Կիսիլյովն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ Ազգային ժողով մտնի մեքենայով և կենտրոնական մուտքից

12/06/2014

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համամիտ է իր այն գործընկերների հետ, ովքեր այսօր անխնա քննադատեցին Կիսիլյովի երեկվա հայտարարություններն Ազգային ժողովի հայ-ռուսական բարեկամության ակումբում:

«Ես համաձայն եմ և միանշանակ կիսում եմ իմ գործընկերների կարծիքը, որ խորհրդարանում չպետք է թույլ տանք նման հայտարարություններով հանդես գան էական չի որ երկրի լրագրողները»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանն ու ավելացրեց, որ ինքը զարմացած է նաև, թե ինչու են ռուս մի լրագրողի այդչափ բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպել Հայաստանի խորհրդարանում. «Ես ուղղակի չեմ հասկանում, ի՞նչ է իրենից ներկայացնում Կիսիլյովը, որ նա Հայաստանի Ազգային ժողովի տարածք մտնի մեքենայով, բերեն դիմավորեն կենտրոնական մուտքից: Ես կարծում եմ` այլևս պետք է նման բան թույլ չտրվի` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ հայտարարություններ է արել նա: Մյուս կողմից պետք է խստորեն դատապարտվի ցանկացած էդ ձևի հայտարարություն, որն ուղղված է հայոց լեզվի կամ մեր ազգային շահերի դեմ»:

Հարցին, թե ում մեղավորությունն է եղել, որ նրան այդպիսի ընդունելության են արժանացրել ու հանդուրժել նրա հայտարարությունները, Մարուքյանն ասաց, որ առաջինը մերն է. «Այսինքն, եթե մենք թույլ ենք տալիս մեզ` որպես պետություն, որ մարդիկ գան էդ ձև իրենց պահեն, նրանք հա էլ կգան, վաղն էլ կարող է Չինաստանից գա մեկը, նման բաներ ասի»: Իսկ թե արդյոք այդ «մենք»-ի մեջ ինքն էլ է իրեն մտցնում` որպես այս հարցում մեղավոր, անկախ պատգամավորն այստեղ իրեն մեղավոր չհամարեց, այլ պետության մեղավորությունն ընդգծեց:

Իսկ մեր այն հարցին, թե հնարավո՞ր է մի օր էլ նույն Կիսիլյովը կամ մեկ այլ ռուս գործիչ ռուս կարճափեշ գեղեցկուհիների հետ գա ու ԱԺ-ի այդ ակումբում փարթի կազմակերպեն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը չի կարծում, որ այսօրվա եղած դատապարտումներից հետո նման բան կարող է լինել, բայց եթե թույլ տանք, չի բացառվում նաև դա:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Աղբյուր՝ hraparak.am

Բաժին: Մամուլ