Այսօրվա իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում. Էդմոն Մարուքյան

10/03/2014

Այս նախագծով ընդունում ենք այն հանգամանքը, որ քննչական կոմիտեի կազմում միավորում ենք երկու քննչական մարմին` ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Այդ մասին այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում ՀՀ քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք` օրինագծի քննարկումը ընդհատվել էր նախորդ քառօրյայի ավարտի պատճառով, և մինչ այդ ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում օրինագիծը որևէ առարկության պատգամավորների կողմից չէր հանդիպել:

«Այս ճանապարհով գնալով պետք է ասեմ հետևյալը` այո, ավելի լավ է մեկ քայլ, քան ոչինչ, բայց ապագան այն է, որ քննչական մարմինները պետք է միանան: Հույս ունենք, պարոն նախարար, որ ապագայում այս մոդելը իր հաջողությունը կարձանագրի և մյուս քննչական մարմինները կկենտրոնանան մեկի մեջ: Եթե ապագայում մենք դա չենք անելու, ապա կարծում եմ, որ անիմաստ է այս ճանապարհով գնալը»,-հայտարարեց Մարուքյանը` նկատելով, որ նախագիծը դրական է ու կատարվող փոփոխությունները դրական կլինեն քննչական մարմինների աշխատանքում: 

Ինչ վերաբերում է նոր ստեղծվելիք Կոմիտեի շենքային ու ադմինիստրատիվ պայմաններին, ապա Մարուքյանի խոսքով, այսօրվա պայմանները, երբ կոմիտեի անդամները աշխատում են ոստիկանության շենքում, բավարար չեն` որակյալ նախաքննություն ապահովելու համար: 

«Մենք գիտենք, որ քննիչներն ստանում են ցածր աշխատավարձ, գիտենք, որ դրանից նրանք հոգում են իրենց վառելիքի, թղթի, գրիչի ծախսերը, որը անթույլատրելի է: Այսօրվա ստեղծված իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում», -հայտարարեց Մարուքյանը:

Բացի այդ, ոստիկանության շենքում քննչական կոմիտեի աշխատելը կնշանակի, որ ոչինչ չի փոխվում:

«Եթե քայլ ենք անում քննչական կոմիտեն ստեղծելու համար, ապա այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ դրանք տարանջատվեն ամեն առումներով», -հավելեց պատգամավորը:

Աղբյուր՝ panorama.am

 

Բաժին: Մամուլ