Նոր օրենքով ԶԼՄ-ները պատասխանատու կլինեն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումների բովանդակության համար
Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:
Պաշտոնապես այն կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք:
Օրենքի նախագծի համահեղինակներն են՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:
Tert.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ո՞րն է նման օրենքի նախագիծ մշակելու մտահոգությունը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մտահոգությունն այն է, որ այսօր սոցիալական ցանցերը ազատ հարթակ են՝ կարծիք արտահայտելու, և կան վիրավորական արտահայտություններ: Ի դեպ, զգալի մասն արվում է անանուն կամ կեղծ աղբյուրների միջոցով, իսկ որոշ լրատվամիջոցներ օգտվում են դրանից: Եվ այս պայմաններում մենք պետք է ունենանք նաև պաշտպանիչ մեխանիզմներ»:
Ի պատասխան հարցի, թե այսուհետ լրատվամիջոցը չի՞ կարող հղում անել Facebook-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն ասաց. «Կարող է անել, որովհետև այստեղ որևէ արգելք չկա, խնդիրը լրիվ այլ է, նորից եմ ընդգծում, խնդիրը վերաբերում է անանուն կամ կեղծ օգտատիրոջը և լրատվամիջոցը պետք է պարզի՝ դա անանո՞ւն է, թե՝ ոչ: Հակառակ դեպքում պատասխանատվության է ենթարկվում լրատվամիջոցը»:
Ըստ նախագծի՝ «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:
Ի պատասխան հարցի, թե առաջին հայացքից պարզ չէ՝ տեղեկատվության հեղինակը անանու՞ն է, թե ոչ, այսինքն՝ անհայտ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախ, լրատվամիջոցը պետք է վիրավորված անձի առաջին իսկ պահանջի դեպքում 12 ժամվա մեջ գրառումը հեռացնի, սակայն դրանից հետո էլ նա որոշակի պատասխանատվության պետք է ենթարկվի: «Նա կարող է գլխի չընկնել, բայց դա իր սեփական ռիսկն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:
Սակայն, մեկ այլ կետով նախատեսվում է, որ լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը և վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս օրենքի նախագծի համար հիմք և նախադեպային իրավունք է հանդիսացել Եվրոպական դատարանի մի վճիռ, որը ըստ նրա՝ հիմք է տալու զարգացնելու իրավունքը Հայաստանում նաև այդ ուղղությամբ:
Oրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում նմանօրինակ հարց քննարկվել է, քանի որ Եվրոպայի խորհրդի երկրներում ևս առկա է սոցիալական ցանցերի անպատասխանատվության խնդիրը և Եվրոպայի խորհուրդը ազգային խորհրդարաններին խնդրել է կարգավորել այդ դաշտը:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում բազմաթիվ լրատվամիջոցներում, երբ «հղում» անելով ինչ-որ անանուն աղբյուրների՝ ուղղակիորեն վարկաբեկիչ նյութեր են հրապարակվում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Մինչդեռ, որպես նախկին լրագրող, Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցը պետք է պատասխանատվություն կրի իր հրապարակման համար, և այս համատեքստում նա շատ կարևոր համարեց, որ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը միացել են նախագծին:
Հիշեցնենք, որ Fake-երը (կեղծ օգտատեր-անգլ.), որպես կանոն, ստեղծվում են տարբեր կուսակցությունների կողմից քարոզչական պատերազմների շրջանակներում:
Հարցին, թե արդյոք գործադիրը այս նպատակը ևս ունեցել է, օրենքի համահեղինակ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որպես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն ուսումնասիրած մարդ և որպես ԱԺ պատգամավոր, կարող եմ ասել մի բան՝ սա կկանխարգելի բոլորի կողմից չարաշահումները, անկախ դրանից՝ դրանք կուսակցություններն են արել կամ ո՞ր կուսակցություններն են արել»։
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ լրատվամիջոցի պատասխանատվության հարցն ունի այն նույն իրավակարգավորումը, ինչ զրպարտությունն ու վիրավորանքը: Այսինքն՝ զրպարտության պարագայում՝ մինչև 2 միլիոն դրամ, իսկ վիրավորանքի՝ մինչև 1 միլիոն դրամ:
Tert.am-ի տեղեկություններով՝ նախքան գլխադասային հանձնաժողովի կողմից՝ ԱԺ քառօրյայի օրակարգ ուղարկելը, օրենքը պետք է դառնա նաև լրատվամիջոցների ու այլ շահագրգիռ խմբերի կողմից հասարակական լսումների առարկա:
Աղբյուր՝ tert.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ