Նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվեց սխալ պատկերացում.կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ

12/03/2014

Հարգելի՛ գործընկերներ,  արդեն մի քանի օր բուռն քննարկման առարկա դարձած ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` մարտի 31-ին, ժամը` 11.00 ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (ք.Երևան, Բաղրամյան 19, N 334 սենյակում): Ամփոփելով այս պահի դրությամբ եղած կարծիքները և տեսակետները` կարող ենք փաստել, որ 1. նախագծի վերաբերյալ առաջին իսկ պահից ստեղծվեց սխալ պատկերացում, այն ստացավ <<ֆեյքերի դեմ >> ոչ պաշտոնական անվանումը, որը, սակայն, ՈՉ ՄԻ աղերս չունի իրականության հետ: Խնդրում ենք, ուշադրությամբ կարդալ նախագծի դրույթները և կտեսնեք, որ ԶԼՄ-ի համար պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ այդ առումով չկա: Այդ պատասխանատվությունը նախատեսված է այսօր ԳՈՐԾՈՂ օրենքում: Ուստի, այստեղից բխող բոլոր հարցադրումները չեն վերաբերում նախագծին: 2. Հեղինակների մտադրությունների մասին ևս ստեղծվեց սխալ պատկերացում: Որևէ անձնական շահագրգռվածություն նախագծի համահեղինակներից և ՈՉ ՄԵԿԸ չունի: Պարզապես առկա էին որոշ մտահոգություններ, որոնք բազմաթիվ անգամներ հնչեցվել են, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից և այժմ փորձ է արվում որոշ հստակեցումներ մտցնել: Վստահ եմ որևէ մեկը չի առարկում, որ այս դաշտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք մտահոգում են շատերին: Այս օրինագիծը շատ լավ առիթ է խոսելու, մտահոգությունները բարձրաձայնելու և ՀԱՄԱՏԵՂ լուծումներ որոնելու համար:  3. Երբ հնչում են փաստարկներ, որ այդ կարգավորումները կան և դրա անհրաժեշտությունը չկա, այդ դեպքում անհասկանալի է դառնում նույն անձանցից հնչող մյուս փաստարկը, որ սա ուղղված է ԶԼՄ-ների դեմ: Այդ դեպքում ինչպե՞՞՞՞ս կարող է գոյություն ունեցող կարգավորումը դիտվել ԶԼՄ-ի շահերին դեմ դեռևս նախագծի փուլում գտնվող կարգավորման միջոցով:  4. Նախագիծը ընդամենը ամփոփել է միջազգային լավագույն դատական պրակտիկան փորձելով հստակ սահմանել որոշ դրույթներ` ապահովելով իրավական կանխատեսելիության սկզբունքի իրացումը: 5. Նախագծի որևէ դրույթ չի հավակնում դոգմատիկ ճշմարտություն դառնալ վերջնական չէ և պիտի դառնա քննարկման առարկա, և կարող է լրամշակվել ԶԼՄ-ների հետ քննարկումների արդյունքում:  Լսումներին հրավիրվելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս ամենի հաշվառմամբ խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցել լսումներին և ներկայացնել իրենց առաջարկությունները:  Այս պահին արդեն ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք նախագծի հեղինակների կողմից դարձել են և կդառնան քննարկման առարկա: Լսումները առավել արդյունավետ դարձնելու համար, խնդրում ենք բոլոր այդ առաջարկությունները ուղարկել նաև նախագծի համահեղինակներին, որոնք կամփոփվեն լսումների ընթացքում: Մասնակցությունը հաստատելու համար կարող եք դիմել ինչպես նախագծի համահեղինակներին, այնպես էլ ՀՀ պետական- իրավական հարցերի հանձնաժողով: Առավել մանրամասն օրակարգի, զեկուցումների, ինչպես նաև մասնակցությունը գրանցելու մասին, վաղը ՀՀ ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):  

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

 

Աղբյուր՝ iravaban.net

Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ