Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

01/08/2019

Ամոթ է. որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը. Է. Մարուքյան

Հարցազրույց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

– Խորհրդարանն այսօր արձակուրդում է, իսկ մինչև արձակուրդն արված աշխատանքը ինչպե՞ս եք գնահատում. գո՞հ եք խմբակցության աշխատանքից։

Խմբակցությունը արձակուրդում չէ, պատգամավորները միմյանց փոխարինելով աշխատում են, հանդիպում են քաղաքացիներին, գույքագրում նրանց խնդիրները: Ինչ վերաբերում է գոհ լինելուն՝ բարձր ստանդարտներ դնելու ու ձգտելու առումով ես բծախնդիր մարդ եմ: Մեծ հաշվով՝ մեր առջև ինչ խնդիր դրել ենք, լուծել ենք, չի եղել խնդիր, որով մտածել ենք զբաղվել ու չենք նախաձեռնել: Բայց անելիքները շատ են, և պատրաստվում ենք ակտիվ աշնանը։ Մյուս կողմից՝ խորհրդարանը նոր է, սկզբնական փուլում հարմարվելու խնդիր կար: Սա կարելի է դիտարկել որպես ադապտացիոն շրջան։ Այսուհանդերձ, մեր խմբակցությունը ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններն է ներկայացրել, և բավականին ակտիվ ենք եղել խորհրդարանում, խորհրդարանից դուրս, միջազգային հարթակներում։ Խորհրդարանական դիվանագիտության մեջ «Լուսավոր Հայաստանը»իսկապես մեծ ներդրում ունի: Այդ առումով դժգոհելու բան չունեմ, բայց շատ են նաև ծրագրերը, որոնց իրագործումը պահանջում է ժամանակ և ռեսուրսներ:

Ստացվե՞ց աշխատանքը նոր խորհրդարանական մեծամասնության հետ:

Որ ասեմ՝ ինչ-որ բաներ կարողացել ենք բանակցություններով, քաղաքական պայմանավորվածություններով անել, չստացվեց: Անհասկանալի է, թե ինչ մոտեցումներ ունեն, ամեն օր մոտեցում է փոխվում։ Այդ առումով դժգոհ ենք։ Բայց մենք մեծ հաշվով մեր անելիքն արել ենք՝ բարձրաձայնել ենք խնդիրներ, ներկայացրել այլընտրանք: Եթե դեմ ենք եղել, աասել ենք՝ ինչու, ու որն է դրա այլընտրանքը: Ընդդիմության գործը հենց հակակշռել-մրցակցել- փոխզսպել- այլընտրանք ներկայացնելն է։ Մերկապարանոց քննադատություն մեր կողմից չեք լսի։ Դեռ հին Հայաստանում դրված այս մշակույթը նոր Հայաստանում չէր կարող չշարունակվել։

Ինչո՞ւ կառավարող խմբակցության հետ երկխոսության եզրեր չեն եղել, խնդիրը նրա՞նց, թե՞ ձեր հետ է կապված:

Գուցե մեզ հետ է կապված, չեմ կարող ասել՝ անպայման նրանցն է: Ցայտուն օրինակ է ԲԴԽ անդամի ներկայացումը: Ընդդիմությունից այդպես էլ չստացվեց թեկնածու ներկայացնել, ու թափուր տեղերը լրացվեց միայն իշխանության կողմից, ինչը ցածրացրեց ԲԴԽ-ի մակարդակը։ Քաղաքական մեծամասնությունը դեռ քաղաքական տրամաբանություն չունի։ Եթե ունենա, կիմանաս՝ այդ տրամաբանության մեջ ինչ սկզբունքներ, մոտեցումներ կան, ու արդյո՞ք կարելի է դրանց շրջանակում որևէ պայմանավորվածության գալ, լուծումներ գտնել հանուն երկրի։ Եթե այդ տրամաբանությունը անհայտ է, փոփոխական ու անորոշ, չես կարող հասնել պայմանավորվածության։ Գուցե նրանք էլ փնտրտուքի մեջ են, որպես մեծ թիմ՝ այնքան էլ միասնական չեն։ Չգիտեմ։

Այսինքն, ինչի՞ հետևանք է դա՝ երիտասարդ լինելո՞ւ, անփորձությա՞ն։

Չեմ կարող ասել։ Օրինակ՝ ԱՄՆ խորհրդարանում կա երկուսակցական ծրագիր կամ երկկուսակցական օրենսդրություն, որը ենթադրում է միասնական ջանք։ Մեզանում այդ միասնական ջանքը չկա։ Այդ միասնականությունը չստացվեց ո՛չ Բարձրագույն դատական խորհրդի, ո՛չ հակակոռուպցիոն մարմնի դեպքում, քանի որ քաղաքական մեծամասնությունը քաոսային վիճակում է, ուրույն գիծ չկա։ Եթե լիներ, կհասկանայինք՝ որ մասում կարող է համընկնել մեր գծի հետ, համագործակցեինք։ Դրանից տուժել է քաղաքական մեծամասնությունը, որովհետև մենք այս առումով տուժելու բան չունենք, իրենք են կորցնողը։

Parliamentmonitoring.am-ի տվյալներով այս խորհրդարանում էլ պատկերը նույնն է. կառավարության նախագծերը ավելի շատ են ընդունվել: Սա խնդիր չէ՞ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում:

Խորհրդարանը դեռևս ռեսուրսներ չունի։ Ասում էինք՝ խորհրդարանական Հայաստանում խորհրդարանի կարողությունները պետք է զարգացվեն, բայց նոր իշխանությունը այդ տեսլականը չունի։ Խորհրդարանական կառավարման Հայաստան այսօր չկա, այսօր կա վարչապետական կառավարմամբ Հայաստան, և ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է վարչապետի մոտ, կառավարությունում։ Այս պայմաններում խորհրդարանը չի կարող լինել հակակշռող ուժ, ռեսուրսներ չունի, լծակները կաղում են, Սերժ Սարգսյանի կարած կոստյումը մնացել է։ Դա մի կոստյում էր, որտեղ խորհրդարանը դեր չուներ, և այդ համակարգը չի փոխվել, ժողովրդավարությունը էմոցիոնալ մակարդակում է։ Մեխանիզմների իմաստով ժողովրդավարության լուրջ խնդիր ունենք։ Այդ մեխանիզմներն է պետք վերանայել։ Մեր բոլոր ջանքերը՝ խորհրդարանը ավելի ուժեղ դարձնելու ուղղությամբ, անցած 6 ամիսների ընթացքում քաղաքական մեծամասնությունը տապալել է:

Այսօր ակտիվորեն քննարկվում է Ստամբուլյան կոնվենցիան։ Ծանո՞թ եք այդ փաստաթղթին, ի՞նչ կասեք այդ քննարկումների մասին։

Ես չեմ կարդացել Ստամբուլյան կոնվենցիան։ Քննարկումներին ծանոթ եմ այնքանով, որքանով մամուլը գրում է։ Քանի դեռ ՍԴ-ն չի ասել, որ այն չի հակասում Սահմանադրությանը, կոնվենցիան քննարկելը ժամավաճառություն է: Եթե ՍԴ-ն ասի, որ հակասում է, ապա այն չի բերվի խորհրդարան, չի վավերացվի։ Հետևաբար, ի՞նչ ենք մենք քննարկում։ Կարևոր խնդիրները թողած՝ հանրային միտքը, ռեսուրսը վատնվում է դրա վրա։ Մենք այդ կեղծ օրակարգի մեջ չենք մտնում, չենք մտնելու։

Վերջերս ՄԻԵԴ-ը վճիռ էր հրապարակել, որով պարտավորեցրել էր կառավարությանը երեք ամսվա ընթացքում աննախադեպ՝ 1.6 մլն եվրո գումար փոխհատուցել տուժած ՀՀ քաղաքացուն։ Ձեր կարծիքով՝ այդ գումարը պետք է նախկին իշխանությո՞ւնը փոխհատուցի, թե՞ դա պետք է արվի պետբյուջեի հաշվին։

15 տարի է՝ ասում են պետք է մեխանիզմներ գտնել, ռեգրեսիվ հայցեր ներկայացնել ու պահանջել այդ գումարները։ Նախկին իշխանության նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեին հենց նման հայցերով։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է, չէ՞, եղել այդ մարդկանց սեփականության իրավունքների խախտումները, բա ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հենց այդ հարցով քրեական գործ չի հարուցվում, ինչո՞ւ նման հարց չի բարձրացվում։ Եթե հարուցված քրեական գործը դրա վերաբերյալ լիներ, նախագահի անձեռնմխելիության հարց չէր բարձրացվի։ Այդ կարևոր հանգամանքները՝ Հյուսիսային պողոտայի մեծ թալանը, Բուզանդի փողոցի կոռուպցիոն մեծ սխեման թողած՝ ինչո՞վ ենք զբաղված։ Պետք է քրեական գործ հարուցվեր, պարզվեր՝ որ պաշտոնատար անձինք են ներգրաված եղել իրացման գոտիների գործերով, ինչ հրահանգներ են տրվել, ինչ փողեր են աշխատել, ինչպես են 100 հազար դոլարանոց տարածքների համար մարդկանց 5000 դոլար փոխհատուցում տվել: Այդ մարդկանց դեմ պետք էր քրեական գործ հարուցել ու այդ 1.6 մլն եվրո գումարը, որպես պետությանը հասցված վնաս, բռնագանձել այդ մարդկանցից։ Այդ գործի մեջ հնարավոր էր նախագահից մինչև դատավոր ներգրավել։ Բայց ո՞ւր է, արվո՞ւմ է։

Դժգոհ եք, փաստորեն։ Կարծում եք՝ ձախողվե՞լ է իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Դժգոհ եմ ոչ միայն այդ, այլև շատ իմաստներով։ Կոնկրետ դատական համակարգի բարեփոխումների ոլորտում, այո, ձախողվել է։ Իրենք էլ գիտեն, որ ձախողվել են։

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ աշնանը ընդդիմության դաշտում համախմբան գործընթացը կավարտվի, ու չի բացառել, որ իշխանության հարցը լուծվի փողոցում։ Դուք որպես ընդդիմադիր, ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։

Ես կարծում եմ, որ Քոչարյանը քաղաքականացնում է իր դերը, որպեսզի դրա սոուսի մեջ պաշտպանություն ունենա։ Քոչարյանի միակ խնդիրը չդատվելն է, նա պայքարում է չդատվելու համար։ Հետևաբար, նա քաղաքականցնում է այդ հանգամանքը՝ ասելով, որ ինքն ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց իիրեն բռնել են, ու փորձում իր գործով որոշակի առաջընթաց ունենալ։ Իսկ ընդդիմության դաշտում համախմբում ունենալը … ծիծաղելի է։ Կա՞ խորհրդարանական ուժ, որն աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Չկա։

Գուցե նկատի ուներ արտախորհրդարանական 7 ուժերին, որոնք վերջերս հայտարարություն էին տարածել։

Ես նրանց հայտարարությունը կարդացել եմ, նրանք չեն հայտարարել, որ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։ 7 ուժերը նրան աջակցելու մասի որևէ բան չեն հայտարարել։ Այդ ի՞նչ դաշտում է նա համախմբում տեսնում։ Հա, աշնանը կարող են առաջանալ մարդ-կուսակցություններ՝ մի ֆուրգոնի տարողության չափ մարդկանցով, ասեն՝ մենք աջակցում ենք Քոչարյանին ու դուրս գան միտինգի, հետո ի՞նչ։ Ցույց անելու իրավունք կա, հավաքների ազատություն կա, թող անեն, դրանից ի՞նչ։

Դուք նաև 2018-ի իշխանափոխության հետ կապված պրոցեսների նկատմամբ էիք թերահավատ։

Մենք թերահավատ չենք եղել։ Մենք ուրիշ բան ենք ասել, բայց մարդիկ մինչև հիմա չեն կարողացել հասկանալ, թե ինչ ենք ասել։

Այսինքն՝ չե՞ք կարծում, որ իշխանության հարց կարող է լուծվել փողոցում, ինչպես Քոչարյանն է կանխատեսել։

Ոչ, նման բան ես չեմ կանխատեսում: Եթե նայենք նախորդ ռեժիմի օրոք փողոցով իշխանափոխության բերող ճանապարհները, կտեսնենք, որ դրանք բոլորը հիմա փակ են: Այն ժամանակ կար զանգվածային ատելություն իշխանության նկատմամբ, որը հիմա չկա։ Աշնանն էլ նման բան գոյություն ունենալ չի կարող։ Նման հայտարարություններին ուղղակի վերաբերվեք ժպիտով ու անցեք։ Ես ասեմ՝ իշխանությանը այսօր շատ օգուտ է, որ իր այլընտրանքը լինի Քոչարյանը։ Եթե այլընտրանքը Քոչարյանն է, պարզ է, որ ոչ ոք չի աջակցելու նրան, իսկ իրենք կստանան ժողովրդի աջակցությունը։ Բայց նաև ամոթ է, որ իշխանության այլընտրանքը լինի Քոչարյանը։ Նոր Հայաստանի իշխանության այլընտրանքը պետք է լինի նոր Հայաստանի ուժերից, օրինակ, «Լուսավոր Հայաստանը»: Այս իշխանության այլընտրանքը հենց «Լուսավոր Հայաստան»-ն է, որը հին Հայաստանում ընդդիմությունն էր, և նոր Հայաստանում՝ ընդդիմություն ու այլընտրանք։ Նոր Հայաստանի իշխանությանը չի կարող այլընտրանք լինել հին Հայաստանը։ Դա աբսուրդ է, ժողովուրդը Սերժ Սարգսյանին մերժել է, որ Ռոբերտ Քոչարյանը գա՞։

Աղբյուրը՝ parliamentmonitoring.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ