Չեմ կարող մեծամասնական ընտրակարգի բացառման առաջարկն ընդունելի համարել. Էդմոն Մարուքյան
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ նախաձեռնությամբ ժամը 12.00-ին արտահերթ նիստ է գումարվում: Արտահերթ նիստին իր մասնակցությունը կունենա նաև անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Նա նշեց, որ փոքր-ինչ ծանոթ է, թե այսօր ինչ խնդիրներ են բարձրացվելու:
«Գիտեմ, որ պետք է քննարկվի 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: Հուսով եմ, որ ելույթի հնարավորություն կունենամ և իմ դիրքորոշումը կներկայացնեմ: Դիրքորոշումս այն է,որ, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, չեմ կարող այս փոփոխության հարցն ընդունելի համարել:
Մեծամասնական ընտրակարգի բացառումը նշանակում է անկուսակցական գործիչներին զրկել ինքնաառաջադրումից և քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից»,- պարզաբանեց իր տեսակետը
մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավորը՝ շարունակելով, որ քվեարկության ժամանակ միանշանակ դեմ է քվեարկելու:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, բանակցելով չորս խմբակցությունների հետ, կազմակերպելով ստորագրահավաք, հասավ նրան, որ այսօր՝ ժամը 12.00-ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի:
Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում»՝ 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, մի շարք փոփոխություններ նաև «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում:
Աղբյուր` http://1in.am/
Բաժին: Մամուլ