Կարո՞ղ է մրգերի վրա էլ դրոշմակնիքներ փակցվեն, սա մինչև ո՞ւր է հասնելու. Էդմոն Մարուքյան
Կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
«Նշեցիք, որ ոչ ալկոհոլային խմիչքների վրա դրոշմապիտակներ փակցնելու փորձը դրական ընթացք է ունեցել, ՀԴՄ կտրոնները բոլոր խանութներում տպելու համար մենք ի՞նչ ենք անում, չէ՞ որ ի վերջո այս գործիքը մշակվել է այն պատճառով, որ մենք չենք կարողանում հասնել նրան, որ ՀԴՄ-ները տպվեն, դրա համար հակառակը՝ մի այլ ճանապարհով ենք գալիս, որ հարցը լուծենք: Պարզ է, դրական ազդեցություն կունենա, բայց սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար էս թվարկված ապրանքները թանկանալո՞ւ են, ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ ի՞նչ չափով են թանկանալու, և ի՞նչ մեխանիզմներ ունենք՝ զսպելու համար, որովհետև թանկանալու է՝ հաշվի առնելով մեր արդեն ունեցած նախորդ փորձը»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ եթե այս ճանապարհով են գնալու, հնարավոր է, որ բոլոր ապրանքների վրա սկսեն դրոշմապիտակներ փակցնել, այսինքն՝ մրգերի վրա էլ փակցնեն, ապա հետաքրքրվեց՝ մինչև ո՞ւր է սա հասնելու, սահմանը, վերջը որտե՞ղ է: Պատգամավորը նշեց, որ հարկային մարմիններում խնդիրներ են առաջանում՝ կապված ձեռք բերված դրոշմապիտակների հաշվանցման հետ, ուստի հետաքրքրվեց՝ մեխանիզմն ինչպիսի՞ն է, որ հնարավորինս վարչական ճնշում չլինի, որ մարդիկ կարողանան հեշտ ու հանգիստ այդ գումարները հետ ստանալ:
«Նշված է՝ կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ, կամ՝ մազերի խնամքի միջոցներ: Եթե սենց ընդունենք, մենք լուրջ պրոբլեմներ ենք ունենալու հետագայում, սուրճի հետ կապված (խնդիրը), որ սկսվեց ՊԵԿ-ի և «Գրանդ Քենդի» ընկերության միջև. դա լուրջ փորձ է մեզ համար: Ասենք՝ ինձ կոնկրետ քաղաքացի է զանգել, ասում է՝ ես ուզում եմ փոքր մկրատներ բերել, ներմուծել, արդյոք դա կոսմետիկ միջոցների մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ. այստեղ նշված չէ: Այսինքն՝ որոշակիության առումով հետո խնդիրներ ենք ունենալու. ինչքան որոշակի, այնքան լավ: Հաջորդը ժամկետների հետ կապված հարցն է. արդյոք հնարավոր չէ՞ այնպես անել, որ սա 2015թ. հունվարի մեկից ուժի մեջ մտնի, որովհետև ինչքան ուշ լինեն թանկացումներ, միգուցե հույս լինի տնտեսության լավացման»,- ասաց նա:
Միրումյանը նշեց, որ իրենց նպատակներից մեկն էլ նաև ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունն է, սակայն դա և այս հսկողությունը ոչ թե հակասող, այլ փոխլրացնող են. ՀԴՄ-ները հսկողություն են մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող գործարքների նկատմամբ, սա՝ մեծածախի:
«Ինչ վերաբերում է թանկացմանը, ես նշեցի, որ օրենսդրական որևէ հիմք չկա թանկացման հետ կապված. դրոշմապիտակի արժեքը հարկային պարտավորություններից պետությունը նվազեցնում է, ապա այս հավասար պայմաններում որևէ պատճառ չկա, որ նշված ապրանքատեսակների գինը թանկանա: Բոլոր ապրանքների վրա տարածելու հետ կապված՝ արդեն նշեցի, որ նախատեսում ենք փուլ առ փուլ իրականացնել, հետագայում ևս այս ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի, աստիճանաբար ընդգրկվեն բոլոր այն ապրանքատեսակները, որոնք փաթեթավորվում, տարայավորվում են, որտեղ կան իրական ռիսկեր իրացման ծավալների հայտարարագրման առումով»,- ասաց նա:
Հաշվանցման հետ կապված խնդրին անդրադառնալով՝ Միրումյանը նշեց, որ այստեղ ավելի հստակեցվում են այդ հարցերը, և բիզնեսը դրա հետ որևէ խնդիր չի ունենալու:
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: Մամուլ