Հայ պատգամավորները հատել են լիբանանա-սիրիական սահմանը և շարժվում են դեպի Լաթաքիա

26/03/2014

Քեսաբահայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբը, Tert.am-ի տեղեկություններով հատել է արդեն լիբանանա-սիրիական սահմանը և սիրական անվտանգության ստորաբաժանման ուղեկցությամբ շարժվում է դեպի Լաթաքիա:
«Առանձնահատուկ զգացումներով ենք մտել Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայորդիների ապաստանած և հայրենիք դարձած հող: Մենք Հայաստանի ջերմությունն ու մեր սատարումն ենք տանում մեր հայրենակիցներին»,- Tert.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանն այսօր Լաթաքիայի Սուրբ Ասվածածին եկեղեցում կհանդիպեն այնտեղ հանգրվանած՝ հայրենի բնակավայրից տեղահանված քեսաբահայության հետ:

Հանդիպում է նախատեսված նաև Լաթաքիայի նահանգապետի հետ՝ քննարկելու քեսաբահայության խնդիրները:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Թուրքիայի տարածքից միաժամանակ 3 կետերից հարձակում էր սկսվել հայաբնակ Քեսաբ ավանի վրա։ Հարձակման հետևանքով բնակչության 99 տոկոսը տարհանվել է, տեղափոխվել Լաթաքիա ու ապաստան գտել հայկական եկեղեցում և հարակից շինություններում։
Այժմ Քեսաբի համար պայքարը կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև շարունակվում է։

Աղբյուր՝ Թերթ.am

Բաժին: featured, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)