Հօգուտ ՀԿ-ների փոփոխություններ կկատարվեն օրենքում. պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկն ընդունելի է համարվել

09/07/2014

Առաջիկայում խմբային հայցերով խմբի անունից հայց հարուցելու և խմբի անդամ համահայցվորների շահերը դատարանում ներկայացնելու իրավունք կվերապահվի նաև հասարակական կազմակերպություններին: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այդ առաջարկությունը ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի կողմից ընդունելի է համարվել: «Այսօր ստացել եմ ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի պատասխան գրությունը, համաձայն որի` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և հասարակության կյանքում՝ վերջիններիս կողմից համապատասխան ոլորտում անձնաց խախտված իրավունքների համար դատարան դիմելու կարգը սահմանելը կնպաստի ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, այդ թվում` դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացնի քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող՝ հասարակական կազմակերպությունների դերը»,- Իրավաբան.net-ին փոխանցեց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նման փոփոխություն կատարելու համար հիմք է ընդունվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետը, համաձայն որի՝ կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, առկա միջազգային փորձն ու ներպետական դատաական պրակտիկան:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net 

Բաժին: Մամուլ