Գուգարքում անօթևան մնացած 6 ընտանիքի մասին զեկուցվել է հանրապետության նախագահին

12/12/2013

Շնորհակալություն ՀՀ Կառավարությանը և այս հարցի բոլոր աջակիցներին: 
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013 թվականին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժված ընտանիքների բնակարանային պայմանները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացնել 21,000.0 հազ. դրամ և սահմանել, որ
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելուհամար.
2) սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին: 

Նոյեմբերի 24-ի երեկոյան Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով 6 ընտանիք` 25 անձ, մնացել է անօթեւան եւ առանց գույքի: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանը, համայնքի բնակիչները առաջնային աջակցություն ցուցաբերել են, սակայն տուժածների վիճակը տնակում ապրողներից վատ է. նրանք նույնիսկ տնակ չունեն:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ընտանիքներին լուրջ օգնություն ցուցաբերելու հարցում:

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ Լոռու մարզպետը տեղական իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու շուրջ, որպեսզի նրանք դրսում չմնան: Դեպքի հաջորդ օրը խնդիրը զեկուցվել է նաեւ հանրապետության նախագահին: Վերջինս կառավարությանն ու տեղական իշխանություններին հանձնարարական է տվել ներկայացնել երկարաժամկետ լուծումներ ընտանիքներին օգնելու համար:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ հատվածում բնակարաններն ավելի էժան են` մոտ 20.000 դոլար, եւ հնարավորության սահմաններում կարելի է բնակարաններ ձեռք բերել:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի, lorinews.am

Բաժին: featured, Մամուլ