Արմեն Մովսիսյանը կհանդիպի ցուցարարներին առանց լրագրողների ներկայության
Լարիսա Փարեմուզյան
Նրանք պահանջում էին հանդիպումնախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հավաքվածներին խնդրեց սպասել մինչև Արմեն Մովսիսյանի հետ հեռախոսով ճշտի հանդիպման ժամը:
Նախագահի խորհրդականը մարզպետին տեղեկացրել էր, որ հանդիպման կոնկրետ ժամ կարող է հայտնել մոտակա մեկ ժամվա ընթացքում:
«Արմեն Մովսիսյանը այսօր մեր գործարանի10-15 աշխատակիցների հետ կհանդիպի որևէ դահլիճում»,- հայտնեց աշխատողների ցույցերը համակարգող խորհրդի անդամ, «Վանաձոր-Քիմպրոմի» ամոնիակի սիթեզի արտդրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը: «Ինչու 15 աշխատողներ, բոլորս էլ կտեղավորվենք այդ դահլիճում»,- դժգոհեցին հավաքվածները:
Հրաչիկ Մարտիրոսյանի կարծիքով` աշխատողները հակաօրինական ոչ մի պահանջ չեն դնելու: «Պետք է նորմալ խոսանք, մեր պահանջները ներկայացնենք»,- ասաց նա:
«Հասկանում եք, խաղ ա անում մեր ներվերի հետ: Էս ինչ վիճակ ա: Տապ են կենում ամենքն իրենց հերթին, ինչի15 հոգի: Ով է տեսել մարդուն աշխատանքից ազատեն, նրա վերջնահաշվարկը չվճարեն: Խաբում ա, խաբում ա: Որ օրենսգրքում ա գրված, որ 10 ամսվա աշխատավարձը չտան: Թող գա մի հատ օրենսգիրքը բացի աչքս կոխի»,- զայրացած ասաց գործարանի աշխատողներից մի կին:
«Աշխատանքային օրենսգրքում գրված է, թող էդ կառավարության անդամները իմանան, որ աշխատավարձի մեկ օրվա ուշացման դիմաց 0,015 տոկոս է գալիս աշխատավարձի վրա: Մեզ համար ոչ մի տոկոս չի գործում, ոչ մի հաշվարկ չի արվում: Մեզ դեռ 2011 թ.-ի աշխատավարձ չեն տվել: Ընդհանուր հրամանով մեզ բոլորիս ռաշչոտ են տվել»,- ասաց գազի արտադրամասի աշխատակցուհի Հասմիկ Մացակյանը:
Հրաչիկ Մարտիրոսյանը հավաքվածների հայտարարեց. «Քանի որ մեր պահանջը կառավարության դեմ չէ, խնդրում եմ մարզպետարանի մուտքը ազատել: Գնանք էն ծառի շվաքում կանգնենք սպասենք»:
«Իմ բողոքը հենց կառավարության դեմ ա»,- հակադարձեց Հասմիկ Մացակյանը: «Բարձր ամբիոններից մեծագորգոռ ճառեր են ասում»,- գոռում էր հավաքվածներից մի տղամարդ:
«Մարզպետն ասում է՝ սեփականատիրոջը չգիտենք ով ա: Սնիգիրյովն ասում է` չգիտենք սեփականատերը ով ա: Վախում ա սեփականատերը մեզնից, եթե վախկոտ ա, ոնց է էդ հսկայական գործարանի սեփականատեր դարձել: Էդքան համարձակություն չունի դուրս գա մարդկանց առաջ կանգնի»,- ասում է Հասմիկ Մացակյանը:
«Մթամ գործարան ա մնացել: Ամբողջ կյանքում էդ գործարանում աշխատել եմ, թևիցս բռնել են դուրս են գցել, որպես ինչ են դուրս գցել: Բաց անեն իմ տրուդավոյն էլ կարդան, իրենցն էլ կարդան,12 ամսվա աշխատավարձ ունեմ ստանալու, ուր ա: Պատվով, հարգանքով աշխատող եմ եղել,12 տարի նկարս պատվո տախտակին է եղել: Էնա մեզ կերել են»,- զայրացած ասում է բանվոր Գառնիկ Թաթոյանը:
«Եթե ինքը մեկ ամիս աշխատավարձ չստանա, այս սենց կտրաքի փուչիկի նման: Ինչ մեղք ունենք մենք»,- ասում էր փոքրաքմարմին մի բանվոր:
Ցուցարարներին այցելել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հուսահատ բանվորները շրջապատեցին պատգամավորին: Վերջինս հավաքվածներին խորհուրդ տվեց աշխատավարձի պահանջով դիմել դատարան: «Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ աշխատավարձի հարցը բարձրացրել եմ: Պատասխանել են. «Թող դիմեն օրենքով սահմանված կարգով», իսկ օրենքով սահմանված կարգը դատարան դիմելն է»,- բացատրեց պատգամավորը:
Աշխատողները հայտնեցին, որ գործարանի շուրջ 60 աշխատողներ աշխատավարձի վճարման դատարանի վճիռներ ունեն, որը Վանաձորի ԴԱՀԿ-ն հրաժարվում է կյանքի կոչել: Էդմոն Մարուքյանը խնդրեց աշխատողներին այդ վճիռները տրամադրել իրեն:
«Հնարավոր չէ՞ հանդիպենք վարչապետի հետ»,- պատգամավորին հարցրին բանվորները: Պատգամավորն ասաց, որ այսօր ժամը 2-ին հանդիպելու է վարչապետին և այդ մասին կհաղորդի նրան: Պատասխանելով «Հետքի» հարցին` Էդմոն Մարուքյանը չբացառեց առջիկայում «Քիմպրոմի» սնանկ ճանաչվելը: «Խնդիրը ոչ այնքան աշխատավարձն է, խնդիրը առավել ևս «Քիմպրոմի» ճակատագիրն է»,- բացատրեց Էդմոն Մարուքյանը:
Իսկ մինչ այդ, մեկ ժամը լրանալուց հետո մարզպետարանից ցուցարարներին հայտնցին, որ Արմեն Մովսիսյանի հանդիպումը ցուցարաների հետ տեղի կունենա այսօր` ժամը 16:00-ին, «Քիմպրոմում»: Ըստ մարզպետի հետ նախնական պայմանավորվածության` նախագահի խորհրդականը ցանկություն է հայտնել հանդիպել ընդամենը15 աշխատողների հետ: Հրաչիկ Մարտիրոսյանը հավաքվածներին և լրագրողներին տեղեկացրեց, որ պարոն Ա.Մովսիսյանը աննպատակահարմար է համարել հանդիպմանը լրագրողների ներկայությունը:
Աղբյուր՝ hetq.am
Բաժին: Մամուլ