Ուզում եք ժամանակավոր, ուզում եք՝ մշտական, ուզում եք ՄԱԿ-ի ԱԽ հրավիրեք. Է.Մարուքյանը դեմ չէ, որ իր հարցը քննվի

22/05/2014

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանը այսօր հայտարարեց, որ դեմ չէ, որպեսզի խորհրդարանական լսումներ լինեն, որոնք կուսումնասիրեն իր կողմից Ընտրատարածքային հանձաժողով ներկայացրած փաստաթղթերը:
«Ուզում եք՝ լսումներ հայտարարեք, ուզում եք Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք, ուզում եք՝ մշտական, ուզում եք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեք, ես պատրաստ եմ ցանկացած լսման, դատավարության»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում Էդմոն Մարուքյանը Վանաձորից ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով՝ հաղթելով այս ընտրատարածքից մինչ այդ ընտրված Վիկտոր Դալլաքյանին, ինչից հետո մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Մարուքյանը Հայաստանում բնակության վայրի կեղծ տեղեկանք է ներկայացրել, քանի որ նա այդ ընթացքում Հայաստանում չէր եղել: Եվ վերջին օրերին մամուլում այս թեման ոչ միայն կրկին թարմացել էր, այլև մի խումբ լրագրողների անունից հրապարակվել այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու պահանջ:
«Մի՛ նեղվեք, պրովոկացիաները բոլորիս են ուղեկցում»,- Էդմոն Մարուքյանին ջղերը խնայելու կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Աղբյուր՝ թերթ.am

Բաժին: Մամուլ