Էդմոն Մարուքյան. Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը
«168 ԺԱՄ»-ը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի շուրջ զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Հարցին, թե ի՞նչ թերություններ և առավելություններ ունի նոր քրեական դատավարության օրենսգիրքը, նախկին փաստաբան Է.Մարուքյանը պատասխանել է, որ նոր օրենսգիրքն ավելի շատ առավելություններ ունի, քան՝ թերություններ:
Սակայն պատգամավորը միաժամանակ նշել է, որ կան որոշ հոդվածներ, ուղղություններ, որոնց հետ կապված մտահոգություններ կան, բայց ընդհանուր առմամբ օրենսգիրքը, միանշանակ, նոր դրական փոփոխությունների է հանգեցնելու՝ մեր քրեական արդարադատության բնագավառում:
Է.Մարուքյանը, մասնավորապես, ցուցմունքների դեպոնացման հետ կապված նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի այդ կապակցությամբ: Հարցի կապակցությամբ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումների ժամանակ մի քանի առաջարկներ ներկայացվել են, որոնք երաշխիքների ավելի բարձր մակարդակ են ապահովելու:
Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանման միջոցներին, Է.Մարուքյանն ասել է, որ նոր քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորինս լուծելու է այն չարաշահումների խնդիրը, որը կա անձանց ազատությունից զրկելու հետ կապված:
Նա նաև նշել է, որ դա ազդում է նաև քրեական արդարադատության վրա: Նոր մոտեցումներ կան նաև, ինչպես ասել է Մարուքյանը, կալանքի ժամկետների հետ կապված:
Թղթակիցը նաև հարցրել է, թե ի՞նչ կարծիքի է պատգամավորը մեղադրյալի՝ այլևս սուտ խոսելու իրավունք չունենալու մասին. ըստ նոր օրենսգրքի՝ մեղադրյալն իրավունք ունի լռություն պահպանել:
Ի պատասխան ԱԺ պատգամավորն ասել է, որ դա հաջողված կարգավորում է: Լռելու իրավունքը լինելու է պաշտպանության հիմնական միջոցը, այն զենքը, որով մեղադրյալը պետք է պաշտպանվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» օրաթերթի` 20.03.2014թ. համարում:
Աղբյուր՝ «Փաստինֆո»
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ