Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիան ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիա կատարած իրենց ուղևորությանը, նշեց, որ պատգամավորների այցը Լաթաքիա ոչ թե պետական, այլ մասնավոր այց էր՝ ֆինանսավորել է Արման Սահակյանը: Նրա խոսքով՝ այցի նպատակը սեփական աչքերով տեսնել, փաստեր հավաքելն էր, հետո այդ ամենի հիմա վրա առաջարկությունների ցանկ մշակելը:
«Դժվար էր այդ մարդկանց հետ խոսել, նրանց պատմությունները լսել և չհուզվել»,- ասաց նա` հավելելով, որ, ցավոք սրտի, Քեսաբը դարձավ այն խնդիրը, որը մեզ միավորեց: Նրա համոզմամբ՝ երբ Քեսաբը ազատագրվի, մենք նույն կերպ պետք է համակարգված աջակցենք՝ պետք է այնպես անենք, որ Քեսաբն այլևս տարհանման պատմություն չունենա, Քեսաբը վերադառնա և մնա հայկական:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հարձակումը եղել է անակնկալ, ոչ ոք չի սպասել, որ հարևան երկիրը սահմանը կբացի՝ զինյալներին թույլ տալով ներխուժել Քեսաբ:
Քեսաբահայերը տեղափոխվել են Լաթաքիա՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք, որտեղ 320 ընտանիք ամեն օր օգտվում է սննդից, մնացածը Լաթաքիայում իրենց հարազատների տներում են և սպասում են Քեսաբի ազատագրմանը՝ իրենց տները վերադառնալու համար:
«Նրանք գիտեն՝ եթե վերադառնան, իրենց տնտեսությունը չի լինի այնպիսին, ինչպիսին թողել են, իրենց հարստությունը, փողը, ամեն ինչ թալանված կլինի, և խնդրում են աշխարհասփյուռ հայությանը՝ ամեն կերպ աջակցելու վերականգնել իրենց տնտեսությունը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ զինյալներին ալևս ֆինանսավորում չկա, նրանց հիմա ասում են՝ ինչքան թալանեք, ձերն է:
«Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Թուրքիան ցույց տվեց, որ ոչ մի բան չի փոխվել, որ գաղափարները նույնն են»,- հավելեց նա:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Պաշտոնական, Տեսանյութեր, Քեսաբ (Սիրիա)