26/01/2019

Ստրասբուրգից Երևան ուղևորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող և միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանը։
Ակնդետ ուշադրությամբ հետևում եմ դեպքի առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությանը, ինչպես նաև այս գործով իրադարձությունների զարգացմանը։
Որպես նախկին իրավապաշտպան և փաստաբան, միևնույն ժամանակ խորապես մտահոգ եմ հետևյալ հարցերի կապակցությամբ և հետամուտ ենք լինելու դրանց լուծմանը․
• 44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետևաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական և բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը։
• Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր գույքային բնույթի հանցագործություն կատարելու մեջ։ Արդյո՞ք բավարար են եղել կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդության հիմքերը։
• Արդյո՞ք ԱԺ երկու պատգամավորների խափանման միջոցը փոխելու երաշխավորությունները և գրավի միջնորդությունը պատշաճ քննության առարկա են դարձել:
• Արդյո՞ք քրեական հետապնդում իրականացնող մարմինները, տվյալ պարագայում՝ քննչական մարմինը, պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել Մհեր Եղիազարյանի գործով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ, որպեսզի բացառվեր մեղադրյալի՝ կալանքի տակ անհարկի մնալը։

Համակ ուշադրությամբ հետևելում եմ այս գործով բոլոր մանրամասներին։ Պետք է ամեն ինչ անել, որ պատկան մարմինները ձեռնամուխ լինեն այս ողբերգական դեպքի մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ցավակցություններս Մհեր Եղիազարյանի հարզատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ։

Բաժին: featured