Վանաձորի բուհերի միավորումը ժամանակավորապես կասեցվել է

14/11/2013

Կրթության և գիտության նախարարը ետ է կանչել որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության նոյեմբերի 14-ի օրակարգ էր ընդգրկվել ընդգրկել որոշման նախագիծ, համաձայն որի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը լուծարվում է, Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը միացման ձևով վերակազմակերպվում է Վանաձորի Հով.Թումանյանի անվան պետական համալսարանի:

Այս լուրը վանաձորցիների մոտ դժգոհության ալիք բարձրացրեց և նոյեմբերի 13-ին ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները և դասախոսները բողոքի գործողություններ իրականացրին քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես նաև իրենց պահանջները ներկայացրին Լոռու մարզպետին:

 Նույն օրը Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով Ազագյին ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, հավաստել է, որ հաշվի կառնեն Վանաձորում բողոքի ցույցի դուրս եկած պոլիտեխնիկցիների կարծիքը: ” Ուսանողները չեն զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: Կուսումնասիրենք՝ ինչն է նրանց դժգոհության պատճառը”,- ասել է վարչապետը:

 Պատգամավորի այն դիտարկմանը, թե Վանաձորում այս հարցով հանրային լսումներ չեն անցկացվել, վարչապետը պատասխանել է, թե քննարկումներ եղել են, սակայն այժմ ևս ինքը կհանձնարարի Կրթության և գիտության նախարարին, որպեսզի հանրային լսումներ անցկացվեն, որոնց կմասնակցեն և ուսանողները, և հարցը բարձրացնող պատգամավորը:

 Armweeklynews կայքին երեկոյան պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ հնարավոր է որոշման նախագիծը հանվի կառավարության նիստի օրակարգից:

 Ժամեր անց ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կառավարության նիստի օրակարգում արդեն բացակայում էր Վանաձորի երկու բուհերի միացման որոշման նախագիծը:

Էդիկ Հովսեփյան

Աղբյուր՝ http://www.armweeklynews.am/

Բաժին: featured, Մամուլ