«Մանդատներ վայր դնելու կոչերն անհասկանալի են և անտրամաբանական»

24/12/2013

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 Պարոն Մարուքյանայնինչ տեղի ունեցավ երեկ ԱԺումիշխանական ֆրակցիայի կողմիցկարո՞ղ ենք արձանագրելինքնիշխանության կորուստ:

– Ինքնիշխանության կորուստ արձանագրելը սխալ է, ես չեմ էլ ուզում հավատալ, որ անգամ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր ինքնիշխանությունը:

– Մյուս կողմից՝ ակտիվ քաղաքացիները պայքարում են և չեն ընկճվում: Մայդանը հնարավո՞ր է տեղափոխվում է Երևան:

-Ակտիվ քաղաքացիների պայքարը, զգոնությունը, քաղաքացիական գիտակցության զարգացումը շատ կարևոր է, և առանց դրանց դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակությունն ընդհանրապես: Հետևաբար ընկճվելու առիթները պետք է միշտ մի կողմ դնել, այլապես կունենանք հուսալքություն, որն, ի դեպ, այսօրվա արտագաղթի հիմնական պատճառն է:

Ինչ վերաբերում է Մայդանին և հայկական իրավիճակին, ապա պետք է նշեմ, որ համեմատությունը տեղին չէ, քանի որ ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինայում բացարձակապես այլ քաղաքական իրավիճակ է: Ամեն դեպքում պետք չէ որևէ երկրից որևէ բան, անգամ Մայդան՝ տեղափոխել Հայաստան և հետո մտածել, որ իրավիճակներն ու խնդիրները տարբեր են դրանցից բխող հետևանքներով:

– Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, ինչո˚ւ խորհրդարանական չորս կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ: Իսկապե՞ս նրանց կողմից կա անկեղծ պոռթկում: Մինչ այդ էլ կարծես ՍԴ դիմելու բազմաթիվ պատճառներ են եղել, սակայն միասնականություն չեն ցուցաբերել:

– Հայտարարությունը հրապարակվել է, որտեղ խորհրդարանական չորս խմբակցություններն արտահայտել են իրենց դիրքորոշումը երեկվա քվեարկության վերաբերյալ: Ես ինքս չեմ մասնակցել դրա ընդունման քննարկումներին, հետևաբար, բացի հայտարարության տեքստը, այլ տեղեկատվության չեմ տիրապետում: Միասնականություն դրսևորելու առումով, կարծում եմ, ավելի ճիշտ է առաջնորդվել հին հայկական ասացվածքով` լավ է ուշ, քան երբեք: Քանի որ երբ որ ոչ իշխանական ուժերը միասնական չեն ասում են՝ ինչու միասնական չեք ու պառակտված եք, իսկ երբ որ միասնական ինչ որ քայլ են անում, հիմա էլ ասում են այդ ինչ եղավ, որ միասնական եք… Ամեն դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր օրակարգն ունի, և լինում են դեպքեր, երբ այդ օրակարգերը համընկնում են՝ վերածվելով միասնական գործողությունների:

– Երեկ ցուցարարները պահանջում էին վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի քանի պատգամավորներ նշել են, որ չեն պատրաստվում վայր դնել, քանի որ դա ժողովրդի մանդատն է: Ըստ Ձեզ՝ արդյոք մանդատ դնելը ընդհանուր գործընթացների վրա ազդեցություն կարո՞ղ է ունենալ:

– Գիտեք, մանդատներ վայր դնելու կոչերը անհասկանալի են և անտրամաբանական: Նախ, մանդատ վայր դնելով՝ որևէ գործընթացի վրա ազդել հնարավոր չէ, ուղղակի կլինեն նոր ընտրություններ մեծամասնական տարածքներում, իսկ համամասնական ցուցակով այլ մարդիկ կգան առաջ, բայց ի՞նչ կտա դա ընդդիմությանը կամ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերին, իմ կարծիքով՝ ոչինչ: Մանդատով պատգամավորին օժտել է ժողովուրդը և ուղարկել ԱԺ, որպեսզի ի շահ ժողովրդի պատգամավորը գործի` ներկայացնելով իր ընտրողների շահերը՝ իր խղճի և համոզմունքների համաձայն:

– Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, որքանո՞վ է այսօր քաղաքացիական հասարակությունը կարողանում պահանջներ ձևակերպել և հասնել նպատակին: Ի՞նչն է խոչընդոտ հանդիսանում որակական փոփոխությունների հասնելու համար:

– Քաղաքացիական հասարակությունը բավականին կայացել է վերջին տարիներին: Եթե նախկինում «քաղաքացիական հասարակություն» ասելով` հասկանում էին միայն ՀԿ-ներին, հիմա ավելի ընդգրկուն իմաստ է ստացել իր բովանդակությամբ: Քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է օրակարգի ձևավորումը և այդ օրակարգի իրագործումը: Կարծում եմ՝ մենք ունենք այսօր այնպիսի քաղաքացիական հասարակություն, որն ունակ է օրակարգ ձևավորելու և այն իջեցնելու քաղաքական որոշում կայացնողներին: Այո, լինում են դեպքեր՝ այդ օրակարգն իրագործվում է, և ունենք դեպքեր, երբ քաղաքական որոշում կայացնողները կաշկանդվում են այդ օրակարգով, սակայն գործում են այլ կերպ, որը բնավ չի նշանակում, որ քաղհասարակությունը պարտվեց քանի որ գործողություններ կան, որոնց արդյունքը ավելի ուշ է վրա հասնում: Կարծում եմ՝ որակական փոփոխությունների հասնելու համար միակ խոչընդոտը մեր քաղաքական համակարգն է, որն այսօր չէ, որ ձևավորվել է. դա քսան տարվա պատմություն ունի: Քաղաքական որակական զարգացումներ ունենալու համար մեզ պետք է ունենալ երկու և ավելի բևեռներ, որն այսօր չունենք:

Աղբյուր՝ http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ