ՔԵՍԱԲԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՏՐՎԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

01/04/2014

Մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն էին այցելել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը` հանդիպելու Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած մեր հայրենակիցներին, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից` հայաշատ Քեսաբից:«Իրավունքը» ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ զրուցեց քեսաբահայության իրական վիճակի եւ հայաստանյան կողմի անհրաժեշտ քայլերի մասին:
-Պարոն Մարուքյան, ինչպես ասված է Սիրիա մեկնած պատգամավորական խմբի հայտարարության մեջ, ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ խումբը քննարկել ու առանձին առաջարկություններով է հանդես եկել: Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը:
– Առաջարկների մի մասը հրապարակման ենթակա են, մյուս մասը` դեռ ոչ: Առաջինը ֆինանսական աջակցության հարցն է, երկրորդը` քարոզչական մեթոդներ կիրառելը, որն արդեն տեսնում եք համացանցում, մասնավորապես «Ֆեյսբուքում»: Արդեն իսկ կոտրվել է տեղեկատվական շրջափակումը, որը կար սիրիական դեպքերի հետ կապված, այսինքն` այն, որ քրիստոնեական փոքրամասնություններն այնտեղ ճնշվում են, սպանվում, իրենց տարածքները վերցվում են… Այս պահին ամենակարեւորը ֆինանսական աջակցության կազմակերպումն է, որովհետեւ այնտեղ մեր հայերին առօրյա սնունդ ապահովելու խնդիր կա: Եվ եթե գումար լինի, ոչ թե պետք է սնունդը տանել այնտեղ, այլ գումար փոխանցել, եւ իրենք ձեռք կբերեն սնունդ, ինչը հնարավոր է այնտեղ կազմակերպել:
– Իսկ այն ահասարսուռ տեսարանները, որ մենք ամեն օր համացանցում տեսնում ենք, իրականությանը համապատասխանո՞ւմ է:
– Դրանք մասամբ հին տեսարաններ են պատերազմից: Էլի քրիստոնյաների հետ կապված պատերազմից են արված տեսանյութերը, բայց հայերի հետ կապ չունեն: Ուղղակի, որոշ կայքեր, ովքեր իրենց համար «լայք» հավաքելն ամեն բանից վեհ են համարում, քան օբյեկտիվությունը, ճշմարտությունը,տարածում են այդ նյութերը: Իհարկե, բնական է, որ շահարկումներ էլ կլինեն, ամեն ինչ էլ կլինի:
– Ի՞նչ տրամադրվածություն ունեն Քեսաբից Լաթաքիա տեղահանված մեր հայրենակիցները: Ցանկություն կա՞ գալ ՀՀ, թե՞ կրկին ուզում են վերադառնալ իրենց վտանգներով լեցուն տները:
– Միանշանակ ուզում են վերադառնալ իրենց տները` Քեսաբ, Հալեպ: Նրանք ուզում են, որ շուտով խաղաղություն հաստատվի այնտեղ եւ վերադառնան, որովհետեւ ասում են. «Իմ հորս գերեզմանը, պապերս, բոլորն այնտեղ են, ես ինչո՞ւ պիտի թողնեմ գնամ եսիմ ուր»: Պարզ է, որ ասվածը հիմնավորում ունի, հաստատ օդից վերցրած փաստարկ չէ:
– Պատգամավորական խմբի Սիրիա մեկնելուց հետո այստեղ բուռն քննարկումներ էր գնում, համոզված եմ` Դուք էլ տեղյակ եք դրանց…
– Թեպետ այնտեղ համացանցի հնարավորություն չունեինք, բայց գիտեմ, որ շահարկումներ եղել են:
– Ի վերջո, իրականում սա իսկապե՞ս մասնավոր նախաձեռնություն էր:
– Այո, մասնավոր այց էր, մասնավոր նախաձեռնություն: Մենք հայտարարությամբ ենք հանդես եկել ու դրանից հետո այդ նույն խմբով որոշել ենք մեկնել Լաթաքիա եւ հանդիպել մեր հայերին, տեսնել, թե ինչով կարող ենք օգնել:
– Մի տեսակ աբսուրդ չէ՞ր, որ Ձեր նախաձեռնությունը որոշ ԱԺ գործընկերների կողմից բացասական արձագանք գտավ:
– Եթե այդ մարդիկ այդքանը չեն գնահատում կամ չեն ուզում գնահատել, այլ ուզում են, ուղղակի, թեմա գտնել քննադատելու, թող քննադատեն: Միեւնույն է, վերջնական գնահատականը արվածի եւ չարվածի համար տալիս է ժողովուրդը, եւ ժողովուրդը կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Աղբյուր՝ iravunk.com

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ, Քեսաբ (Սիրիա)