Էդմոն Մարուքյան. Միջազգային իրավունքի տեսանկյունից Քեսաբում Թուրքիան խախտել է այլ պետության ինքնիշխանությունը

01/04/2014

Քեսաբի խնդիրների բարձրաձայնումը զսպող դեր է խաղում, արդեն կան համապատասխան ազդակներ, եւ դա փրկում է սիրիահայերին ոչնչացումից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով օրերս է վերադարձել Լաթաքիայից:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է հենց Թուրքիայի դերը Քեսաբի իրադարձություններում: Թուրքական կողմի գործողությունները, ըստ նրա, եւս մեկ փաստ է, որն ապացուցում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին փոխվել են միայն թուրքական մեթոդները, իսկ գաղափարը նույնն է մնացել:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի գործողությունները հայաբնակ Քեսաբում այլ պետության ինքնիշխանության խախտում է: Խախտվել է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքը, գրոհայինները գերիների նկատմամբ համապատասխան ձեւով չեն վերաբերվում, չեն պահպանում պատերազմի կանոնները»,-նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով, այդ իրադարձությունների հեղինակ համարվող այն պետությունները, որոնք աչք են փակել կամ գաղտնի աջակցել են նրանց, նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել էին Լաթաքիա:

Աղբյուր՝ news.am

Բաժին: Մամուլ, Քեսաբ (Սիրիա)