծումը` համակարգի փոփոխությունը:

Աղբյուրը` http://iravaban.net/

Բաժին: Մամուլ