Առաջարկվում է ընդլայնել ՍՊԸ-ի մասնակիցների իրավունքները

19/11/2013
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցները, ՍՊԸ-ների մասին ներկայումս գործող օրենքի համաձայն, թեև ունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այդ իրավունքը ոչ միշտ է հնարավոր լիարժեք իրացնել:
Խնդիրն այն է, որ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը, սակայն այն՝լինի հերթական, թե արտահերթ, կարող է հրավիրվել միայն գործադիր մարմնի կողմից:
Արդյունքում ստացվում է, որ գործադիր մարմնի կամքից է կախված մասնակցի՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործադիր մարմինը կարող է ժողով չհրավիրել, եթե անգամ 90 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցը նման ցանկություն է հայտնում: Այս դեպքում ՍՊԸ-ի մասնակցին չի մնում ոչ այլ ինչ, քան դիմել դատարան՝ տնօրենին ժողով հրավիրելուն պարտավորեցնելու հայցով: Ակնհայտ է, որ սա ինքնին ժամանակի կորուստ է ենթադրոմ, ինչի հետևանքով, եթե հարցը խիստ հրատապ և անհետաձգելի է, ՍՊԸ-ն կարող է անդառնալի կորուստներ կրել:
Այս մտայնությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել ՍՊԸ-ների մասին օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Նա առաջարկում է օրենքը լրացնել այնպես, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հերթական և արտահերթ ժողով հավիրելու իրավունք ունենա նաև առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցը: Սա, ըստ պատգամավորի, թույլ կտա մասնակցին լիարժեք իրացնել իր իրավունքները՝ անկախ գործադիր մարմնի կամքից:
Նշենք, որ օրինագիծն արդեն իսկ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված, սակայն այն օրակարգ ընդգրկելու համար դեռևս պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում:
Հեղինակ: «Փաստինֆո»

 

Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ